Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՓՐԻՆԹԻՆՖՈ» ՀՁ ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՓՐԻՆԹԻՆՖՈ» ՀՁ ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1317 մայիսի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-13)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 մայիսի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 13 | «ՓՐԻՆԹԻՆՖՈ» ՀՁ ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

17 մայիսի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Մ. Թոփուզյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով «Փրինթինֆո» ՀՁ ՍՊԸ-ի դիմումով գործը

քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Փրինթինֆո» ՀՁ ՍՊԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան

խնդրելով «ՀՀ մաքսային օրենսգրքի 212-րդ հոդվածի առաջին մասը և 224-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 3, 31, 42 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»։

1. Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթների և ՀՀ Սահմանադրության 1-ին, 3- րդ, 31-րդ և 42-րդ հոդվածների միջև հակասությունը դրսևորվում է նրանում, որ վիճարկվող դրույթները, նախատեսելով պարտավորությունների կատարման մեխանիզմ, միաժամանակ զրկում են սեփականատիրոջն իր սեփականությունից օգտվելու իրավունքից, որը կատարվում է առանց դատական ակտի և տվյալ դեպքում բացակայում է իրավաչափ նպատակը։

Դիմողը գտնում է նաև, որ վիճարկվող դրույթները հնարավորություն են տալիս, երրորդ անձի սխալ գործողությունների արդյունքում, զրկել իրական սեփականատիրոջն իր սեփականության տնօրինման իրավունքից։

Ըստ դիմողի վիճարկվող նորմերի կիրառման արդյունքում տեղի չի ունենում իրավաբանորեն սեփականության իրավունքի դադարում, սակայն անձը փաստացի զրկվում է սեփականության իրավունքի մաս կազմող իրավազորություններն անարգել իրականացնելու հնարավորությունից։

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ա/ վիճարկելով վերոհիշյալ նորմերի սահմանադրականությունը դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրանց հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։

Բացի դրանից, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է.

բ/ դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն քողարկել վերոհիշյալ նորմերի հակասահմանադրականության վիճարկմամբ։ Այսինքն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Փրինթինֆո» ՀՁ ՍՊԸ-ի դիմումով գործի քննության ընդունումը մերժել։ Նախագահող

Անդամներ

17 մայիսի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/1-13

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 մայիսի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-13
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել