ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 մարտի 2024թ. ՍԴԴԿՈ - 15 | ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 մարտի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Արթուր Խաչիկյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արթուր Խաչիկյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մարտի 12-ին)` խնդրելով.
«(...) Սահմանադրության 39-րդ, 73-րդ, 79 հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասը»:
2. Դիմողի պնդմամբ` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ տվյալ հոդվածով սահմանված ձևակերպումները բավարար չափով կանխատեսելի ու մատչելի չեն, որի արդյունքում՝ իր և իրավակիրառ պրակտիկայում այլ անձանց մասերով կայացված դատական ակտերով այդ նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ, ինչն արդյունքում հանգեցրել է Սահմանադրության 39-րդ հոդվածով երաշխավորված՝ մարդու ազատ գործելու հիմնական իրավունքի խախտման, ինչպես նաև որոշակի դեպքերում իր և այլ անձանց համար ալիմենտային իրավունքներ փոփոխող դատական ակտերին ըստ էության տրվել է հետադարձ ուժ:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմը բովանդակային տեսանկյունից չի հանդիսանում բավականաչափ մատչելի, որը հնարավորություն կտար ալիմենտային իրավահարաբերության մասնակիցներին, քննարկվող պարագայում՝ իրեն, կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում երբվանից է իր նկատմամբ գործելու դատական ակտը, երբվանից պետք է իր վարքագիծը համապատասխանեցնի ալիմենտի փոփոխություն սահմանող դատական ակտին՝ այդ ակտի կայացման պահի՞ց, ուժի մեջ մտնելու պահի՞ց, թե՞ մեկ այլ ժամանակահատվածից:
Դիմողի պնդմամբ՝ նման պարագայում ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձը մինչև նոր կայացվելիք դատական ակտի ուժի մեջ մտնելը և ալիմենտային իրավահարաբերության փոփոխությունը դրսևորում է վարքագիծ, այն է՝ վճարում է սահմանված ալիմենտը, որը սահմանվել է դատական ակտով, սակայն նոր դատական ակտի կայացումից հետո հարկադրված է կրկին կատարել արդեն նոր դատական ակտով մեկ այլ նույնական պարտավորություն:
Ըստ Դիմողի՝ իրավական տեսանկյունից խնդրահարույց, իսկ դատական ակտի հասցեատիրոջ իրավունքների պաշտպանության տեսանկյունից նաև ոտնահարող կլինի արդեն իսկ պատշաճ կատարված պարտականության համար կրկնակի կատարում սահմանող դատական ակտի կայացումը, ինչը հակասում է նաև Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումներին:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։
Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը նշում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ նման դիմումներով բարձրացված հարցերը չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ դուրս են վերջինիս իրավասության շրջանակից:
Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) թիվ ԿԴ1/5762/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում կայացված և օրինական ուժ ստացած եզրափակիչ դատական ակտում ակտը կիրառած դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի կիրառում՝ ՀՀ սահմանադրության հակասող մեկնաբանությամբ, ինչը ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածում հռչակված որոշակիության սկզբունքին չհամապատասխանելու արդյունք է»:
Բացի դրանից, Դիմողը վկայակոչել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «(...) սույն քաղաքացիական գործով կայացված որոշման, որպես իրավական ակտի, գործողությունը չէր կարող տարածվել դրա ուժի մեջ մտնելուց առաջ գործող իրավահարաբերությունների վրա, քանզի նման հնարավորություն չկա նախատեսված այդ ակտի կայացման հիմքում դրված իրավական որևէ նորմում, մասնավորապես ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածում, որն ուղղակիորեն կարգավորում է արդեն իսկ դատական կարգով սահմանված ալիմենտի փոփոխման հնարավորություն և, ի տարբերություն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի, չի սահմանում, որ փոփոխված ալիմենտի բռնագանձման կամ գանձման սկիզբ է հանդիսանում հայցադիմումի ներկայացման օրը»:
Վերոգրյալից ակնհայտ է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԿԴ1/5762/02/19 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես, Դիմողը վիճարկվող՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-րդ մասի՝ Սահմանադրությանը հակասության (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Վերաքննիչ դատարանի կողմից ալիմենտի փոփոխված չափի հատկացման պահ` սկզբնական հայցով հայցվորի դատարան դիմելու պահը սահմանելուն:
Այսինքն` Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԿԴ1/5762/02/19 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արթուր Խաչիկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Թովմասյան
Անդամներ՝ Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
27 մարտի 2024 թվականի
ՍԴԴԿՈ–15
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-15
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
