ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՌՆՈԼԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-58)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 հոկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 58 | ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ՝ ՓԱՍՏԱԲԱՆ ԱՌՆՈԼԴ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԲՈՂՈՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 16 հոկտեմբերի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Հ. Թովմասյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Ալեքսանդր Սահակյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյանի` անհատական դիմումը վերադարձնելու դեմ ներկայացրած բողոքը,
ՊԱՐԶԵՑ.
1. 2024 թվականի հոկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ալեքսանդր Սահակյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյանի (այսուհետ նաև՝ Դիմող) բողոքը, որով Դիմողը խնդրել է.
«(...) հիմք ընդունելով վերոգրյալը, և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով, խնդրում եմ սույն բողոքի հիմնավորումների հաշվառմամբ դիմումը համարել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված և Սահմանադրական դատարանի աշխատակարգով սահմանված կարգով ընդունել նախնական ուսումնասիրության՝ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի»:
2. Ներկայացված բողոքի նախապատմությունը հետևյալն է.
2024 թվականի սեպտեմբերի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ալեքսանդր Սահակյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյանի դիմումը: 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի՝ թիվ Ա/0773-2024 գրությամբ (այսուհետ նաև՝ Գրություն) դիմումը վերադարձվել է այն հիմնավորմամբ, որ Դիմողը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում ամրագրված պահանջը, այն է՝ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան է ներկայացվել օտար լեզվով փաստաթուղթ՝ Դիմողի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացու անձնագրի պատճենը՝ հայերեն թարգմանված՝ առանց օրենքով սահմանված կարգով կատարված նոտարական վավերացման:
Դիմողի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին ուղղվել է գրություն, որում ներկայացվել են առերևույթ հիմնավորումներ առ այն, որ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին տրվել է չափազանց ձևականացված մեկնաբանություն՝ հանգեցնելով դատական մատչելիության իրավունքի չափորոշիչների խախտման՝ նկատի ունենալով, որ դիմումին ներկայացված պահանջը բովանդակային առումով կատարված է. Սահմանադրական դատարան է ներկայացվել Դիմողի արտասահմանյան անձնագրի հայերեն թարգմանությունը, որը թարգմանվել է համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի կողմից և հաստատվել նրա կնիքով:
Ըստ Դիմողի՝ նույն անձնագրով Դիմողը մասնակցել և մասնակցում է Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյաններում քննվող գործերով, իսկ անձնագրի նոտարական վավերացումը ներկայումս օբյեկտիվորեն չի կարող կատարվել այն պատճառաբանությամբ, որ Դիմողը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից:
Ի պատասխան Դիմողի նշյալ գրության՝ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի՝ 2024 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Ա/0812-2024 գրությամբ դիմումը՝ կից փաստաթղթերով, կրկին վերադարձվել է՝ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին չհամապատասխանեցվելու հիմնավորմամբ:
3. Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) և Սահմանադրական դատարանի դատական ակտեր՝ Դիմողը գտնում է, որ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին տրվել է չափազանց ձևականացված մեկնաբանություն, որը հակասում է դատական մատչելիության իրավունքի և վարույթի արդարացիության ապահովման չափանիշներին:
Ըստ Դիմողի՝ սույն բողոքը մերժելու և սահմանադրականության ստուգման վերաբերյալ ներկայացված դիմումը նախնական բովանդակային ուսումնասիրության չենթարկելու դեպքում Սահմանադրական դատարանի մատչելիության՝ Դիմողի իրավունքի խախտումը կդառնա անդառնալի:
Դիմողը մատնանշում է, որ իր բրիտանական անձնագրի բնօրինակը թարգմանվել և կնիքով վավերացվել է համապատասխան որակավորում ունեցող թարգմանչի կողմից և ներկայացվել Սահմանադրական դատարան՝ պնդելով նաև, որ Միացյալ Թագավորությունում գտնվելու պատճառով իր անձնագրի հայերեն թարգմանությունը Հայաստանի Հանրապետությունում նոտարի կողմից վավերացվել օբյեկտիվորեն չի կարող, և նույն անձնագրով ինքը մասնակցել և մասնակցում է Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյաններում քննվող գործերով:
Վերոնշյալի հաշվառմամբ Դիմողը գտնում է, որ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջը բովանդակային իմաստով կատարվել է, որպիսի պայմաններում իրեն նոտարական վավերացման լրացուցիչ պահանջ ներկայացնելն արդարացված համարվել չի կարող:
4. Ուսումնասիրելով բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.
4.1. Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը:
Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից մատնանշված՝ Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Գրությամբ չափազանց ձևականացված մեկնաբանության վերաբերյալ պնդումը հիմնազուրկ է, քանզի սահմանադրական դատավարության քննարկվող փուլում դիմումի՝ որևէ ծավալով բովանդակային քննություն չի իրականացվում, այլ քննարկվում է նման քննությունը հնարավոր դարձնող՝ Օրենքով սահմանված պահանջների պահպանվածության հարցը, որոնք օրենսդրի կողմից կարգավորված են ամբողջ ծավալով և հստակ (expressis verbis):
4.2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պահանջի՝ օտարալեզու փաստաթղթի հայերեն թարգմանության՝ օրենքով սահմանված կարգով վավերացման նորմատիվ բովանդակությունը բացահայտելու նպատակով Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նախ անդրադառնալ «վավերացում» եզրույթի լեզվական (էթիմոլոգիական) իմաստին:
Է. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» համաձայն՝ «վավերացնել» բառը նշանակում է պաշտոնապես հաստատել, վավերական դարձնել որևէ փաստաթուղթ, որևէ բանի ճշտությունը հավաստել, ճիշտ համարել:
Ըստ այդմ՝ վավերացումը ենթադրում է որևէ սուբյեկտի կողմից կատարված գործողության (փաստաթղթի, ակտի) հավաստիության, ճշգրտության պաշտոնական հաստատում այլ (իրավասու) սուբյեկտի կողմից:
Դիմողի կողմից վիճարկվող Գրությամբ որպես դիմումի ձևական (ֆորմալ) թերություն մատնանշվել է Դիմողի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացու անձնագրի պատճենի հայերեն թարգմանությունը՝ առանց պատշաճ, այն է՝ օրենքով սահմանված կարգով կատարված նոտարական վավերացման՝ դիմումին կից փաստաթղթերի ցանկում Սահմանադրական դատարան ներկայացնելը:
Հաշվի առնելով «վավերացում» եզրույթի վերոնշյալ բովանդակային իմաստը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նոտարի իրավական կարգավիճակի բովանդակությանը:
«Նոտարիատի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ ՆՕ) 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է սույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոտարը նոտարական գործողություններ իրականացնում է փաստաթղթեր վավերացնելու կամ վավերացված փաստաթղթեր տրամադրելու կամ օրենքով նախատեսված այլ գործողություններ կատարելու միջոցով:
Նշյալ օրինադրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ նոտարի իրավական կարգավիճակի առանցքն արդարադատությանը նպաստելն է, որն իրականացվում է նոտարական գործողությունների իրականացման և նոտարական ծառայությունների մատուցման և, մասնավորապես, փաստաթղթեր վավերացնելու միջոցով:
Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ նոտարը դատավարական նշանակության փաստաթղթերի վավերացմամբ, այն է՝ դրանց հավաստիության, իսկության հաստատմամբ նպաստում է պատշաճ և արդյունավետ արդարադատության իրականացմանը դատավարության բոլոր տեսակներում՝ այդ թվում՝ սահմանադրական դատավարությունում:
ՆՕ 36-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ նոտարն իրականացնում է հետևյալ նոտարական գործողություն[ը]՝ վավերացնում է փաստաթղթերի թարգմանության իսկությունը:
ՆՕ 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոտարը, վավերացնելով թարգմանության իսկությունը, չի հավաստում կամ հաստատում փաստաթղթում շարադրված փաստերը, այլ սոսկ հաստատում է, որ փաստաթղթի թարգմանության բովանդակությունը համապատասխանում է դրա բնօրինակի բովանդակությանը:
Վերը մեջբերված օրինադրույթների հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է այն հետևության, որ նոտարը, վավերացնելով փաստաթղթի թարգմանության իսկությունը, «Նոտարիատի մասին» օրենքով իրեն վերապահված բացառիկ կարգավիճակի ուժով հավաստիության կանխավարկածային (presumptive) իրավաբանական ուժ է տալիս թարգմանչի կողմից օտարալեզու փաստաթղթի բնօրինակի հայերեն թարգմանությանը, որով տվյալ թարգմանությունը՝ որպես գրավոր փաստաթուղթ, ձեռք է բերում ապացուցողական նշանակություն:
Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում տարանջատել արտոնագրված թարգմանչի կողմից իր իսկ թարգմանությունը հաստատելու նպատակով թարգմանված տեքստի նյութական կրիչ հանդիսացող փաստաթուղթը կնքելու և այդ փաստաթղթի նոտարական վավերացման նպատակային նշանակությունն ու դրանից բխող իրավական հետևանքները:
Թարգմանչի արտոնագրված լինելը հավաստում է վերջինիս մասնագիտական հմտությունները տվյալ օտար լեզվից հայերեն թարգմանություն կատարելու վերաբերյալ, իսկ թարգմանությունը պարունակող փաստաթուղթը կնքելը հաստատում է թարգմանությունը տվյալ արտոնագրված թարգմանչի կողմից կատարված լինելը: Մինչդեռ թարգմանության նոտարական վավերացումը նպատակ ունի հավաստել, որ թարգմանության և բնօրինակ փաստաթղթի տեքստերի բովանդակությունը նույնական է, այսինքն՝ արտահայտում է միևնույն միտքը, պարունակում է միևնույն տեղեկույթը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ թարգմանության իսկության նոտարական վավերացման՝ վերը ներկայացված նպատակային նշանակությու՛նն է թույլ տալիս օտարալեզու փաստաթղթին հաղորդել դատավարական-իրավական նշանակություն, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ Գրությամբ օտարալեզու փաստաթղթի հայերեն թարգմանության համար սահմանված վավերացման պահանջը մեկնաբանվել է որպես նոտարի կողմից վավերացված լինելու պահանջ:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՆՕ համապատասխան իրավադրույթների վերոնշյալ համադրված վերլուծությամբ փաստվում է նոտարական գործողությունների միջոցով փաստաթղթերի վավերացման իրավական անայլընտրանքությունը, որից բացառությունները սահմանվում են միմիայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ Դիմողի կողմից որպես իր՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության քաղաքացու անձնագրի պատճենի հայերեն թարգմանության իսկության նոտարական վավերացման ապահովման անհնարինության հիմնավորում ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու հանգամանքը հիմնազուրկ է նաև այն պատճառաբանությամբ, որ Դիմողը զրկված չէր Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկի միջոցով իր անձնագրի հայերեն թարգմանության իսկության վավերացման նոտարական գործողությունն ապահովելու հնարավորությունից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 26-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ալեքսանդր Սահակյանի ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումը վերադարձնելու դեմ ներկայացրած բողոքը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Հ. Թովմասյան
Ա. Վաղարշյան
16 հոկտեմբերի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-58
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-58
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
