ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ` 21.01.2026 ԹՎԱԿԱՆԻ ԱԴ-7 ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 փետրվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 11 | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ` 21.01.2026 ԹՎԱԿԱՆԻ ԱԴ-7 ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան 3 փետրվարի 2026 թվականի
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի
Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Ռուբեն Թորոսյանի 21.01.2026 թվականի ԱԴ-7 դիմումը վերադարձնելու դեմ ներկայացված բողոքը,
ՊԱՐԶԵՑ․
1. 2026 թվականի փետրվարի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռուբեն Թորոսյանի (այսուհետ նաև՝ Դիմող) բողոքը, որով Դիմողը հայտնել է. «(...) իմ կողմից վերստին կից ներկայացվող դիմումը (տե՛ս կից), Ձեր մոտ գտնվող իր կից նյութերով ամբողջությամբ համապատասխանում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին, ինչն անգամ արձանագրվում է Ձեր «մասամբ», այն էլ՝ չհիմնավորված եզրահանգմամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը, խնդրում եմ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ հիշատակված դիմումս քննել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում»:
2. Սահմանադրական դատարանում գործի նախապատմությունը
Ռուբեն Թորոսյանը 21.01.2026 թ․ էլեկտրոնային փոստով դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարանի ընդհանուր բաժինը կազմել է տեղեկանք դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 24 և 25-րդ հոդվածներին համապատասխանության վերաբերյալ՝ մասնավորապես արձանագրելով, որ դիմումը չի համապատասխանում Սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածների պահանջներին, դիմումում չի պահպանվել Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված: Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով» պահանջը, մասնավորապես՝ Սահմանադրական դատարանում infօ@concourt.am էլեկտրոնային փոստով ստացված դիմումում բացակայում է դիմողի էլեկտրոնային ստորագրությունը:
Նույն գրությամբ նշվում է, որ դիմումում չեն պահպանվել նաև Սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ «սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև՝ 1) «օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին», 2) «ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի այն վերջնական դատական ակտը, որով դիմողի նկատմամբ կիրառվել է նրա կողմից վիճարկվող օրենքի դրույթը» և 3) «դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը»:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի Ա/0055-2026 թ․ գրությամբ 23.01.2026 թ․ Դիմողին տեղեկացվել է նշված թերությունների մասին և ներկայացվել է պահանջ՝ տեղեկացումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում դիմումը համապատասխանեցնելու վերաբերյալ, ինչպես նաև վերոհիշյալ պահանջները չապահովելու պարագայում մեկօրյա ժամկետում այն վերադարձնելու իրավական հետևանքի մասին:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի մեկ այլ գրությամբ (Ա/0067-2026) արձանագրվել է. «Որպես նշված պահանջների կատարում, 2026 թվականի հունվարի 26-ին ներկայացված՝ մտից թիվ 4-8 դիմումում մասամբ են վերացվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված՝ դիմումը համապատասխանեցման ուղարկելու հիմքերը:
Քանի որ վերստին ներկայացված դիմումը մասամբ է համապատասխանեցվել օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածների պահանջներին, ուստի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դիմումը վերադարձվում է:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դիմումը վերադարձնելը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, կարող է եռօրյա ժամկետում բողոքարկվել Սահմանադրական դատարան»:
02.02.2026 թ․ Դիմողը բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից 21.01.2026 թ․ ԱԴ-7 դիմումը վերադարձնելու գրության կապակցությամբ:
3. Դիմողը գտնում է, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից իրականացվել է դիմումի բացարձակորեն չհիմնավորված վերադարձ, «(…) ինչն ընտրական գործընթացներին առնչվող այս առանձնահատուկ կարևորության հարցի համատեքստում ստեղծում է անգամ նման դիմումների բովանդակային քննարկումից խուսանավելու տպավորություն»:
Դիմողի պնդմամբ՝ իր կողմից վերստին ներկայացվող դիմումը Սահմանադրական դատարանում գտնվող կից նյութերով համապատասխանում է Սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածների պահանջներին, ինչն անգամ արձանագրվում է Սահմանադրական դատարանի մասամբ, այն էլ՝ չհիմնավորված եզրահանգմամբ:
Վերը նշված դիտարկմամբ Դիմողը խնդրում է ընտրական իրավունքների պաշտպանության վերաբերյալ հիշատակված դիմումը քննել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
4. Ուսումնասիրելով սույն բողոքի վերաբերելի նյութերը, Դիմողի կողմից բողոքի հիմնավորման կապակցությամբ ներկայացված դատողությունը՝ դատական կազմը գտնում է, որ սույն բողոքը ենթակա չէ բավարարման հետևյալ հիմնավորմամբ.
Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը»:
Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը»:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «Սույն հոդվածում նշված գործերով դիմում /այսուհետ՝ անհատական դիմում/ կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»:
Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածների պահանջների պահպանման հարցը պարտադիր է, և «օրենքով սահմանված կարգով» եզրույթը վերաբերվում է նաև դիմումի նախնական փուլին, իսկ օրենքով սահմանված պահանջների պահպանվածության հարցը օրենսդրի կողմից կարգավորված են ամբողջ ծավալով և հստակ (expressis verbis): Ուստի՝ հիմնազուրկ է Դիմողի պնդումը, թե դիմումը վերադարձնելը կապ ունի ներկայացրած դիմումի առարկայի կարևորության, այն քննելուց խուսափելու հանգամանքի հետ, և դիմումի համար Սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածներով սահմանված վավերապայմանների չապահովման պայմաններում հնարավոր չէ ապահովել որևէ ծավալով բովանդակային քննություն: Հետևապես՝ բովանդակային քննարկումը հնարավոր դարձնող առանցքային հանգամանքը դիմում ներկայացնելու նախնական փուլի պահանջների պահպանումն է, ուստի՝ հակառակ պարագայում Դիմողը չի կարող ակնկալել Սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածների խախտմամբ ներկայացված դիմումով բովանդակային քննության հնարավորություն:
4.1. Սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է Սահմանադրական դատարանին ուղղված դիմումին ներկայացվող պահանջները.
«1. Դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված: Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով»:
Համաձայն նույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի՝
«(…) 1) Սույն օրենքի 69-րդ հոդվածում նշված գործերով դիմողը պարտավոր է Սահմանադրական դատարան ներկայացնել նաև՝ օրենքով սահմանված չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին»:
(…)
3) Դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը»:
Սույն դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ Դիմողը չի պահպանել Սահմանադրական օրենքի 24 և 25-րդ հոդվածների պահանջները՝ Դիմումին կից փաստաթղթերում բացակայում է Դիմողի էլեկտրոնային ստորագրությունը, օրենքով սահմանված չափով և կարգով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիրը կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին, չի ներկայացվել նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողն իր բողոքում նաև պարզաբանում չի ներկայացրել թույլ տրված խախտումներն օրենքով սահմանված ժամկետներում չվերացնելու մասին և հիմնավորումներ համապատասխան փաստաթղթեր չտրամադրելու պատճառների մասին, մինչդեռ նման վերաբերմունքի պայմաններում ակնկալվել է դիմումի բովանդակային քննության հնարավորություն:
4.2․ Անդրադառնալով Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից մատնանշված մյուս խախտումներին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է հետևյալը.
Դիմողը չի ներկայացրել իր նկատմամբ կիրառված դատական վերջնական ակտ, որից պարզ կդառնար, որ նա պահպանել է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի պարտադիր պահանջները, որոնց համաձայն՝
ա) առկա է դատարանի վերջնական ակտ,
բ ) սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ ) վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Պահանջվող փաստաթղթերն ապահովում են Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որը փոխկապակցված է նույն օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված՝ «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը, դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո» պահանջին:
Վերը նշվածի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ փաստաթղթերը պատշաճ ներկայացնելու անհրաժեշտությունը բխում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի պահանջներից և կոնկրետ գործերով դիմումների քննության համար օրենքով սահմանված կարգ է և չի նախատեսում այս կարգից բացառություն՝ ապահովելով իրավակիրառ պրակտիկայի բնականոն հունը, հարգելով օրինականության և իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքները:
Հետևապես՝ դիմումը ներկայացնելու՝ օրենքով սահմանված պահանջների պահպանման, ինչպես նաև համապատասխանեցման նպատակն ուղղակիորեն առնչվում է գործը քննելու հնարավորությանը, որով պայմանավորված՝ ստանում է կարևորություն անհատական դիմումին վերագրվող ցանկացած պահանջի պահպանում, հետևապես՝ աշխատակազմի ղեկավարի պահանջը՝ դիմումն օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ, ինքնանպատակ չէ, ուստի՝ Դիմողի կողմից բողոքում բերված պնդումը՝ նման պայմաններում Սահմանադրական դատարանի կողմից բովանդակային քննություն ապահովելու գործառույթի վերաբերյալ, հիմնազուրկ է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 26-րդ հոդվածի 6-րդ մասի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ․
Ռուբեն Թորոսյանի՝ 2026 թվականի փետրվարի 2-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված՝ 21.01.2026 թ. ԱԴ-7 անհատական դիմումը վերադարձնելու դեմ ներկայացրած բողոքը մերժել:
Նախագահող՝ Ս. Սաֆարյան
Անդամներ՝ Հ. Թովմասյան
Ա. Վաղարշյան
3 փետրվարի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
