ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-53)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 հոկտեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 53 | ԱՆԱՀԻՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՈՐՈՇՈՒՄ
Քաղ. Երևան 20 հոկտեմբերի 2020 թ.
Սահմանադրական դատարանը, գործելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի, 69-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա, Մասնակցությամբ դատավորներ Է. Շաթիրյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի և Ա. Խաչատրյանի,
քննության առնելով Անահիտ Սաղաթելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Անահիտ Սաղաթելյանը (ներկայացուցիչ Արտակ Զեյնալյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի սեպտեմբերի 22-ին) խնդրելով. «1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 78, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ 14.07.1998 թ. ՀՕ-230 օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին և 3-րդ, 4, 29, 61 և 63, 75, 78, 79, 80-րդ, 162 և 163-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ 14.07.1998 թ. ՀՕ-230 օրենքի 30, 31-րդ, «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ 23.10.1995 թ. ՀՕ-13 օրենքի 19, 20, 23, 25, 26-րդ հոդվածների դրույթները»:
2. Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը ներառյալ:
3. Դիմողը գտնում է, որ իր համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված, մասնավորապես թիվ ՎԴ/7707/05/17 վարչական գործով դատական ակտերում փաստացի կիրառված, այդ թվում անմիջականորեն վկայակոչված, inter alia, «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ 14.07.1998 թ. ՀՕ-230 օրենքի (ընդունվել է 17.06.1998թ.) 30, 31-րդ հոդվածների, «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ 23.10.1995 թ. ՀՕ-13 օրենքի 19, 20, 23, 25, 26-րդ հոդվածների դրույթները (նշված օրենքներն ուժը կորցրած են ճանաչվել 18.05.2007 թ.): Դիմողն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ սույն գործով վիճարկվում են ուժը կորցրած դրույթներ, սակայն դրանք դատական ակտերով կիրառվել են իր նկատմամբ, և անձը պետք է ունենա սահմանադրական արդարադատության իրավունք: Ըստ դիմողի թեև Վարչական դատարանը թիվ ՎԴ/7707/05/17 վարչական գործով իր 06.08.2018 թվականի վճռում չի վկայակոչել այն օրենքի վավերապայմանները, որի դրույթները, բովանդակային առումով, փաստացի կիրառել է, սակայն իրավաչափ է գնահատել այդ հիմքով վրա հասած իրավական հետևանքը, այսինքն թեև դատական ակտում իրավադրույթի վավերապայմանները ձևականորեն վկայակոչված չեն, սակայն «օրենքի նորմի կիրառումն իրական բովանդակություն ունի», այլ կերպ ասած այն կիրառվել է: Ընդ որում, Վարչական դատարանի թիվ ՎԴ/7707/05/17 վարչական գործով 06.08.2018 թվականի վճռով «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ 14.07.1998 թ. ՀՕ-230 օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ ենթակետի դրույթների կիրառման իրավաչափությունը բողոքարկվել և վիճարկվել է վերադաս ատյաններում: Դիմողը մատնանշում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճռում հիշեցրել է, որ որոշելու համար արդյոք տրիբունալը, ատյանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կարո՞ղ է համարվել «անկախ», պետք է հաշվի առնել, inter alia, դրա անդամների նշանակման կարգը և նրանց պաշտոնավարման ժամկետը, արտաքին ճնշումների դեմ երաշխիքների առկայությունը և այն հարցը արդյոք մարմինն ընկալվո՞ւմ է որպես անկախ։ Ինչ վերաբերում է «անկողմնակալության» հարցին, ապա այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ տրիբունալը, ատյանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է պետք է ապահովի բավարար երաշխիքներ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (տե՛ս Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, § 42, Օլեքսանդր Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի, գանգատ N 21722, § 103): Դիմողը գտնում է, որ «Դատավորի կարգավիճակի մասին» և «Արդարադատության խորհրդի մասին» օրենքներում բացակայում են նորմատիվ պատվիրաններն ու իրավակարգավորումներն այն մասին, թե ինչի՞ (դիմումի, բողոքի կամ պլանային ստուգումների) հիման վրա են նախաձեռնվում «օրենքի խախտման» և «օրենքի կոպիտ խախտման» վերաբերյալ ստուգումները, վարույթները, իրավաչափության ստուգումը վերաբերվում է դատական ակտով օրենքի կիրառմա՞նը, թե՞ նաև չավարտված ընթացքի մեջ գտնվող գործերով թույլ տված հնարավոր անգործությանը ևս: Բացակայում են վարույթի, դրա փուլերի ժամկետները սահմանող նորմատիվ պատվիրաններն ու իրավակարգավորումները: Բացակայում են նորմատիվ պատվիրաններ ու իրավակարգավորումներ այն մասին, թե «օրենքի խախտման» և «օրենքի կոպիտ խախտման» հիմքով սկսված վարույթները մեկը մյուսի փոխվո՞ւմ են, թե՞ ոչ, եթե փոխվում են, ապա ինչպե՞ս, ի՞նչ ակտով: Դիմողն արձանագրում է, որ վկայակոչված օրենքներում բացակայում են վարույթ հարուցված սկսված լինելու մասին, վարույթի ժամկետների, դատավորի իրավունքների մասին նրան պատշաճ ծանուցելու, դատավորի ներկայացուցիչ, փաստաբան ունենալու մասին, Արդարադատության խորհրդի անդամներին բացարկ կամ նրանց կողմից ինքնաբացարկ հայտնելու նորմատիվ պատվիրաններն ու իրավակարգավորումները: «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում, եթե «օրենքի խախտման» համար սահմանված է պատասխանատվության չորս տեսակ, ապա «օրենքի կոպիտ խախտման» համար միայն մեկը «լիազորությունների դադարեցում» այն պարագայում, երբ առկա չեն «օրենքի խախտման» և «օրենքի կոպիտ խախտման» տարբերիչ չափորոշիչներ: Դիմողը պնդում է, որ Արդարադատության խորհրդի եզրակացության խորհրդատվական բնույթ ունենալու պայմաններում սահմանադրաիրավական վեճի առարկա օրենքները չեն պարունակում Հանրապետության նախագահի կողմից դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագրի պատճառաբանված լինելու նորմ: Դիմողի կարծիքով «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 30-րդ, 31-րդ հոդվածները և դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված դրույթները հակասում են իշխանությունների բաժանման, արդարադատության իրականացման գործառույթի, դատական համակարգի կառուցվածքին, կազմակերպմանը և գործառույթներին վերաբերող սահմանադրական հիմունքներին։ Ըստ դիմողի Արդարադատության խորհուրդը չունի դատական անկախության ատրիբուտները, այն դատարան չէ, չի կարող իրականացնել արդարադատություն: Հետևաբար սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները Արդարադատության խորհրդին դատավորի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարց քննելու լիազորությամբ օժտելու մասով, հակասում են ՀՀ Սահմանադրության 4, 162, 163, 78, 79, 80 և 61, 63-րդ հոդվածներին: Սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկա «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի դրույթները կարգապահական վարույթի, դրան ներկայանալու մասին դատավորին պատշաճ ծանուցելու մասին դրույթներ չպարունակելու հետևանքով հակասում են ՀՀ Սահմանադրության 61, 63, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին: Դիմողը պնդում է, որ տվյալ դեպքում սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթներում իրավական անորոշությունը, իրավական բացը իրավակիրառողին տալիս է սուբյեկտիվ մեկնաբանության անսահման շրջանակ: Վեճի առարկա դրույթներում առկա է իրավական անորոշություն, իրավական բաց, որը չի սահմանափակվում որևէ սկզբունքով, չափանիշով կամ չափորոշիչով, որոնք և՛ իրավակիրառողին, և՛ դատավորներին հնարավորություն կտային կանխատեսելի դարձնել տվյալ նորմի կիրառությունը, իրավահարաբերության մեջ մտնելու իրավական հետևանքը։ Նման կարգավորման արդյունքում իրավակիրառողը ձեռք է բերում հայեցողության անսահման հնարավորություն, որը չի ապահովում կամայականության դեմ արդյունավետ երաշխիք առաջացնելով իրավունքի գերակայության և իրավական պետության սկզբունքների խախտում դրանով իսկ սահմանափակելով մարդու իրավունքները: Այսպիսով, «Դատավորի կարգավիճակի մասին» և «Արդարադատության խորհրդի մասին» օրենքների սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 29 և 75-րդ հոդվածներին: Տվյալ դեպքում «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ 14.07.1998 թ. ՀՕ-230 և «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ 23.10.1995 թ. ՀՕ-13 օրենքների վիճարկվող դրույթներում առկա է իրավակարգավորման թերություն և օրենսդիրը չի կարող ձեռնպահ մնալ սահմանելու դատավորի արդար դատաքննության իրավունքները ապահովող դատավարական նորմեր, դրույթներ իրավական, կանխատեսելի, համաչափ օրենքի չափանիշներին համապատասխանող, այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով հնարավոր չէ հաղթահարել իրավական բացը, դրանք դատական ակտերով աներկբա հաստատում ունեն, իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը:
4. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով խնդրո առարկա դիմումը և կից ներկայացված նյութերը, գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործը ենթակա է ընդունման քննության մասամբ հետևյալ պատճառաբանությամբ 4.1. «Դատավորի կարգավիճակի մասին» 17.06.1998 թ. ՀՕ-230 օրենքի 31-րդ հոդվածի և «Արդարադատության խորհրդի մասին» 23.10.1995 թ. ՀՕ-13 օրենքի 20-րդ հոդվածի մասով «Դատավորի կարգավիճակի մասին» 17.06.1998 թ. ՀՕ-230 օրենքը և «Արդարադատության խորհրդի մասին» 23.10.1995 թ. ՀՕ-13 օրենքն ուժը կորցրած են ճանաչվել 18.05.2007 թվականից: Սույն գործում առկա դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ նշյալ դրույթները դիմողի նկատմամբ չեն կիրառվել: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Հետևաբար դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես.
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած յուրաքանչյուր ոք Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 4.2. «Արդարադատության խորհրդի մասին» 23.10.1995 թ. ՀՕ-13 օրենքի 23-րդ, 25-րդ և 26-րդ հոդվածների մասով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սույն պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր ո´ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Այս պահանջները չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը նշյալ դրույթների մասով չի պահպանել վերոշարադրյալ օրենսդրական պահանջները։ 4.3. «Դատավորի կարգավիճակի մասին» 17.06.1998 թ. ՀՕ-230 օրենքի 30-րդ հոդվածի և «Արդարադատության խորհրդի մասին» 23.10.1995 թ. ՀՕ-13 օրենքի 19-րդ հոդվածի մասով Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումի հիման վրա նշյալ դրույթների մասով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.
1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է
ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,
գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դ) դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները.
3. դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5. դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 1-ին և 3-7-րդ մասերով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
1. Անահիտ Սաղաթելյանի դիմումի հիման վրա «Դատավորի կարգավիճակի մասին» 17.06.1998 թ. ՀՕ-230 օրենքի 30-րդ հոդվածի, «Արդարադատության խորհրդի մասին» 23.10.1995 թ. ՀՕ-13 օրենքի 19-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունել քննության:
2. Անահիտ Սաղաթելյանի անհատական դիմումով գործի քննությունը մնացյալ մասով մերժել:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:
Նախագահող
Դատավորներ
20 հոկտեմբերի 2020 թվականի
ՍԴԴԿՈ53
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հոկտեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-53
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
