ՏԱՐԻԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ԼՅՈՎԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ, ՖՐՈՒՆԶԵ ՁՎԱԿԵՐՅԱՆԻ ԵՎ ՄԻՇԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 29 | ՏԱՐԻԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ, ԼՅՈՎԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ, ՖՐՈՒՆԶԵ ՁՎԱԿԵՐՅԱՆԻ ԵՎ ՄԻՇԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
30 հոկտեմբերի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Վ. Հովհաննիսյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Տարիել Մանուկյանի, Լյովա Գաբրիելյանի, Ֆրունզե Ձվակերյանի և Միշա Ասատրյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Տարիել Մանուկյանը, Լյովա Գաբրիելյանը, Ֆրունզե Ձվակերյանը և Միշա Ասատրյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 94, 97 և 14.1, 3, 83.5-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ «Դատական» օրենսգրքի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ 22.02.2007թ. ՀՕ-137-Ն օրենքի (««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 16-ի ՀՕ-72-Ն օրենքի խմբագրմամբ) 2.1-րդ հոդվածի դրույթներն, այնքանով որքանով դատավորի պաշտոնային դրույքաչափի ու դրան տրվող հավելավճարների փոփոխության դեպքում, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանների դատավորների պաշտոնից կենսաթոշակի անցած անձանց համար կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք չի նախատեսում», և գտնում են, որ վերոհիշյալ 2.1-րդ հոդվածի դրույթները բացասական իրավական հետևանքների առիթ են հանդիսացել։
Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից դատական կազմը գտնում է.
ա) դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ վիճարկվող դրույթի առնչությամբ դիմողները դրա հակասահմանադրականությունը փորձում են հիմնավորել մատնանշելով, որ առկա է «օրենսդրական բացով պայմանավորված իրավական անորոշություն»։ Դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում
(ՍԴՈ-630, ՍԴՈ-652, ՍԴՈ-705, ՍԴՈ-720, ՍԴՈ-723, ՍԴՈ-731, ՍԴՈ-753, ՍԴՈ-833)
արտահայտել է իրավական անորոշության վերաբերյալ իրավական դիրքորոշումներ։ Դիմողների կողմից վկայակոչված օրենսդրական բացի կապակցությամբ դատական կազմն անհրաժեշտ է համարում նշել, որ այն որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշմամբ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է, ինչը և օրենսդիր մարմինը կատարել է ««ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2010թ. հոկտեմբերի 5-ի ՀՕ-141-Ն օրենքի ընդունմամբ։
Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով վերոհիշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։
Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-864 և ՍԴՈ-914 որոշումներում ամրագրված վերը հիշատակված դիրքորոշումները տվյալ դեպքում վիճարկվող դրույթում առկա չէ իրավական բաց։ Հետևաբար, դիմողների փաստարկներն անհիմն են և դիմումը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի հիմքով.
բ) խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում են դրանց կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վերոհիշյալ նորմերի հակասահմանադրականության վիճարկմամբ, ուստի դատական կազմը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն տվյալ դիմումը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմում։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացիներ Տարիել Մանուկյանի, Լյովա Գաբրիելյանի, Ֆրունզե Ձվակերյանի և Միշա Ասատրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։ Նախագահող
Անդամներ
30 հոկտեմբերի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/1-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հոկտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
