ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 մայիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 26 | ԳԱՐԻԿ ՄՀԵՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 30 մայիսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Գարիկ Մհերյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գարիկ Մհերյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մայիսի 10-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«Սահմանադրության 27-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասն՝ այն պատճառաբանությամբ, որ այն թույլ չի տալիս մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը դատական վարույթում վերացնել այն հիմնավորմամբ, որ անձի սկզբնական անազատությունը եղել է ոչ իրավաչափ, մասնավորապես՝ քրեադատավարական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը բարձրացնում է հետյալ իրավական հարցադրումը. «Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ անձնական ազատության հիմնարար իրավունքի բովանդակությանը, երբ թույլ չի տալիս, որպեսզի իր գործի ըստ էության քննության փուլում անձն ազատվի կալանքից այն դեպքում, երբ անձի սկզբնական անազատությունը եղել է ոչ իրավաչափ, չնայած որին՝ այդ անազատությունը վերաճել է շարունակական կալանքի»:
Դիմողը գտնում է, որ «(…) մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը չի կարող երկարաձգվել, եթե նա ձերբակալվել է հանցանք կատարած լինելու՝ ոչ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով»:
Դիմողը նշում է, որ «(…) հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձին ձերբակալելու իրավաչափությունը մինչդատական քրեական վարույթում հանդիսանում է ոչ միայն կալանքի կիրառման, այլ նաև կիրառված կալանքի ժամկետի երկարաձգման վարույթի առարկա կամ կալանքի շարունակականության իրավաչափության պայման»:
Միաժամանակ Դիմողը գտնում է, որ դատական վարույթում կալանքի շարունակականությունն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 118-րդ հոդվածի 4-րդ մասը թույլ չի տալիս դատարանին գնահատելու կալանքի իրավաչափության որևէ այլ պայման՝ բացի հիմնավոր կասկածի և կալանքի հիմքերի շարունակական առկայության պայմանների գնահատումից:
Դիմողի պնդմամբ՝ չնայած նրան, որ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի բովանդակությունը և՛ մինչդատական քրեական վարույթում, և՛ դատական վարույթում նույնն է, այնուամենայնիվ Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դատական վարույթում կալանքի շարունակականության համար դատարանը գնահատում է բացառապես հիմնավոր կասկածի և կալանքի հիմքերի առկայությունը, թույլ չի տալիս, որ դատական վարույթում մեղադրյալը կալանքից ազատվի այն պատճառաբանությամբ, որ նրա սկզբնական անազատությունը եղել է ոչ իրավաչափ, ուստի՝ այն չպետք է ունենա շարունակություն:
Դիմողն ընդգծում է, որ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասն իրավամբ որևէ տարբերություն չի դնում քրեական գործի դատավարական փուլերի միջև, այսինքն՝ ազատությունից զրկելու իրավաչափության վիճարկման արդյունքներով սեղմ ժամկետում անձին ազատ արձակելու դատարանի լիազորությունը Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասը հավասարապես երաշխավորում է քրեական դատավարության բոլոր փուլերում, այդ թվում՝ դատական վարույթում:
Դիմողն արձանագրում է, որ «(…) թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով դատական վարույթով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի փաստացի կիրառումը դիմող Գարիկ Մհերյանի համար առաջացրել է իրավական հետևանք, այն է՝ անզատության շարունակականություն այն պայմաններում, երբ Գարիկ Մհերյանի սկզբնական անազատությունը ոչ իրավաչափ է եղել, հետևաբար՝ չպետք է ունենար շարունակություն»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է դիմողի` Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է Օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 27-րդ հոդվածին, այն համատեքստում, որ այն թույլ չի տալիս, որ իր գործի ըստ էության քննության փուլում անձն ազատվի կալանքից, երբ անձի սկզբնական անազատությունը եղել է ոչ իրավաչափ, չնայած որին՝ այդ անազատությունը վերաճել է շարունակական կալանքի:
Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով դիմումը, գտնում է, որ թե՛ Դիմողի դիրքորոշումները, թե՛ խնդրամասում առկա գնահատականները՝ պայմանավորված թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործով անձի սկզբնական անազատության ոչ իրավաչափ լինելու հանգամանքով հիմնավոր կասկածի անմիջականորեն ծագած չլինելու հետևանքով, հիմնված են ենթադրությունների վրա: Մինչդեռ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ առկա չէ որևէ դատական ակտ Դիմողի ձերբակալման ոչ իրավաչափության վերաբերյալ: Մասնավորապես՝ տվյալ համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ թիվ ՀԿԴ/0095/01/23 քրեական գործի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը, համաձայն որի՝ «(...) Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով հատուկ վերանայման բողոքներում պաշտպանի ներկայացրած այն փաստարկներին, որ Գարիկ Մհերյանի ձերբակալման ոչ իրավաչափ լինելն ինքնին հիմք է փաստելու, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024թ. փետրվարի 27-ի թիվ ՀԿԴ/0095/01/23 որոշմամբ թույլ տրված շարունակականությունն այլևս օրինական չէ՝ Վերաքննիչ դատարանը նախ և առաջ արձանագրում է, որ սույն գործով առկա են մեղադրյալ Գարիկ Մհերյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, իսկ սույն հատուկ վերանայման բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանն իրավասու չէ անդրադառնալ և գնահատական տալ ստուգման առարկա չհանդիսացող մեկ այլ դատական ակտի իրավաչափությանը: Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ պաշտպանի կողմից բերված հիշյալ փաստարկումները հիմնավոր չեն և չեն բխում գործող օրենսդրական կարգավորումներից, քանի որ ձերբակալման ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ հատուկ վերանայման բողոքում բերված պնդումներն ինքնին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի ուժով, առավելագույնը կարող են հանգեցնել խափանման միջոց կիրառելու սկզբնական որոշման, սակայն ոչ նաև դրանից հետո կայացված՝ կիրառված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դատական ակտերի (այդ թվում՝ քրեական գործի դատաքննության ընթացքում) ոչ իրավաչափ դիտվելուն»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի՝ սույն անհատական դիմումում արտահայտած իրավական դիրքորոշումները, պնդումները և բարձրացված հիմնահարցը հիմնված են ենթադրությունների վրա, մինչդեռ, անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանի կողմից քննության ենթակա են միայն այն գործերը, որոնցով բարձրացված հարցերի կապակցությամբ ներկայացված դիրքորոշումները հիմնված չեն ենթադրությունների, կանխատեսումների և (կամ) դիմողի համար առավել նախընտրելի հնարավոր իրավական հետևանքների վրա, այլ դրանցով դիմողը հատուկ փաստարկներով հիմնավորում է իր նկատմամբ կիրառված կոնկրետ դրույթի կամ դրույթների՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության և (կամ) դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հակասահմանադրական լինելը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակում չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ տվյալ հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:
Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գարիկ Մհերյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան Անդամներ՝ Վ. Գրիգորյան
Ե. Խունդկարյան
30 մայիսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ–26
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-26
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
