Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4728 օգոստոսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-47)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 28 օգոստոսի 2019թ. ՍԴԴԿՈ - 47 | «ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 28 օգոստոսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ն 2019 թվականի օգոստոսի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ՀՕ-239 օրենքի 931-րդ հոդվածի 1-ին մասը, «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՕ-100 ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 3-րդ հոդվածի 1-ին մասը, 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ մասերը, 8-րդ մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ, 60-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՕ-100 ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասի «վերջնական հասցեատերն է» դրույթը ճանաչել Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Արձանագրելով այն հանգամանքները, որ ա) ուղարկող բանկի տված վճարման հանձնարարագրի հիման վրա ստացող բանկը նույն բանկում բացված դիմողի հաշվեհամարին է մուտքագրել ուղարկող բանկի ուղարկած դրամական միջոցները «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկը մարելու նպատակով, բ) հետագայում ուղարկող բանկը չեղարկել է հանձնարարագիրը, որի արդյունքում առանց դիմողի գիտության ստացող բանկը դիմողի հաշվեհամարին մուտքագրված վերոգրյալ գումարը ելքագրել է փաստացիորեն ուղարկող բանկին վերադարձնելով «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի պարտավորությունների մարմանն ուղղված միջոցները, դիմողը գտնում է, որ բանկային հաշվեհամարին մուտք եղած դրամական միջոցների նկատմամբ առաջանում է հաշվի տիրոջ սեփականության իրավունքը, այսինքն միջոցները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները բացառապես պատկանում են հաշվեհամարի տիրոջը (շահառուին), բանկը կամ այլ սուբյեկտ չի կարող ինքնակամ տիրապետել, օգտագործել կամ տնօրինել այդ միջոցները: Այդ միջոցները բանկի կամ այլ անձի կողմից կարող են տնօրինվել կամ անձը այդ միջոցներից կարող է զրկվել բացառապես դատարանի դատավճռի հիման վրա»: Մինչդեռ, ըստ դիմողի վիճարկվող նորմերին (բացառությամբ «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասի «վերջնական հասցեատերն է» դրույթի) ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության արդյունքում ինքը զրկվել է իր հաշվեհամարին մուտքագրված, հետևաբար սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներից: Ինչ վերաբերում է «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասի «վերջնական հասցեատերն է» դրույթին, ապա դիմողը գտնում է, որ այն չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, քանի որ պարզ չէ, թե վերջնական հասցեատերը վճարման հանձնարարականում նշված շահառուն է, թե՞ վճարման հանձնարարականի «Նպատակները» բաժնում նշված սուբյեկտը, որը կարող է տարբերվել վճարման հանձնարարականում նշված շահառուից: Դիմողն արձանագրում է, որ տվյալ դեպքում վճարման հանձնարարականի «Նպատակները» բաժնում նշված սուբյեկտը «Արիան Մոթորս» ՍՊԸ-ն է:

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ.

1. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

2. Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածում ամրագրված իրավունքի ենթադրյալ խախտման առնչությամբ դիմողի փաստարկները հիմնավոր չեն, քանի որ դրանք հերքվում են ՀՀ վճռաբեկ դատարանի դիմողի գործով կայացրած որոշման մեջ ամրագրված իրավական դիրքորոշումներով: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից բխում է, որ.

ա վճարման հանձնարարականը չեղյալ համարելը չէր կարող ազդել Ընկերության գույքի ծավալի վրա, քանի որ փաստորեն վերադարձվել են «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի պարտավորությունների մարմանն ուղղված միջոցները,

բ) «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկի մարմանն ուղղված գործողությունները դիմողը երբևէ չի վիճարկել,

գ) ըստ էության չեղարկվել է «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկի մարմանն ուղղված փոխանցումը «Դիդաս Կո» կազմակերպության կողմից փոխանցված գումարի չափով, որն այլևս Ընկերությանը չէր պատկանում։ Վերոգրյալից բխում է, որ տվյալ դեպքում դիմողի հաշվեհամարին մուտքագրված գումարը չէր կարող ազատորեն տնօրինվել դիմողի կողմից, քանի որ այն պետք է ուղղվեր «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի պարտավորությունների մարմանը, և իրականում այն ուղղվել է այդ պարտավորությունների մարմանը, իսկ «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկի մարմանն ուղղված գործողությունները դիմողը երբևէ չի վիճարկել: Նման պայմաններում հիմնազուրկ է դառնում սեփականության իրավունքի խախտման վերաբերյալ դիմողի փաստարկները: Նույնը վերաբերում է նաև «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասի «վերջնական հասցեատերն է» դրույթի Սահմանադրության 79-րդ հոդվածին ենթադրյալ հակասության վերաբերյալ դիմողի փաստարկներին, քանի որ դրանք ներկայացվում են վերը նշված սեփականության իրավունքի համատեքստում:

3. Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, որ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմերին տրված մեկնաբանության արդյունքում իրավաչափ է համարվել իր հաշվեհամարին մուտքագրված և իր սեփականությունը համարվող դրամական միջոցներն առանց իր գիտության ստացող բանկի կողմից ելքագրվելը, ապա այն կարող է դառնալ վերացական սահմանադրական վերահսկողության առարկա, քանի որ ի տարբերություն վերացական սահմանադրական վերահսկողության անհատական դիմումի հիման վրա կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմողը տվյալ դեպքում պարտավոր է հիմնավորել իրավական նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը: Մինչդեռ, տվյալ դեպքում, ինչպես նշվեց, բացակայում է դիմողի սեփականության իրավունքի խախտման փաստը: Ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում հետապնդում է այլ նպատակ, այն է ազատորեն տնօրինել իր հաշվեհամարին մուտքագրված, սակայն, «Արիան Մոթորս» ՍՊԸ-ի վարկի մարմանն ուղղված դրամական միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

ԴԻԴԱՍ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

28 օգոստոսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-47

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 օգոստոսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-47
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել