Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-496 օգոստոսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-49)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 օգոստոսի 2021թ. ՍԴԴԿՈ - 49 | «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 6 օգոստոսի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպությունը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունիսի 22-ին) խնդրել է հետևյալը. «որոշել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ մասի և 65-րդ հոդվածի 2-րդ մասի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.6-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության 7-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 1-ին մասի, 78-րդ, 79-րդ հոդվածների դրույթներին համապատասխանության հարցը»։

2. Ըստ դիմողի վիճարկվող դրույթների իրավակարգավորումները միտված են ապահովելու Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու իրավունքի երաշխիքները և ենթակա են դիտարկման Սահմանադրության 7-րդ և 48-րդ հոդվածներից բխող պետության պոզիտիվ պարտավորությունների շրջանակներում: Դիմողի կարծիքով «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, դիտորդին օժտելով քվեարկության կարգի խախտման վերաբերյալ իր գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու պահանջի իրավունքով, երաշխիքներ է ստեղծել ընտրությունների ընթացքում դիտարկված խախտումների քննության և քվեարկության արդյունքների վրա դրանց ազդեցությունը գնահատելու համար դրանով իսկ ապահովելով ընտրողների քվեի հասցեականությունը, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա ընտրությունների անցկացումը, Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուր քաղաքացու ընտրելու իրավունքի իրացումը: Միաժամանակ դիմողը նշում է, որ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված նորմը հանձնաժողովի քարտուղարի (ինչպես նաև մյուս անդամների) համար, ըստ էության, ապահովում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան ինքնուրույն գործելու երաշխիք, իսկ հանձնաժողովի նախագահի հանձնարարության օրենքի պահանջներին հակասելու դեպքում, չկատարել այդ հանձնարարությունը և առաջնորդվել «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված կարգավորումներով։ Մինչդեռ թիվ ՎԴ/0031/05/19 վարչական գործով դատարանների կողմից տրված մեկնաբանության շրջանակներում սույն դիմումով վիճարկվող դրույթները հակասության մեջ են հայտնվել Սահմանադրության պահանջների հետ ընտրական իրավունքի ապահովմանն ուղղված օրենսդրական երաշխիքների ապահովումն ուղղակի կախվածության մեջ դնելով տեղամասային հանձնաժողովի նախագահի հայեցողությունից։ Ըստ դիմողի այն դեպքում, երբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված են այն բոլոր գործողությունները, տվյալները և տեղեկությունները, որոնք անվերապահորեն ենթակա են գրանցման տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, նշված պահանջների կատարումը գրանցամատյանը վարող քարտուղարի կողմից չի կարող պայմանավորված լինել հանձնաժողովի նախագահի հայեցողությամբ, նրա կողմից հանձնարարական տալու կամ չտալու հանգամանքով։ Բացի դրանից, դիմողը նշում է, որ հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի նախագահի միայն իր իրավասությունների շրջանակում տրված հանձնարարությունները կատարելու պարտականություն սահմանելով և ըստ այդմ նրանց օրենքի պահանջներին համապատասխան գործելու ինքնուրույնություն տրամադրելով օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու ընտրությունների պատշաճ գործընթացի անցկացումը, որից էլ բխում է հանձնաժողովի քարտուղարի կողմից գրանցամատյանում անհրաժեշտ գրառումն ինքնուրույն կատարելու պարտականությունը: Սակայն իրավակիրառ պրակտիկայում սույն դիմումով վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.6-րդ հոդվածով սահմանված դրույթի անորոշության պայմաններում հանգեցրել է Սահմանադրության 7-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 1-ին մասի, 78-րդ և 79-րդ հոդվածների դրույթների խախտմանը:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, դիմումում առաջադրված հարցերը Սահմանադրական դատարանին ենթակա չլինելը, ինչպես նաև նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերը (29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետեր)։ Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): Տվյալ դեպքում դիմողի փաստարկներից հետևում է, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է ոչ թե իր սուբյեկտիվ իրավունքի, այլ օբյեկտիվ ընտրական իրավունքի ենթադրյալ խախտման հարց: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ վիճարկվող դրույթների վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված դատողություններից հնարավոր չէ ողջամիտ պատկերացում կազմել դիմողի սուբյեկտիվ իրավունքների ենթադրյալ խախտման փաստի, ինչպես նաև վիճարկվող դրույթների հակասահմանադրականության և դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Այլ կերպ ասած դիմողը չի ներկայացրել բավարար փաստարկներ և իրավանորմերի համադրված վերլուծությամբ չի փաստել, թե վիճարկվող նորմերով իր սահմանադրական սուբյեկտիվ որ իրավունքն է խախտվել: Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է, և դիմողը չի պահպանել վերոշարադրյալ օրենսդրական պահանջները։ Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Տվյալ դեպքում վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի բովանդակության մեկնաբանությանը անկախ սահմանադրականության գնահատման հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող կամ դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, ինչի իրավասությունը Սահմանադրական դատարանը չունի: Այլ կերպ վիճարկվող դրույթների սահմանադրականության մասին դիմողի հիմնավորումներն ուղղակիորեն կապված չեն վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի հնարավոր որևէ իրավական դիրքորոշման հետ: Մասնավորապես դիմողը, դիմումում ներկայացնելով վիճարկվող դրույթների իր մեկնաբանությունը և ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է դատարանների կողմից այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչի մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ դիմողի դիրքորոշումները կառուցված են միայն ոչ սահմանադրական նորմերի մեկնաբանության վրա։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ քննարկվող դեպքում դիմողի կողմից մատնանշված խնդրի լուծումը գտնվում է ոչ թե Սահմանադրական դատարանի վիճարկվող նորմերի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման լիազորության տիրույթում, այլ դատարանների, քանի որ օրենքի կամ վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության անհատական դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող Ե. Խունդկարյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

6 օգոստոսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-49

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 օգոստոսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-49
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել