ԱՇՈՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 հուլիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 40 | ԱՇՈՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 հուլիսի 2022թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Աշոտ Մարգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Աշոտ Մարգարյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հուլիսի 19-ին), խնդրել է հետևյալը. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 2-րդ մասն ամբողջությամբ կամ այնքանով, որքանով չի նախատեսում բացառություն հայցային վաղեմության կիրառման հիմքով կայացված վճռի բեկանումից հետո նոր քննության ընթացքում հայցի հիմքերի և առարկայի փոփոխության համար, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
2. Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 413-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումներն անհարկի սահմանափակում են հայցվորի դատավարական իրավունքներն այնքանով, որքանով չեն նախատեսում բացառություն հայցային վաղեմության կիրառման հետևանքով կայացված վճռի բեկանումից հետո գործի նոր քննության համար, ինչը սույն գործի պարագայում իմաստազրկում է առհասարակ հայցի առարկայի փոփոխության դատավարական ինստիտուտը ու դրա համար հստակ ժամկետի սահմանումը, և փաստացի ստացվում է, որ առաջին ատյանի դատարանում հենց դատարանի կողմից սխալ թույլ տրվելու պատճառով հայցվորը զրկվում է իր դատավարական իրավունքներն իրացնելու և իր լրացուցիչ պահանջը դատարանի կողմից քննվելու հնարավորությունից, որն ուղղակիորեն հակասում է Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության և արդար դատաքննության դատարանի մատչելիության իրավունքներին։ Ըստ դիմողի Օրենսգրքի 413-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանափակման իմաստն այն է, որ եթե գործի առաջին քննության ընթացքում մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման կայացումը հայցվորը չի օգտվել օրենքով սահմանված հնարավորությունից և չի կատարել հայցի առարկայի փոփոխություն, ապա դրանից հետո գործի նոր քննության ընթացքում ևս հայցվորը չի կարող օգտվել հայցի առարկայի փոփոխություն կատարելու հնարավորությունից, քանի որ քննվում է նույն գործը, և հայցվորն արդեն իսկ իր անգործությամբ զրկվել է իր դատավարական իրավունքից։ Այլ է իրավիճակը, երբ գործի առաջին քննությունն ըստ էության չի կայացել, և հայցվորը հնարավորություն չի ունեցել օգտվելու իր դատավարական իրավունքից, ուստի հետագայում գործի բեկանման արդյունքում չի կարող զրկվել իր այդ իրավունքից։ Հետևաբար` վիճարկվող դրույթով պետք է սահմանված լինի բացառություն այն դեպքերի համար, երբ առաջին ատյանի դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում հայցային վաղեմություն կիրառելու հիմքով և չի անդրադառնում դատավարական այլ հարցերի, չի իրականացնում դատավարական այլ գործողություններ, որոնք պարտադիր են գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու համար, այդ թվում չի կայացնում ապացուցման բեռի բաշխման մասին որոշում։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Համանման կարգավորում է նախատեսում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը։ Միաժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերը սահմանում են, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ միայն ներքոգրյալ հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան.
1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Հիշատակված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ (նշված դիրքորոշումն արտացոլված է նաև Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 1-ի ՍԴԱՈ-64 աշխատակարգային որոշման մեջ)։
4. Տվյալ դեպքում Աշոտ Մարգարյանը, դիմելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի, պահանջել է ծառայությունների մատուցման պայմանագիրը համարել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր (թիվ ԵԴ/36304/02/19 քաղաքացիական գործ)։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի մարտի 17-ի վճռով հայցը մերժվել է հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության հիմքով։ Վերը նշված վճռի դեմ Աշոտ Մարգարյանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ բավարարվել է ամբողջությամբ բեկանելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2020 թվականի մարտի 17-ի վճիռը և գործն ուղարկելով նույն դատարան ամբողջ ծավալով նոր քննություն իրականացնելու համար (հիմք «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգ): Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ Վճռաբեկ դատարան) 2020 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի հուլիսի 16-ի որոշման դեմ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է (հիմք «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգ): Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ։ Նշված գործի նոր քննության շրջանակում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի մայիսի 11-ի արձանագրային որոշմամբ մերժել Է Աշոտ Մարգարյանի կողմից ներկայացված հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը։ Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դեռևս շարունակվում է գործի քննությունը, որպիսի պայմաններում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2022 թվականի մայիսի 11-ի արձանագրային որոշումը չի կարող համարվել վերջնական դատական ակտ, ուստի տվյալ դեպքում առկա չէ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, և դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ թեև վերը նշված արձանագրային որոշումը ենթակա չէ անմիջական բողոքարկման, այդուհանդերձ, դրա կապակցությամբ անձի վերադաս դատական ատյաններում դատական պաշտպանության իրավունքը կարող է իրացվել հետաձգված բողոքարկման միջոցով դատարանի կողմից կայացվող եզրափակիչ դատական ակտի բողոքարկման շրջանակում։ Սահմանադրական դատարանի դատական կազմն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու` անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Այս համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում սահմանադրական արդարադատություն հայցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ վերջիններս մինչև Սահմանադրական դատարան դիմելն օրենսդրական պարտականություն են կրում պահպանելու այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, քանի որ առկա չէ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, և դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Աշոտ Մարգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
28 հուլիսի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-40
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-40
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
