Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-16126 դեկտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-161)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 161 | «ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Դավիթ Տոնոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի նոյեմբերի 27-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դավիթ Տոնոյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«Սահմանադրության 63-րդ հոդվածով հռչակված արդար դատաքննության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը՝ այնքանով, որքանով 2022թ. հուլիսի 1-ից հետո քրեական գործն ըստ ընդդատության ստացած և վարույթ ընդունած դատարանին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը թույլ չի տալիս քրեական գործը քննել ու լուծել 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, որի բերումով քրեական գործն ըստ ընդդատության ստացած և վարույթ ընդունած դատարանը, կաշկանդված լինելով քրեական գործն ըստ ընդդատության փոխանցած դատարանի կողմից կայացված՝ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ, ըստ ընդդատության ստացած և վարույթ ընդունած քրեական գործը քննում է 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հնարավորություն ունենալով մեղադրյալին ազատությունից զրկելու շարունակականությունը հիմնավորել 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումներով, հաշվի չառնելով այն, որ, ի տարբերություն 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չեն այն հիմնավորումները կիրառելու հնարավորությունները, որոնք դատարանը 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի կիրառմամբ դնում է մեղադրյալին ազատությունից զրկելու շարունակականության իրավաչափության մասին հետևության հիմքում»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0003/01/22 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ եթե ՀՀ հակակոռուպցիոն դատարանը և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն իր նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին միջնորդությունը քննելիս և վերանայելիս հիմք ընդունեին ոչ թե 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած, այլ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները, ապա կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին միջնորդությունը չէր կարող մերժվել, կամ այդպիսի մերժումը չէր կարող իրավաչափ համարվել այն պատճառաբանությամբ, որ հնարավոր է դատարանի նախաձեռնությամբ հետազոտվեն լրացուցիչ ապացույցներ, այն է՝ կանչվեն ու հարցաքննվեն վկաները և փորձաքննությունն իրականացրած փորձագետը, որոնց վրա Դիմողը, լինելով ազատության մեջ, կարող է ապօրինի ազդեցություն գործադրել:

Դիմողը գտնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը «պարտադրել է» քրեական գործն ըստ ընդդատության ստացած և վարույթ ընդունած ՀՀ հակակոռուպցիոն դատարանին «կաշկանդվել» նախորդ՝ արդեն ոչ իրավասու դատարանի կողմից կայացված՝ գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ՝ թույլ չտալով թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործը քննել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:

Ըստ Դիմողի՝ վերոգրյալի հետևանքով իր նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննել և լուծել է 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների հիման վրա, որի արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն դատարանը իր նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին միջնորդությունը մերժել է նույն օրենսգրքի 331-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ այն պատճառաբանությամբ, որ հնարավոր է դատարանն իր նախաձեռնությամբ հրավիրի և հարցաքննի վկաներին ու փորձաքննությունն իրականացրած փորձագետին:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասն այնքանով, որքանով 2022 թվականի հուլիսի 1-ից հետո քրեական գործն ըստ ընդդատության ստացած և վարույթ ընդունած դատարանին թույլ չի տալիս քրեական գործը քննել և լուծել 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության հիմնարար իրավունքի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը նշում է, որ տվյալ պարագայում քրեական գործն ըստ ընդդատության ստացած և վարույթ ընդունած ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, կաշկանդված լինելով քրեական գործն ըստ ընդդատության փոխանցած դատարանի կողմից կայացված՝ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ, գործը քննում է 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումներով՝ հաշվի չառնելով այն, որ ի տարբերություն տվյալ օրենսգրքի՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չեն այն հիմնավորումները կիրառելու հնարավորությունները, որոնք դատարանը 1999 թվականի հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կիրառմամբ կարող է դնել մեղադրյալին ազատությունից զրկելու շարունակականության իրավաչափության մասին հետևության հիմքում:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով բարձրացրել է 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության ՀՕ-306-Ն օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականության հարցը, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.

Այսպես՝ Օրենսգրքի 58-րդ գլխի՝ «Անցումային դրույթներ» վերտառությամբ 483-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ այն քրեական գործերը, որոնցով մինչև Օրենսգրքի ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

Վերոնշյալ իրավակարգավորումից բխում է, որ այն բոլոր դեպքերում, երբ գործը դատական քննության նշանակելու մասին որոշումը կայացվել է մինչև Օրենսգրքի ուժի մեջ մտնելը, տվյալ գործը ենթակա է քննման և լուծման 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված, 1999 թվականի հունվարի 12-ից ուժի մեջ մտած և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած (բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Այս համատեքստում հարկ է փաստել, որ դիմումին կից ներկայացված դատական ակտերի, այդ թվում՝ թիվ ՀԿԴ/0003/01/22 գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացված՝ «Ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2022 թվականի հունվարի 10-ին թիվ 58234221 քրեական գործն ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, գործին շնորհվել է ԵԴ/0066/01/22 համարը, 2022 թվականի հունվարի 11-ին այն վարույթ է ընդունվել, իսկ 2022 թվականի հունվարի 26-ին որոշում է կայացվել տվյալ քրեական գործը դատական քննության նշանակելու մասին:

2022 թվականի օգոստոսի 22-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացվել է որոշում՝ թիվ ԵԴ/0066/01/22 քրեական գործն ըստ ընդդատության՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին, որի արդյունքում՝ խնդրո առարկա գործը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ստացվելուց հետո դրան շնորհվել է ՀԿԴ/0003/01/22 համարը, իսկ 2022 թվականի օգոստոսի 29-ին այն ընդունվել է վարույթ:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացված որոշմամբ արձանագրվել է, որ «2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

Նկատի ունենալով, որ սույն գործով դատական քննություն նշանակելու մասին որոշումը կայացվել է 2022 թվականի հունվարի 26-ին, ուստի կիրառման ենթակա են 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կիրառելի դրույթները»:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը ընդգծում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում Օրենսգրքի վիճարկվող՝ 483-րդ հոդվածի 7-րդ մասի հակասահմանադրականությունը փորձել է հիմնավորել այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող դրույթը խոչընդոտել է խնդրո առարկա գործն Օրենսգրքով սահմանված կարգով քննելուն և լուծելուն, մինչդեռ, գործն Օրենսգրքով սահմանված կարգով քննելու պարագայում, ինչպես վկայակոչել է Դիմողը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանը «(...) միջնորդությունը մերժելը չէր կարող պատճառաբանել դատարանի կողմից վկաներ կամ փորձաքննությունն իրականացրած փորձագետին կանչելու և հարցաքննելու ողջամիտ հավանականությամբ՝ այնքանով, որքանով 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ի տարբերություն 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, դատարանին չի լիազորում սեփական նախաձեռնությամբ հրավիրել ու հարցաքննել վկային կամ փորձագետին»:

Մինչդեռ, քննարկվող համատեքստում կարևոր է շեշտել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացված որոշմամբ, որով մերժվել է թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործով ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի պաշտպանների կողմից ներկայացված՝ Դավիթ Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցով փոխարինելու մասին միջնորդությունը, արձանագրվել է հետևյալը.

«Դեռևս չեն հարցաքննվել հինգ ամբաստանյալներ, որոնցից առնվազն երկուսը՝ (...), ովքեր գտնվում են անազատության մեջ, հայտնել են ցուցմունք տալու ցանկության մասին:

Այս համատեքստում հարցին, թե ինչպես կարող է Դավիթ Տոնոյանը ազդել չհարցաքննված չորս ամբաստանյալների վրա, եթե նրանցից երեքը կալանքի տակ են, երկուսը սույն գործով, մեկը՝ այլ և ազատության մեջ է միայն (...), ապա Դատարանն արձանագրում է, որ եթե պաշտպանության կողմի միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ամբողջությամբ ընդունվեն, ապա նույն հիմքով կալանքի տակ գտնվող ամբաստանյալներ (...) նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, ևս պետք է փոխվի, նկատի ունենալով, որ այլ վերաբերելի հանգամանքները գրեթե նույնական են, որպիսի պայմաններում ազատության մեջ գտնվելով Դավիթ Տոնոյանը կարող է ապօրինի ազդեցություն ունենալ ազատության մեջ գտնվող ամբաստանյալների վրա:

(...)

Դատաքննության ընթացքում հետազոտվել է փորձագետի եզրակացություն և հետազոտման ընթացքում բարձրացված հարցերն առնվազն պահանջում են կազմված եզրակացության պարզաբանում, ինչից հետևում է, որ այդ պարզաբանման հասցեատերը փորձաքննությունն իրականացրած փորձագետն է:

Նշվածից չի հետևում, որ Դատարանն արդեն իսկ վերջնականապես գնահատել է նշված ապացույցը, սակայն, Դատարանը չի կարող հաշվի չառնել դատաքննության ընթացքում հիշյալ ապացույցը հետազոտելիս դրա հետ կապված բարձրացված հարցերը, ինչն իր հերթին կարող է կանխատեսելի դարձնել, որ մեղադրանքի կամ պաշտպանության կողմը պետք է միջնորդեն հարցաքննել փորձագետին, իսկ նման միջնորդություն չլինելու դեպքում՝ Դատարանը սեփական նախաձեռնությամբ կարող է և պետք է իրականացնի փորձագետի հարցաքննությունը:

Նույն կերպ Դատարանն արձանագրում է, որ հարցաքննված անձանց ցուցմունքներից հետևում է, որ միջնորդություն պետք է լինի որպես վկա հարցաքննել այլ անձանց (այս պահին Դատարանի գնահատմամբ երկու հոգի, եթե ոչ ավելի), իսկ նման միջնորդություն չլինելու դեպքում՝ Դատարանը սեփական նախաձեռնությամբ է միջոցներ ձեռնարկելու իրականացնել այդ անձանց հարցաքննությունը»:

Այսպիսով, ակնհայտ է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը վերոնշյալ որոշմամբ համապատասխան միջնորդության մերժումը, ի հակադրություն Դիմողի կողմից ներկայացված պնդումների, ամենևին չի պատճառաբանել «(...) դատարանի կողմից վկաներ կամ փորձաքննությունն իրականացրած փորձագետին կանչելու և հարցաքննելու ողջամիտ հավանականությամբ», այլ նման եզրահանգման է եկել, ի թիվս այլնի, առնվազն երկու ամբաստանյալների կողմից ցուցմունք տալու ցանկություն հայտնած լինելու, ազատության մեջ գտնվելու պարագայում համապատասխան ամբաստանյալների վրա Դավիթ Տոնոյանի կողմից ապօրինի ազդեցություն ունենալու հավանականության, մեղադրանքի կամ պաշտպանության կողմի կողմից փորձագետին հարցաքննելու միջնորդություն ներկայացնելու հավանականության, ինչպես նաև այլ անձանց (տվյալ պահին դատարանի գնահատմամբ երկու հոգի, եթե ոչ ավելի) որպես վկա հարցաքննելու միջնորդություն ներկայացնելու հավանականության, իսկ նման միջնորդություններ չլինելու պարագայում միայն՝ դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ այդ կապակցությամբ միջոցներ ձեռնարկելու հանգամանքների հաշվառմամբ:

Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված պնդմանն առ այն, որ «(...) 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, ի տարբերություն 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, դատարանին չի լիազորում սեփական նախաձեռնությամբ հրավիրել ու հարցաքննել վկային կամ փորձագետին», ապա այդ կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.

Օրենսգրքի՝ «Հարցաքննության ընդհանուր պայմանները» վերտառությամբ 217-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարցաքննությունը վկային, տուժողին, փորձագետին, մեղադրյալին կամ ձերբակալվածին հարցեր տալու միջոցով վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելն է:

Օրենսգրքի՝ «Հարցաքննության ընդհանուր կարգը» վերտառությամբ 326-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարցաքննության կանչված անձին առաջինը հարցեր է տալիս այն կողմը, որի միջնորդությամբ հրավիրվել է անձը (ուղիղ հարցաքննություն): Ուղիղ հարցաքննությունից հետո անձին կարող է հարցեր տալ հակառակ կողմը (խաչաձև հարցաքննություն): Նախագահողն իրավունք ունի անձին հարցեր տալու ուղիղ և խաչաձև հարցաքննություններն ավարտվելուց հետո: Դատարանի նախաձեռնությամբ կանչված անձին առաջինը հարցեր է տալիս նախագահողը, ապա մեղադրանքի և պաշտպանության կողմերը:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ներկայացված բոլոր ապացույցները հետազոտելուց հետո դատարանում ցուցմունք տված անձը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է կրկին հարցաքննվել:

Օրենսգրքի՝ «Հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելը» վերտառությամբ 334-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու միջնորդություն չի հարուցվում, կամ այն որոշմամբ մերժվում է, դատարանն իրավասու է իր նախաձեռնությամբ քննարկման առարկա դարձնելու հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու հարցը: Դատարանը միջոցներ է ձեռնարկում հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու համար, եթե գտնում է, որ դա չանելը կասկածի տակ կդնի վարույթի արդարացիությունը:

Այսինքն՝ օրենսդիրն Օրենսգրքով հստակ նախատեսել է դատարանի՝ սեփական նախաձեռնությամբ վկային և (կամ) փորձագետին հարցաքննության կանչելու, անհրաժեշտության դեպքում՝ նրանց կրկին հարցաքննելու իրավասությունը, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ հետազոտման ենթակա ապացույցների ծավալը լրացնելու համար միջոցներ ձեռնարկելու իրավասությունն այն բոլոր դեպքերում, երբ գտնում է, որ դա չանելը կասկածի տակ կդնի վարույթի արդարացիությունը:

Հետևաբար՝ Դիմողի կողմից այս կապակցությամբ ներկայացված պնդումները ևս անհիմն են:

Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվել Օրենսգրքի վիճարկվող՝ 483-րդ հոդվածի 7-րդ մասի՝ իր՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը, ինչպես նաև նման խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը: Մասնավորապես՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդման պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Այսպիսով, սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա:

3.2. Դիմողի կողմից բարձրացված հարցերի կապակցությամբ հարկ է արձանագրել նաև հետևյալը.

Ինչպես արդեն վերը վկայակոչվել է, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) եթե ՀՀ հակակոռուպցիոն դատարանը և ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին միջնորդությունը քննելիս ու վերանայելիս հիմք ընդունեին ոչ թե 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած, այլ 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի իրավակարգավորումները, ապա կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին միջնորդությունը չէր կարող մերժվել կամ այդպիսի մերժումը չէր կարող իրավաչափ համարվել այն պատճառաբանությամբ, որ, հնարավոր է, դատարանի նախաձեռնությամբ հետազոտվեն լրացուցիչ ապացույցներ, այն է՝ կանչվեն ու հարցաքննվեն վկաներ ու փորձաքննությունն իրականացրած փորձագետը, որոնց վրա ամբաստանյալ Դավիթ Տոնոյանը կարող է գործադրել ապօրինի ազդեցություն՝ լինելով ազատության մեջ»:

Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «(...) 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը «պարտադրել է» ըստ ընդդատության քրեական գործը ստացած և վարույթ ընդունած դատարանին՝ «կաշկանդվել» նախորդ, արդեն ոչ իրավասու դատարանի կողմից կայացված՝ գործը դատական քննություն նշանակելու մասին որոշմամբ, ինչն ըստ ընդդատության քրեական գործը ստացած և վարույթ ընդունած, այսինքն՝ իրավասու դատարանին՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանին, թույլ չի տվել թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործը քննել 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, որի հետևանքով ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանը քննել ու լուծել է ոչ թե 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած, այլ 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումների հիման վրա, ինչն, իր հերթին, թույլ է տվել, որպեսզի ՀՀ հակակոռուպցիոն դատարանը ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին միջնորդությունը մերժի 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 331-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով վկայակոչված այն պատճառաբանության հիմքով, որ, հնարավոր է՝ դատարանն իր նախաձեռնությամբ հրավիրի և հարցաքննի վկաների ու փորձաքննությունն իրականացրած փորձագետին»:

Միաժամանակ Դիմողը ներկայացրել է պնդում առ այն, որ «(...) թեև թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի՝ 2023թ. նոյեմբերի 14-ի որոշման մեջ ՀՀ քրեական դատավարության 483-րդ հոդվածի 7-րդ մասն անմիջականորեն չի վկայակոչվել ու մեկնաբանվել, այնուամենայնիվ, այն փաստը, որ 2023թ. նոյեմբերի 14-ի թիվ ՀԿԴ/0003/01/22 որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը մերժել է թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023թ. հոկտեմբերի 19-ի թիվ ՀԿԴ/0003/01/22 որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, վկայում է այն մասին, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը նույնպես գնահատել ու մեկնաբանել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա ստորադաս դատարանները պարտավոր էին ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի նկատմամբ կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու մասին միջնորդության կապակցությամբ կիրառել 1999թ. հունվարի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումները»:

Ինչպես ակնհայտ է վերոգրյալից, սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0003/01/22 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ հակակոռուպցիոն դատարանի, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՀԿԴ/0003/01/22 գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման նաև՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Դավիթ Տոնոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 դեկտեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-161

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 դեկտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-161
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել