Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Այվազյան — ԵԴ/0168/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Այվազյան — ԵԴ/0168/01/23

Վճռաբեկ դատարանԵԴ/0168/01/2317 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 452. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը
PDF

Ամփոփում

Գործի համարը: ԵԴ/0168/01/23 Դիմող / մեղադրյալ Անուն: Արտակ Ազգանուն: Այվազյան Հայրանուն: Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 17.07.2026 ՀՀ Քրեական օրենսգիրք: Հոդված 452. Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0168/01/23

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա.Մկրտչյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Ա․Բեկթաշյան

դատավորներ՝ Ա.Մաթևոսյան

Ս․Համբարձումյան

17 հուլիսի 2026 թվական ք.Երևան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ․ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Ա․ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արտակ Գեղամի Այվազյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճռով Արտակ Այվազյանը ﬔղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է Ա․Այվազյանի ձերբակալման 3 (երեք) օրը և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով։ 2.

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ դատախազի բողոքը ﬔրժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Արամյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2025 թվականի հունիսի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ: Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

4. Բողոքաբերը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 69-րդ և 84-րդ հոդվածների պահանջները, արդյունքում թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական իրավունքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։ 4․1․ Բողոքաբերի գնահատմամբ՝ Ա․Այվազյանի կողմից կատարված հանցագործության տարածվածությունը մտահոգիչ է, իսկ նշված հանցագործության կանխման և նախականխմանն ուղղված արդյունավետ միջոց է քրեական քաղաքականությանը ճիշտ ուղղություն տալը, ուստի, ըստ բողոք բերած անձի՝ Ա․Այվազյանի կողմից կատարված հանցագործության համատեքստում, պատիժը պայմանականորեն չկիրառելը չի բխում պատժի նպատակների իրագործման կարևորագույն սկզբունքներից։ 4․2․ Բողոքաբերը, հաշվի առնելով Արտակ Այվազյանին մեղսագրված հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, դրա կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, սոցիալական հետևանքները, գտել է, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելը համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև անհրաժեշտ ու բավարար է սոցիալական արդարությունը վերականգնելու, մեղադրյալին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար։ 5․ Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը, Արտակ Այվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի՝ վերջինիս նկատմամբ նշանակելով համաչափ պատիժ։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6․ Արտակ Այվազյանը ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ «[Նա] օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով դիտավորությամբ բռնություն է գործադրել պաշտոնատար անձի նկատմամբ: Այսպես,

2022 թվականի հուլիսի 21-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Ն․Ա․-ն, նույն վաշտի կրտսեր պարեկ Գ․Դ․-ի հետ թիվ 1016 պարեկային ավտոմեքենայով ծառայություն իրականացնելու ընթացքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հակոբ Հակոբյան փողոցում նկատելով, որ «ԲՄՎ» մակնիշի ******* հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում է վթարային իրավիճակ ստեղծելով, սահմանված կարգով պահանջել են կանգնեցնել ավտոմեքենան և վարորդ Արտակ Գեղամի Այվազյանից ներկայացնել փաստաթղթերը: Փաստաթղթերի ստուգման ընթացքում՝ զգալով Արտակ Այվազյանի վրայից եկող ալկոհոլի հոտը և իրենց մոտ չունենալով սթափությունը ստուգող սարքի ձող, Արտակ Այվազյանի սթափության վիճակի ստուգման նպատակով Ն․Ա․-ն օգնության է կանչել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնող նույն վաշտի պարեկ Ս․Փ․-ին և կրտսեր պարեկ Հ․Ս․-ին, որոնց ժամանելուց հետո, պարզելով, որ ալկոհոլի պարունակությունը Արտակ Այվազյանի արտաշնչած օդի մեջ կազմում է 0.145 մգ/լ, Ն․Ա․-ն վերջինիս պարզաբանել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու իրավական հետևանքները, մասնավորապես, որ պետք է կազմվի վարչական իրավախախտման արձանագրություն, ավտոմեքենան պետք է հանձնվի սթափ վարորդի կամ այն պետք է տեղափոխվի հատուկ պահպանվող տարածք: Դրան ի պատասխան, Արտակ Այվազյանը նստելով ավտոմեքենան փորձել է հեռանալ, իսկ երբ Ս․Փ․-ն բացելով ավտոմեքենայի վարորդի դուռը վերջինիցս պահանջել է իջնել, Արտակ Այվազյանը չկատարելով ներկայացված օրինական պահանջը հայհոյանքներ է հնչեցրել իրենց օրինական ծառայողական գործունեությունն իրականացնող ոստիկանության ծառայողների հասցեին: Վերոգրյալով պայմանավորված՝ Հ․Ս․-ն Արտակ Այվազյանին բերման ենթարկելու նպատակով, թևից քաշելով դուրս հանելով ավտոմեքենայից պառկեցրել է գետնին և ձեռքերին ձեռնաշղթաներ հագցնելով փորձել նստեցնել թիվ 1016 համարի պարեկային ավտոմեքենան, որի ընթացքում Արտակ Այվազյանը, շարունակելով իր հակաօրինական վարքագիծը, օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով դիտավորությամբ բռնություն գործադրելով պաշտոնատար անձ հանդիսացող Հ․Ս․-ի նկատմամբ, գլխի ճակատային հատվածով հարվածել է վերջինիս քթին՝ պատճառելով քթի շրջանի արյունազեղման (սալջարդի) ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, ինչպես նաև ոտքով հարվածելով վնասել է հիշյալ պարեկային ավտոմեքենայի հետևի աջ դռան շրջանակի վերևի հատվածը՝ պատճառելով 45.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ (…)»[1]: 7․ Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. (…) [Դ]ատարանը, (…) հաշվի առնելով Արտակ Այվազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով վերագրվող արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը, մասնավորապես՝ մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, դեպքի հանգամանքների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ տալը, առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարելը, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելը, տուժողի կողմից բողոք կամ գույքային վնասի հատուցման պահանջ չներկայացնելը, որոնք էականորեն ազդում են հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանի նվազեցման վրա, հանգում է հետևության, որ Արտակ Այվազյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով կատարած հանցանքի համար (…) նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու միջոցով սույն գործով հնարավոր է ապահովել պատժի նպատակներն իրագործելու հնարավորությունը (…)»[2]։ 8․ Վերաքննիչ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Արտակ Այվազյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս, թույլ չի տվել դատական սխալ և հանգել է ճիշտ եզրահանգման, հետևաբար դատական ակտը բեկանելու և փոփոխելու հիմքեր առկա չեն: Մասնավորապես՝ Առաջին ատյանի դատարանը պատշաճ վերլուծության և գնահատման է ենթարկել՝ (1) մեղադրյալ Արտակ Այվազյանի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, այդ թվում՝ հանցանքի կատարման հանգամանքները, եղանակը և ժամանակահատվածը, խախտված հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, (2) մեղադրյալի անձը բնութագրող տվյալները (մեղադրյալը նախկինում դատապարտված չի եղել, խնամքին են գտնվում տարեց ծնողները), (3) պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները (մեղադրյալն ընդունել է մեղքը և անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար և տուճողը բողոք կամ գույքային վնասի հատուցման պահանջ չի ներկայացրել), (4) հանցագործությունից հետո մեղադրյալի դրսևորած վարքագիծը (մեղադրյալը դեպքի հանգամանքների վերաբերյալ տվել է խոստովանական ցուցմունք, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցել է), որպիսի մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար նույնպես ընդունելի է: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա՝ մեղադրյալ Արտակ Այվազյանի անձը բնութագրող վերը նշված փաստական տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը վկայում են վերջինի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը կրելու աննպատակահարմարության ու առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության մասին, ուստի վերջինի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում Առաջին ատյանի դատարանը հանգել է ճիշտ հետևության՝ համակողմանի վերլուծության ենթարկելով կատարված արարքի հանրային վտանգավորությունը և բնույթը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների, ինչպես նաև անձը բնութագրող տվյալների համակցությունը։ Ինչ վերաբերում է բողոքաբերի այն պնդումներին, որ դատարանը օբյեկտիվ ստուգման և գնահատման չի ենթարկել մեղադրյալի կողմից կատարած հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը և գործի կոնկրետ հանգամանքները, հաշվի չի առել պաշտպանվող հարաբերության սոցիալական նշանակությունը և բնույթը, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրանք անհիմն են, քանի որ բողոքարկված դատավճռի ուսումնասիրությունից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը թե՛ պատիժ նշանակելիս, թե՛ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս անդրադարձել և գնահատել է նաև այդ հանգամանքները, դրանք համադրելով գործում առկա այլ հանգամանքների հետ և հանգել է իրավաչափ հետևության (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ են արդյոք մեղադրյալ Արտակ Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։ 10․ Վճռաբեկ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորումների շրջանակներում անդրադարձել է մի շարք նախադեպային որոշումներում[4]: Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները շարունակում են վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի լինել նաև գործող քրեաիրավական կարգավորումների նկատմամբ։ 10․1․ Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է, որ դատարանի համոզվածությունը և վստահությունն այն մասին, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու, պետք է հիմնվի օբյեկտիվորեն գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը բազմիցս փաստել է, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն դատարանի հետևությունները պետք է, ի թիվս այլնի, հիմնված լինեն նաև հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի ամբողջական գնահատման վրա[5]` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, հանցանքի սուբյեկտիվ կողմի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատաuխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն[6]: 11․ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով»: ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածով սահմանված հանցակազմը դասվում է կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների շարքին և բնութագրվում որպես հանցավոր արարք, որը ոտնձգում է իշխանության ներկայացուցիչների դեմ: Նշված հանցավոր արարքի օբյեկտ են հանդիսանում ոչ միայն իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորների կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը։ Քննարկվող հանցագործությունն առաջին հերթին ուղղված է հանրային մարմինների կառավարման բնականոն գործունեության դեմ, հետևաբար օժտված է հասարակական և հանրային բարձր վտանգավորությամբ, քանի որ ոտնձգում է իշխանության ներկայացուցիչների կողմից կառավարման հետ կապված իրենց՝ օրենքով սահմանված լիազորությունների անխափան իրականացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ։ Ընդ որում, տվյալ հանցակազմի՝ հասարակական և հանրային բարձր վտանգավորությունը պայմանավորվում է նաև հանցագործության սուբյեկտիվ կողմի հատկանիշով, մասնավորապես, այն հանգամանքով, որ հանցանք կատարող անձը գործում է ուղղակի դիտավորությամբ և գիտակցում է, որ բռնություն է գործադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ[7]։ 12․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գտել է, որ Ա․Այվազյանի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու, և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով կատարած հանցանքի համար ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է ապահովել պատժի նպատակներն իրագործումը[8]։

- Վերաքննիչ դատարանը, ըստ էության արձանագրել է, որ մեղադրյալ Ա․Այվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունը հիմնավոր է[9]։ 13․ Վարույթի փաստական տվյալները գնահատելով սույն որոշմամբ մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից Արտակ Այվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները՝ մեղքն ընդունելը, անկեղծորեն զղջալը, դեպքի հանգամանքների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ տալը, առաջին անգամ միջին ծանրության հանցանք կատարելը, հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելը, տուժողի կողմից բողոք կամ գույքային վնասի հատուցման պահանջ չներկայացնելը ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյալի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունն այն աստիճան, որ վերջինիս նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը համարվի իրավաչափ։ 14․ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արտակ Այվազյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել մեղադրյալի և նրա կողմից կատարած հանցավոր արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ, մասնավորապես․

- խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն, որ Արտակ Այվազյանի արարքը ոտնձգել է հասարակական կարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ, մասնավորապես՝ իշխանության ներկայացուցիչների՝ օրենքով սահմանված լիազորությունների անխափան իրականացման ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,

- հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ՝ մասնավորապես այն, որ մեղադրյալը գործել է ուղղակի դիտավորությամբ, գիտակցել է, որ բռնություն է գործադրում օրինական ծառայողական գործունեություն իրականացնող պաշտոնատար անձի նկատմամբ, նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը,

- հանցավորի՝ արարքի կատարմանը նախորդող վարքագիծը՝ այն, որ Արտակ Այվազյանն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ 15․ Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետում կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Ա.Այվազյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները պետք է կառուցեին վերոնշյալ հանգամանքների` իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա։ 16․ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ մեղադրյալ Արտակ Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն։ 17․ Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, Արտակ Այվազյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար, անհրաժեշտ է Ա․Այվազյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխել. նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել և թողնել կրելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճռով վերջնական պատիժ նշանակված՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Արտակ Գեղամի Այվազյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումը փոփոխել։ 2․ Արտակ Գեղամի Այվազյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել և թողնել կրելու նրա նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 6-ի դատավճռով, հաշվակցման կանոններով նշանակված՝ 2 (երկու) տարի 5 (հինգ) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկումը։ Պատժի կրման սկիզբը հաշվել Արտակ Գեղամի Այվազյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից։

3. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ծանոթագրություններ

[1] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 162-163։

[2] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 114-130։

[3] Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 88-100։

[4] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները: [5] Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները: [6] Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամսոն Ամիրխանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրտչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՏԴ/0018/01/13, Արամայիս Հովհաննիսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննիսյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 և այլ որոշումները: [7] Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Նարեկ Ադամյանի և Անդրանիկ Ավագյանի գործով 2025 թվականի մարտի 21-ի թիվ ԳԴ1/0036/01/23 որոշման 13-րդ կետը։ [8] Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։

[9] Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/0168/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել