«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 152-ՐԴ ԵՎ 283.1-ԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 հունվարի 2022թ. ՍԴԱՈ - 5 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 152-ՐԴ ԵՎ 283.1-ԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 152-ՐԴ ԵՎ 283.1-ԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ և 283.1-ին հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԳԴ/0004/15/21 քրեական գործով որոշումը: Վերոհիշյալ որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ և 283.1-ին հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
2. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի համապատասխանում Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներին, և ըստ այդմ առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը: Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի գործունեության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Սահմանադրության 169-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարան դիմելու կարգի մանրամասները սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին օրենքով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Իսկ նույն օրենքի 5-րդ մասի համաձայն դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանների համար: Օրենքի հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանվում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
3. Դիմողը չի ներկայացրել վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ բավարար հիմնավորումներ, իսկ ներկայացված հիմնավորումներից հետևում է, որ առավելապես առկա է կոնկրետ գործի լուծման համար կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթների իրավական բովանդակության ընկալման հարց և, ըստ էության, բարձրացվում է վիճարկվող դրույթների մեկնաբանության և կիրառության, այլ ոչ սահմանադրականության հարցեր: Ի մասնավորի դիմողը գտնում է, որ «....գործող դրույթները կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի համար հստակ կանխատեսելի չեն դարձնում աշխատողի լիազորությունները կասեցնելու որոշման իրավաչափությունը դատարանում վիճարկելու, դատարանում լսված լինելու իրավունքը (մասնավորապես կանխատեսելի չէ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունները կասեցնելու մասին որոշման քննությունը դռնփակ դատական նիստում նախաձեռնելու իրավունքը, որոշման իրավաչափությունը քննության առնող դատարանի մասին ծանուցված լինելու իրավունքը)»: Այս համատեքստում վիճարկվող իրավակարգավորմանն անդրադառնալով այն մասով, որ «....դատախազի կամ նրա համաձայնությամբ քննիչի միջնորդությունը քննարկվում է դռնփակ դատական նիստում միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի, մեղադրյալի կամ նրա պաշտպանի նախաձեռնությամբ», դիմողը հիշյալ դրույթի իրավական բովանդակության մեկնաբանությունը պայմանավորում է «նախաձեռնություն» եզրույթի լեզվաբանական մեկնաբանությամբ արդյունքում եզրահանգելով, որ «....գործող օրենսդրական կարգավորումներից չի բխում, որ դատարանը որևէ կերպ պետք է նպաստի պաշտպանական կողմի վերոգրյալ նախաձեռնությունը ցուցաբերելուն»: Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումները չեն կարող բխեցվել զուտ լեզվաբանական մեկնաբանությունից, ինչպես նաև վերաբերելի իրավակարգավորումների հատվածական վերլուծությունից: Սահմանադրական դատարանն արձանագրում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, մասնավորապես, 283.1-ին հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ միջնորդությունը քննարկվում է դռնփակ դատական նիստում ինչպես դատարանի պահանջով, այնպես էլ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի, մեղադրյալի կամ նրա պաշտպանի նախաձեռնությամբ, իսկ նույն օրենսգրքի 174.1-ին հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է քննչական կամ այլ դատավարական գործողության կամ դատական նիստի մասին պատշաճ ծանուցել այն անձանց, որոնք ունեն դրան մասնակցելու իրավունք կամ պարտականություն: Սահմանադրական դատարանը բազմիցս իր որոշումներով արձանագրել է, որ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի, վերջիններիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավասությունը Սահմանադրությամբ և օրենքով վերապահված է եռաստիճան դատական համակարգին։
Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 169-րդ հոդվածի 6-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ և 283.1-ին հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
11 հունվարի 2022 թվականի
ՍԴԱՈ-5
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հունվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-5
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
