Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-836 մայիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-83)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 մայիսի 2022թ. ՍԴԱՈ - 83 | «ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵ-ՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի ապրիլի 20-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վարչական դատարանի (այսուհետ նաև դիմող) դիմումը: Վարչական դատարանը թիվ ՎԴ/3149/05/20 գործով («Վարչական գործի վարույթը կասեցնելու և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան դիմելու մասին» 2022 թվականի ապրիլի 18-ի որոշում) որոշել է. «Ըստ հայցի Արայիկ Միխայիլի Մելքումյանի ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի պատասխանողի կողմից 16.03.2020թ. կայացված ԲԴԽ-10-Ո-20 որոշումը վերացնելու և Արայիկ Մելքումյանին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավորի կարգավիճակում վերականգնելու պահանջների մասին, վարչական գործով վարույթը կասեցնել և դիմել ՀՀ սահմանադրական դատարան «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ հոդվածներին, ինչպես նաև 164-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/3149/05/20 վարչական գործի մինչդատական և դատավարական նախապատմությունը, վկայակոչելով Սահմանադրության 28, 29-րդ հոդվածների և 164-րդ հոդվածի 1-ին ու 9-րդ մասերի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենսգիրք) 116-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորումները, և վերլուծության առարկա դարձնելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է. «(...) Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրն ամրագրել է այնպիսի կարգավորում, համաձայն որի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված առաջարկությանն առաջին ատյանի մասնագիտացված դատարանի ռեզերվային դատավորի անհամաձայնությունը չի դադարեցնում նրա ռեզերվային դատավորի կարգավիճակը, իսկ միևնույն իրավիճակում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավորի անհամաձայնությունը վերացնում է նրա ռեզերվային դատավորի կարգավիճակը: (…)

Չնայած առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների կարգավիճակների համադրելիությանը ՀՀ վարչական դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջարկությունը չընդունելու հետևանքների հարցում առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների առնչությամբ ՀՀ օրենսդրությունը դրսևորել է տարբերակված մոտեցում հիմքում չունենալով որևէ օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում: (…) ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունը չընդունելու հնարավորության և դրա հետևանքների վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար առաջին ատյանի մասնագիտացված դատարանի դատավորների համեմատ պակաս բարենպաստ կարգավորում սահմանելը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածների պահանջներին: (…) այն դեպքում, երբ դատավորի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական իրավական դրույթի կիրառման հետևանքով, ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առկայության պայմաններում պետք է վերացվեն առաջացած բացասական հետևանքները, ինչը պահանջում է նախքան դատավորի լիազորությունների դադարեցումը գոյություն ունեցած վիճակի վերականգնում: Հետևաբար օրենսդրորեն պետք է նախատեսվեն նման իրավիճակներում ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման վերանայման արդյունքում նախկինում գոյություն ունեցած վիճակի վերականգնումն ապահովող կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: (…)

Այսպիսով, վիճարկվող կարգավորումը, չապահովելով նախկինում գոյություն ունեցած վիճակի վերականգնման լիարժեք հնարավորություն այն դեպքում, երբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական իրավական դրույթի կիրառման հետևանքով, և նա արդյունքում ձեռք է բերել ռեզերվային դատավորի կարգավիճակ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի կարգավորումներին»:

3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմումը, թիվ ՎԴ/3149/05/20 վարչական գործի նյութերը, գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը, ուստի նշված գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրված է նաև Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Օրենքի հիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Դատարանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այդ առումով առանցքային կարևորություն ունի դատարանի կողմից ներկայացված դիմումի շրջանակում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն պատշաճ պատճառաբանության ներկայացումը, որը կբացահայտի դատարանի Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար: 3.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բարձրացնում է Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրության 28, 29-րդ հոդվածներին և 164-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերին համապատասխանության հարց: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիմողի ուշադրությունը հրավիրել ժողովրդավարական հասարակությունում անձանց իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը երաշխավորող օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող իր մի շարք որոշումներին: Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի 9-ի ՍԴՈ-1617 որոշման մեջ նշված է. «Սահմանադրական դատարանը, անդրադառնալով օրենքի առջև հավասարության սկզբունքին, իր 2010 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-881 որոշմամբ արտահայտել, այնուհետև բազմիցս (ՍԴՈ-947, ՍԴՈ-1124, ՍԴՈ-1262, ՍԴՈ-1326) վերահաստատել է այն իրավական դիրքորոշումը, որ «(...) օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը ենթադրում է օրենքի առջև հավասար պատասխանատվության, պատասխանատվության անխուսափելիության և իրավական պաշտպանության հավասար պայմանների ապահովում և չի առնչվում իրավական տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտների համար որևէ իրավաչափ նպատակով պայմանավորված նախադրյալներ (...) կամ իրավունքի տվյալ կատեգորիայի սուբյեկտների համար լրացուցիչ պարտականություններ սահմանելուն»։ Ապա վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «(...) օրենքի առջև ընդհանուր հավասարության սահմանադրական սկզբունքը երաշխավորում է միևնույն խմբի (կատեգորիայի) սուբյեկտների նկատմամբ հավասար իրավունքների և պարտականությունների օրենսդրական ամրագրում և չի բացառում օբյեկտիվ հիմքերով առանձնացված զանազան խմբերին (կատեգորիաներին) պատկանող անձանց նկատմամբ տարբերվող վերաբերմունքի ամրագրումը: Հիշյալ սահմանադրական սկզբունքը կարող է խաթարվել միայն հավասար իրավական կարգավիճակ ունեցող և հավասար իրավական դաշտում գործող սուբյեկտների նկատմամբ իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տարբերակված մոտեցում ցուցաբերելու դեպքում, որը կարտահայտվի նրանցից մեկին կամ մի քանիսին որևէ ողջամիտ իրավական հիմնավորում չունեցող արտոնության կամ բարենպաստ վերաբերմունքի տրամադրմամբ» (22.02.2021թ., ՍԴՈ-1577 որոշում): Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սահմանադրաիրավական սկզբունքների ապահովումը պետության առաջնահերթություններից է, ուստի պետք է ոչ միայն ընկած լինի օրենսդրական զարգացումների հիմքում, այլև համապատասխան իրավակարգավորումները մեկնաբանելիս և կիրառելիս առավելագույնս երաշխավորվի նաև իրավակիրառողների կողմից: Սահմանադրական դատարանը շեշտում է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտները վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիտարկում են վերոհիշյալ սահմանադրաիրավական սկզբունքների համատեքստում, նախ պետք է հստակ նշեն խտրականության դրսևորման հիմքը, ապա նաև համապատասխան պատճառաբանությամբ հիմնավորեն, թե Սահմանադրությամբ երաշխավորված ո՞ր հիմնական իրավունքի կամ ազատության իրացման շրջանակներում է դրսևորվել իրավաչափ նպատակ չհետապնդող և նույն իրավական կարգավիճակն ունեցող անձանց նկատմամբ տարբերակված մոտեցում: Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը սահմանափակվել է լոկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների կարգավիճակի միասնականության սկզբունքի վերաբերյալ միակողմանի դիրքորոշում ներկայացնելով չանդրադառնալով հիշյալ սուբյեկտների գործառութային կամ այլ բնույթի առանձնահատկությունների բացահայտմանը այդպիսով փորձ կատարելով առնվազն հիմնավորել նաև առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների նույն իրավական կարգավիճակն ունենալու հանգամանքը: Ավելին, դիմողը չի մատնանշել նաև օրենսդրի վիճարկվող իրավակարգավորմամբ ենթադրյալ խտրական վերաբերմունքի դրսևորման սահմանադրական հիմքը Սահմանադրությամբ ամրագրված կոնկրետ իրավունքի կամ ազատության համատեքստում, որպիսին չեն կարող հանդիսանալ դիմողի կողմից հիշատակված Սահմանադրության «Դատավորի կարգավիճակը» վերտառությամբ 164-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերով ամրագրված սահմանադրաիրավական կարգավորումները: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը չի հաղթահարել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու օրենսդրական պահանջը, ինչը վկայում է, որ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը։ 3.3. Ըստ էության, բարձրացնելով օրենսդրական բացի խնդիր դիմողը պնդում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ռեզերվային դատավորին առաջին ատյանի այլ դատարանում իր մասնագիտացմանը համապատասխան թափուր պաշտոն առաջարկելն ինքնին չի կարող անվերապահորեն համարվել նախկինում գոյություն ունեցող վիճակի վերականգնում, որպիսի պայմաններում, դիմողի գնահատմամբ, չի ապահովվում նախկինում ունեցած վիճակի վերականգնման լիարժեք հնարավորություն այն դեպքում, երբ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարեցվել են հակասահմանադրական իրավադրույթի կիրառման հետևանքով: Օրենսդրական բացի հիմնահարցերին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր բազմաթիվ որոշումներում (մասնավորապես ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-922, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143): Վերահաստատելով և զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ փաստել է. «1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.

2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.

3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.

4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.

5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է (…)»: Խնդրո առարկա հարցի վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված փաստարկների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանք առավելապես վերաբերում են անձի նկատմամբ կիրառված իրավադրույթի հակասահմանադրական ճանաչվելու արդյունքում ռեզերվային դատավորի կարգավիճակ ստանալու իրավակարգավորումների բարելավմանն ուղղված կառուցակարգեր նախատեսելուն, ինչն օրենսդիր մարմնի իրավասության տիրույթում է. հետևաբար չի կարող քննության առարկա դառնալ Սահմանադրական դատարանում. ուստի դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտներին ուղղված առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորը վերաբերելի է նաև դատարաններին, որոնք կոնկրետ գործերով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում Սահմանադրական դատարան դիմելով, անառարկելիորեն նպաստում են մարդու հիմնական իրավունքների երաշխավորման, ապահովման և պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրապնդմանն ու սահմանադրական արդարադատության շարունակական զարգացմանը: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը դիմումով (դատարանի որոշմամբ) ներկայացված հիմնավորումներով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան, որպիսի պայմաններում էլ գործի քննությունը Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ենթակա է մերժման։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վարչական դատարանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

6 մայիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-83

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մայիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-83
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել