ԱՐՄԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 հունվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 10 | ԱՐՄԱՆՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 հունվարի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Արմանուշ Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արմանուշ Հարությունյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Լարիսա Բաղդասարյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունվարի 19-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...) Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի՝ այն մասով, որ մասով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով չի նախատեսել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ դիմումով պահանջը՝ որպես հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործ՝ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը:
(...) Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ այն մասով, որ մասով թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.06.2025 թվականի որոշմամբ և թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2025 թվականի որոշմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման դիմումով պահանջը հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործ չի դիտարկվել՝ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածների համապատասխանության հարցը»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՇԴ/3260/02/22 և ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները, Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցը. «արդյո՞ք օրենսդրի կողմից արդարացված և հետապնդվող նպատակին համաչափ է ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հետ կապված գործերի՝ բացառապես հայցային վարույթի շրջանակներում քննության ենթակա լինելու և ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հետ կապված գործերի՝ որպես առանձին հատուկ վարույթով գործերի քննության չնախատեսման իրավակարգավորումը»:
Դիմողը, մասնավորապես, նշում է. «Թիվ ՇԴ/3260/02/22 քաղաքացիական գործով (...) Դատարանը 27.10.2023 թվականի վճռով գտել է, որ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը պետք է ներկայացվի վեճի առարկա անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ դեմ, որպիսի պայմաններում միայն դատարանը հնարավորություն կունենա պատշաճ կերպով գնահատել կողմերի դրսևորած վարքագիծը՝ բարեխղճության ծագման փաստի հաստատման տեսանկյունից։ Նշվածը վերաբերում է այն դեպքերին, երբ անշարժ գույքը ունի գրանցված սեփականատեր և, ըստ այդմ, կողմերի միջև առկա է իրավունքի մասին վեճ։ Դատարանի համոզմամբ, այլ է իրավունքի պաշտպանության եղանակը, երբ գույքը չունի գրանցված սեփականատեր, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է ընձեռել նման իրավահարաբերության մասնակիցներին իրենց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինել հատուկ վարույթների միջոցով։ (..) Դատարանը փաստել է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ վեճի առարկա անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է Հարություն Ավետիսյանին, հետևաբար՝ Հարություն Ավետիսյանը չի հանդիսացել այդ գույքի իրական սեփականատերը և, ըստ այդմ էլ, օբյեկտիվորեն չէր կարող օտարել այն անշարժ գույքը, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանել, իսկ վեճի առարկա անշարժ գույքը Արմանուշ Հուլյանոսի Հարությունյանի կողմից Հարություն Ավետիսյանից ձեռք բերելը՝ Արմանուշ Հուլյանոսի Հարությունյանի մոտ չէր կարող ձևավորել այն համոզմունքը, որ անշարժ գույքն իր տիրապետմանն է անցնում օրինական հիմքով: Գործում բացակայում է նաև որևէ ապացույց առ այն, որ վեճի առարկա անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանել է կամ պատկանում է որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, այդ թվում, Գյումրի համայնքին և ՀՀ Կառավարությանը»:
Դիմողը հավելում է` հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված պատճառաբանությունները՝ ինքը 05.06.2025 թվականին հատուկ վարույթով դիմում է ներկայացրել դատարան՝ բնակարանի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով:
Դիմողը նշում է. «Թիվ ՇԴ/0851/02/25 քաղաքացիական գործով Դատարանը 16.06.2025 թվականին կայացրել է որոշում Դիմումի ընդունումը մերժելու մասին՝ արձանագրելով, որ Արմանուշ Հարությունյանի կողմից վկայակոչված փաստերից և դիմումին կից վերջինիս կողմից Դատարան ներկայացված փաստաթղթերից ուղղակիորեն հետևում է, որ դիմողին հայտնի է եղել այն հանգամանքը, որ Անշարժ Գույքի նկատմամբ իրավունքներ կրող անձ է հանդիսացել Հովհաննես Ավետիսյանը, և դիմողը կարող էր կանխատեսել սույն գործով իրավունքի մասին վեճի ծագման հնարավորությունը: Ավելին, նույնիսկ այն դեպքում, եթե Հովհաննես Ավետիսյանը չի վիճարկում դիմողի կողմից վիճելի գույքը բարեխիղճ, բացահայտ, տասը տարի անընդմեջ, որպես սեփական գույք տիրապետելու փաստերը, նշվածը չի բացառում իրավունքի մասին վեճի առկայությունը: Այլ կերպ ասած, անկախ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերի անվիճելի լինելու հանգամանքից, չի կարող բացառվել իրավունքի մասին վեճի հնարավորությունը: Դատարանն արձանագրել է, որ սույն գործով առկա են հակադիր շահերով օժտված կողմեր՝ դիմողը և Հովհաննես Ավետիսյանը՝ ում Գյումրու քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 29.11.2024թ. թիվ 29 որոշմամբ հատկացված է եղել Անշարժ Գույքը: Ուստի Դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում իրականում առկա է իրավունքի մասին վեճ, ընդ որում էական չէ, թե արդյոք հակադիր շահով օժտված կողմը ընդունում է դիմողի վկայակոչած փաստերը, թե՝ ոչ, կարևոր է, որ վերջինս դիմումի նկատմամբ առարկելու իրավունք ունի: Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտել է, որ դիմողի կողմից ներկայացված պահանջը կարող է քննվել միայն հայցային վարույթի կարգով (...)»:
Դիմողի պնդմամբ` «(…) Դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածով թվարկված են հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերը, սակայն նշված նորմով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին գործերի հատուկ վարույթի կարգով քննության ընթացակարգ նախատեսված չէ»:
Դիմողը նշում է, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 29.07.2025 թվականի որոշմամբ դիմողի վերաքննիչ բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ դատարանը հատուկ վարույթի ընթացակարգի շրջանակներում չի հաստատում սեփականության իրավունքի ծագումը, այլ միայն կարող է արձանագրել իրավական վիճակը:
Դիմողը նշում է նաև. «(...) հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործերում՝ քննության առարկա է հանդիսանում միայն դիմողի որևէ գույքային կամ ոչ գույքային իրավունքի ճանաչումը, փոփոխումը և դադարումը: Սակայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասը և նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասը չի սահմանում, որ դատարանը քննում է այն գործերը, որոնք վերաբերում են գույքի սեփականության իրավունքի ճանաչմանը, օրենսդրի կողմից հատուկ շեշտադրում է կատարվել՝ այն գործերը, որոնք վերաբերում են շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերին և սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը՝ թողնելով իրավական անորոշություն նշված գործերի քննության կապակցությամբ, թե արդյո՞ք նշված գործերի մեջ ենթադրվում է նաև անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման պահանջը ձեռքբերման վաղեմության ուժով՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ հատուկ վարույթի գործ։
(…)
Հետևապես օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումը մեր դիտարկմամբ պետք է վերաբերեր նաև ձեռքբերման վաղեմությամբ անշարժ գույքի տիրապետմանը և այդ հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելուն, իսկ հակառակ մեկնաբանման արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը պրակտիկորեն չէր իրագործվի, և վերջինիս գործողությունը ի չիք կդառնա:
Միաժամանակ հարկ է նշել, որ ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերի քննությունը նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (...)»:
Ըստ Դիմողի՝ «(…) փաստացի իրավական պրակտիկայում նշված կարգավորման բացակայությունը տեղի է տվել տարընկալման, ոչ որոշակի դատաիրավական պրակտիկայի զարգացման՝ հաշվի առնելով, որ նշված գործերով չի ապահովվում իրավական որոշակիության սկզբունքի կիրառումը (...)»:
Դիմողը եզրահանգում է. «Նման պայմաններում գտնում եմ, որ սահմանափակվել է Դիմողի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, քանի որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 186-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման դատական պաշտպանության կառուցակարգը լիարժեք չի նախատեսել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով և նույն օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով և առաջնահերթ տարբերակված մոտեցում է դրսևորել տիրազուրկ շարժական գույքի և տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերի քննության միջև՝ չնախատեսելով տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ գործերի հատուկ վարույթ, մյուս դեպքում տարբերակված մոտեցում է դրսևորել անշարժ գույքի սեփականության իրավունքի տիրապետման՝ որպես հատուկ վարույթով նախատեսված իրավաբանական փաստի հաստատման վերաբերյալ գործի և անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման՝ որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ գործերի միջև, ինչն ակնհայտորեն սահմանափակում է դատական պաշտպանություն հայցող անձի` սույն դեպքում Դիմողի արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները, ինչպես նաև սահմանափակել՝ Դիմողի սեփականության իրավունքի ճանաչման և պաշտպանության իրավունքների իրացումը, քանի որ մի դեպքում շահագրգիռ անձին օրենսդիրը տվել է իրավունք իր՝ անշարժ գույքի տիրապետման փաստի հաստատման պահանջով հատուկ վարույթով դիմելու, իսկ մի դեպքում՝ անշարժ գույքի սեփականության իրավունքի ճանաչման պահանջով հատուկ վարույթով դիմելու իրավունք չի նախատեսել, նման պայմաններում առաջանում է իրավական անորոշություն, անհամաչափություն և ոչ արդարացված մոտեցում, այդ թվում օրենսդրական բաց, որը համահունչ չէ ՀՀ Սահմանադրության 60-61-րդ, 63-րդ, 75-րդ և 78-79-րդ հոդվածներին՝ հաշվի առնելով, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված նշված միջոցը պիտանի և անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, քանի որ նման օրենսդրական մեկնաբանման և կիրառման արդյունքում էականորեն խաթարվում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ պահանջով անձի՝ արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքները՝ հատուկ վարույթի գործերով նշված գործերի չնախատեսմամբ»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝
1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է նշված հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝
ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,
բ) համապատասխան օրինադրույթները Դիմողի նկատմամբ կիրառվել են դատարանի կողմից,
գ) համապատասխան օրինադրույթները Դիմողի նկատմամբ կիրառվել են դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Արմանուշ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի, 237-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 237-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի՝ այն մասով, որով օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236 և 237-րդ հոդվածներով չի նախատեսել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ դիմումով պահանջը՝ որպես հատուկ վարույթի կարգով քննության ենթակա գործ՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝ Ս. Սաֆարյան
Հ. Հովակիմյան
22 հունվարի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հունվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
