Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ, 1.2. ԵՎ 1.3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ, 1.2. ԵՎ 1.3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-10512 սեպտեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-105)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 սեպտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 105 | «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ, 1.2. ԵՎ 1.3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 81-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ, 1.2. ԵՎ 1.3-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.1-ին, 1.2. և 1.3-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2023 թվականի օգոստոսի 9-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ Դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «(…) ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.1-ին, 1.2-րդ և 1.3-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 16-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 61-րդ, 63-րդ, 71-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) «Քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով» վերտառությամբ 81-րդ հոդվածում վիճարկվող իրավական նորմերը լրացվել են «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 12.07.2023թ. ՀՕ-273-Ն օրենքով: Ներկայացնելով հիշյալ օրենքի նախագծի ընդունման պատմությունը Դիմողն արձանագրում է, որ վիճարկվող դրույթները խնդրահարույց են գնահատվել հանրային իշխանության բազմաթիվ շահագրգիռ մարմինների կողմից: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերը չեն համապատասխանում իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին, իսկ իրավական որոշակիության բացակայությունը վիճարկվող իրավանորմերի գործողության պայմաններում, հանգեցնելու է նույն իրավական նորմի միանման փաստական հանգամանքներում տարաբնույթ մեկնաբանությունների, կամայական կիրառման, ինչի հետևանքով ձևավորվելու է ոչ միասնական, խտրական մոտեցում, ինչն էլ, իր հերթին, հանգեցնելու է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի կենսագործման իրական վտանգի: Ներկայացնելով վիճարկվող նորմերի բովանդակությունը Դիմողը հանգում է հետևության առ այն, որ օրենսդիրը նման իրավական անորոշության պայմաններում իրավասու իրավակիրառ մարմնին հնարավորություն է ընձեռել պարզապես գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատել մարդու այնպիսի հիմնարար արժեքների դեմ ուղղված հանցանքներ կատարած անձանց, ինչպիսիք են կյանքը, արժանապատվությունը, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը, անձնական ազատությունը, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի արգելքը և այլն: Դիմողի պնդմամբ վիճարկվող իրավական նորմերում իրավական որոշակիության բացակայության և Օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերի նորմերի միջև ստեղծված համակարգային հակասության պայմաններում մեղադրյալը զրկվելու է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից, ինչն էլ հանգեցնելու է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման, ուստիև վիճարկվող նորմերը հակասում են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին: Այս կապակցությամբ Դիմողը նշում է. «Վիճարկվող իրավական նորմերը, հակասելով Սահմանադրության իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ 79-րդ հոդվածին, և այնքանով, որքանով ստեղծում են ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների վերաբերյալ վարույթները նախաքննության փուլում ավարտելու հնարավորություն դրանով մինչդատական վարույթն իրականացնող անձանց մոտ ստեղծելով այս գործերը արագ քննելու և «ավելորդ» չծանրաբեռնվելու նախատրամադրվածություն, հակասում են տուժողի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին, քանի որ թերություններով իրականացված նախնական քննությունը բացասաբար է անդրադառնալու լրջագույն հանցանքների համար պատասխանատուներին, հանցագործությամբ պատճառված վնասի չափը և գործի արդարացի լուծման համար այլ էական հանգամանքները պարզելու/որոշելու դատարանի կարողության վրա,(...)»: Դիմումում վկայակոչված միջազգային իրավական ակտերի, դրանցով ձևավորված միջազգային իրավական չափանիշների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո Դիմողը հանգում է հետևության առ այն, որ վիճարկվող նորմերում ստեղծված իրավական անորոշության պայմաններում վարույթն իրականացնող մարմնին մարդու կյանքի դեմ ուղղված լրջագույն հանցանքներ կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու լայն, գրեթե ոչնչով չսահմանափակված լիազորություն ընձեռելը, խախտում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջները և այդպիսով հակասում Սահմանադրության կյանքի իրավունքը հռչակած 24-րդ հոդվածին: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերը հակասում են Սահմանադրության 23, 25 և 27-րդ հոդվածներին, քանի որ «(...) վիճարկվող իրավական նորմերով ստեղծված իրավական անորոշության պայմաններում վարույթն իրականացնող մարմնին ընձեռում են մարդու, պատվի, արժանապատվության, ազատության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված լրջագույն հանցանքներ կատարած անձանց պարզապես գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու չափազանց լայն հնարավորություն»: Ներկայացնելով խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերը հակասում են Սահմանադրության 26-րդ հոդվածին, քանի որ «(...) վիճարկվող իրավական նորմերով ստեղծված իրավական անորոշության պայմաններում վարույթն իրականացնող մարմնին ընձեռում են խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի տարրեր պարունակող ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարած անձանց գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու լայն/կամայական հնարավորություն»: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերն այնքանով, որքանով ստեղծում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ վարույթները նախաքննության փուլում ավարտելու հնարավորություն և դրանով մինչդատական վարույթ իրականացնող անձանց մոտ ձևավորում են այդպիսի գործերն արագ քննելու և «ավելորդ» չծանրաբեռնվելու նախատրամադրվածություն, խախտում են տուժողի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները: Մեջբերելով միջազգային մի շարք փաստաթղթեր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները հակասում են անպատժելիության բացառման մասին միջազգային իրավական ակտերի և դրանց վերաբերյալ պրակտիկայի պահանջներին այդպիսով նաև հակասելով Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասին: Դիմողը պնդում է, որ վիճարկվող նորմերի գործողության պայմաններում «(...) երբ քրեական պատասխանատվությունից ազատող սուբյեկտը ունենալու է նորմի կամայական մեկնաբանման և կիրառման լայն հնարավորություն, իշխանություն կրողի գործողությունները կարող են լինել անկանխատեսելի և ոչ իրավաչափ»: Սույն մտահոգությունը Դիմողը հիմնավորում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՕ-273-Ն օրենքի նախագծի հիմնավորումները մեջբերելով, որում նշված է, որ օրենքի ընդունման նպատակը նախաքննական մարմինների և դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափումն է: Նման պայմաններում Դիմողը գտնում է, որ «(…) վարույթ իրականացնող մարմինները, խուսափելով «ավելորդ» ծանրաբեռնվածությունից, չեն իրականացնելու գործերի պատշաճ քննություն և, օգտվելով գործուն զղջալու ինստիտուտի ընձեռած լայն հնարավորություններից, դադարեցնելու են քրեական հետապնդումը, ինչի հետևանքով խախտվելու է Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, (...)»: Վերոգրյալի լույսի ներքո Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.1-ին, 1.2. և 1.3-րդ մասերը հակասում են Սահմանադրության 16, 23, 24, 25, 26, 27, 28, 61, 63, 71 և 79-րդ հոդվածներին:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (08.02.2019թ. ՍԴԱՈ-12, 26.11.2019թ. ՍԴԱՈ-141, 30.11.2020թ. ՍԴԱՈ-222, 15.02.2021թ. ՍԴԱՈ-32, 03.12.2021թ. ՍԴԱՈ-248 և այլն) բացահայտել է այն հարցերի շրջանակը, որոնք սահմանադիրը չի դիտարկել իբրև Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցեր: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող համապատասխան պետական մարմիններին և պաշտոնատար անձանց սահմանադիրն իրավունք է վերապահել դիմելու Սահմանադրական դատարան` բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է Սահմանադրության 168-րդ հոդվածով նախանշված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն: Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև փորձում է բարձրացնել գործուն զղջալու հիմքով ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու վարույթն իրականացնող մարմնի հայեցողության խնդիրը այն պայմանավորելով իրողությամբ առ այն, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում վարույթն իրականացնող մարմնի հայեցողական լիազորության կիրառմամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձինք կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, ինչը, Դիմողի ընկալմամբ, համահունչ չէ Սահմանադրության 16, 23, 24, 25, 26, 27, 28, 61, 63, 71 և 79-րդ հոդվածներին: Ուսումնասիրելով դիմումում ներկայացված հիմնավորումները Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ թեև Դիմողը դիմումի խնդրամասում Սահմանադրական դատարանին խնդրում է ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.1-ին, 1.2-րդ, 1.3-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 16-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 61-րդ, 63-րդ, 71-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այնուամենայնիվ դիմումի բովանդակության մեջ վիճարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1․2-րդ և 1․3-րդ մասերի Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավորումներն իսպառ բացակայում են: Բացի դրանից Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմումում շատ դեպքերում փորձ է արվում հիմնավորել

1) հերքելով օրենսդրական փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության հեղինակի հիմնավորումները և հակառակը փորձելով հիմնավորել օրենսդրական այդպիսի փոփոխության անհրաժեշտության բացակայությունը (տես` դիմումի 10․5․ կետ, էջ 22),

2) մատնանշելով վիճարկվող նորմի ներմուծմամբ քրեաիրավական նորմերի միջև ենթադրյալ հակասությունների առաջացումը (տես` դիմումի 12-18-րդ կետեր, էջ 23-26),

3) կանխատեսելով վիճարկվող նորմով գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտի և քրեաիրավական, ինչպես նաև քրեադատավարական այլ ինստիտուտների ներհամակարգային հակասությունների առաջացման հնարավոր վտանգներ (տես դիմումի 20-20․2-րդ կետեր, էջ 26-27)։ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Սահմանադրական դատարանի առջև նման հարցեր բարձրացնելն ինքնին, իր բնույթով վկայում է սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճի բացակայության, ուստիև` սահմանադրական վերահսկողության առարկա չլինելու մասին։ Ի թիվս վերոշարադրյալի, Դիմողը վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը փորձ է անում հիմնավորել նաև նրանով, որ վիճարկվող դրույթում տեղ գտած ձևակերպումներին, այդ թվում օգտագործվող անորոշ իրավական հասկացությանը, ապագայում իրավակիրառ պրակտիկայում, կարող է տրվել հնարավոր խեղված, ոչ միասնական, կամայական մեկնաբանություն։ Ըստ այդմ էլ, Դիմողի գնահատմամբ` ապագայում իրավակիրառ պրակտիկայում «այլ հանգամանքների հետ կապված բացառիկ գործոնների» փաստակազմի պայմանը կարող է ստանալ այնպիսի մեկնաբանություն, որի պայմաններում «(…) հանցանք կատարած գրեթե յուրաքանչյուր անձի արարքում առկա կամ նրան բնութագրող մեղմացնող հանգամանքները, որոնք այժմ գոյություն ունեցող պրակտիկայում չեն համարվում բացառիկ, այսուհետ դատախազի կողմից հայեցողաբար, իսկ իրականում կամայականորեն, կարող են ճանաչվել բացառիկ (.․․)»։ Ընդ որում զարգացնելով վիճարկվող դրույթի հակասահմանադրականության այս տեսակ հիմնավորումները, Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթի այդպիսի կամայական, անկանխատեսելի, ձևախեղված և Սահմանադրությանը ոչ համահունչ մեկնաբանության հիման վրա էլ իրավակիրառը հնարավորություն կստանա անձանց կամայականորեն ազատել քրեական պատասխանատվությունից կամայականորեն իրացնելով Օրենսգրքի վիճարկվող դրույթով իրեն ընձեռված հայեցողությունը։ Այլ կերպ դիմումի հակասահմանադրականության հիմնավորումները Դիմողը գերազանցապես փաստարկում է ելնելով իրավակիրառի վիճարկվող դրույթը և՛ կամայական մեկնաբանելու, և՛ կամայական կիրառելու կանխավարկածով, և՛ որպես հետևանք առաջացող իրավական նիհիլիզիմ պարունակող իրավակիրառի հնարավոր վարքագծի դրսևորման վտանգով, նշելով հետևյալը․ «(...) այնքանով, որքանով ստեղծում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ վարույթները նախաքննության փուլում ավարտելու հնարավորություն և դրանով մինչդատական վարույթ իրականացնող անձանց մոտ ձևավորում են այսպիսի գործերը արագ քննելու և «ավելորդ» չծանրաբեռնվելու նախատրամադրվածություն հակասում են տուժողի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին (...)»։ Սույն եզրահանգման մասին է վկայում նաև Դիմողի մի շարք այլ պնդումները, մասնավորապես «(...) Իրավական որոշակիության բացակայությունը հանգեցնելու է նույն իրավական նորմի միանման փաստական հանգամանքներում տարաբնույթ մեկնաբանությունների, կամայական կիրառման, ինչի հետևանքով ձևավորվելու է ոչ միասնական, խտրական մոտեցում, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի կենսագործման իրական վտանգի (...)»: Դիմողը, ի թիվ այլնի, նշում է. «(...) կիրառելի չէ ոչ բավարար հստակությունը դատարանի մեկնաբանություններով լրացվելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, քանզի տվյալ դեպքում առկա է ոչ թե ոչ բավարար հստակություն, այլ իրավական խառնաշփոթ, քաոս, համակարգային հակասություններ: Նախաքննության ընթացքում վիճարկվող նորմերի մեկնաբանումը և կիրառումը լինելու են անվերահսկելի և զուրկ միասնականությունից», «(...) Այս համատեքստում չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն ունի պարզապես գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու, օրինակ, այլ պետություն տեղափոխելով երեխաների թրաֆիքինգով զբաղվելու մեջ մեղադրվող պաշտոնատար անձին, (...)»: Գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի դատողությունները որևէ կերպ պատճառաբանված չեն, հիմնված են խիստ վերացական ենթադրությունների, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր հակասական մեկնաբանության և կիրառման վրա, որպիսի հանգամանքը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս արձանագրել, որ Դիմողն առաջնորդվում է իրավակիրառի վիճարկվող դրույթների հակասահմանադրական մեկնաբանման և կիրառման չհիմնավորված կանխավարկածով, ինչը չի կարող ինքնին ներկայացված ենթադրյալ վեճին սահմանադրաիրավական բովանդակություն հաղորդել: Վերահաստատելով իր այն դիրքորոշումը, որ անորոշ իրավական հասկացությունների «(․․․) օգտագործումն օրենսդրի հայեցողության տիրույթում է, իսկ մեկնաբանման միջոցով դրա բովանդակության բացահայտման իրավազորությունը վերապահված է իրավակիրառ մարմինների ու առաջին հերթին եռաստիճան դատական համակարգին» (2022 թ․ սեպտեմբերի 6-ի ՍԴԱՈ-143 աշխատակարգային որոշման 4․2 կետ) Սահմանադրական դատարանը կրկին անգամ ընդգծում է, որ Օրենսդրի հայեցողության տիրույթում է իրավական նորմերը ձևակերպել, այդ թվում նաև անորոշ իրավական հասկացությունների օգտագործմամբ իրավակիրառին տալով, դրա կենսագործման ընթացքում կոնկրետ իրավիճակից և գործի փաստական հանգամանքներից ելնելով, նորմին իրավաչափ բովանդակություն/մեկնաբանություն հաղորդելու հնարավորություն։ Ըստ այդմ անորոշ իրավական հասկացությամբ պայմանավորված նորմի` ապագայում ձևախեղված հնարավոր մեկնաբանության և կամայական կիրառման վերաբերյալ վերացական ենթադրությունները, ինքնին սահմանադրական վերահսկողության առարկա չեն կարող դառնալ։ Վերոգրյալը հիմք է տալիս Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.1-ին, 1.2. և 1.3-րդ մասերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված պատճառաբանությունները բավարար կերպով փաստարկված չեն, մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը հստակ ամրագրել է սեփական փաստարկները ներկայացնելու աներկբա պահանջ: Անդրադառնալով վիճարկվող նորմերի իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքին չհամապատասխանելու վերաբերյալ Դիմողի պնդմանը Սահմանադրական դատարանը հարկ է համարում Դիմողի ուշադրությունը հրավիրել իրավական որոշակիության սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտող որոշումներին, որոնց շրջանակներում Սահմանադրական դատարանը, մասնավորապես, նշել է.

- «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49) (2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշում (սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը վերահաստատվել է Սահմանադրական դատարանի 2019 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1452, 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշումներով)),

- «(…) իրավական որոշակիությունը չպետք է բացարձականացնել, և անորոշության որոշակի տարրեր պարունակող իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում անհրաժեշտ որոշակիության ծավալը լրացնելու ու իրավական կարգավորման կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառին» (2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴՈ-1669 որոշում),

- «(…) իրավական որոշակիության սկզբունքի ապահովման առումով ընդհանուր տրամաբանությունն հանգում է այն գաղափարին, որ թեև իրավական որոշակիությունն անհրաժեշտ է, այնուամենայնիվ, այդ սկզբունքը չի բացառում իրավական ակտերում այնպիսի ձևակերպումների կամ եզրույթների առկայությունը, որոնք գնահատողական բնույթ ունեն և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առավել հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում» (2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշում): «Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները» (2021 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1610 որոշում, 4.1.2. կետ): Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի ներկայացրել վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասելու հիմնավոր փաստարկներ, իսկ վերջինիս մտահոգությունները կապված իրավակիրառ պրակտիկայում դրանց հնարավոր հակասահմանադրական մեկնաբանության և կիրառման հետ, կարող են սահմանադրական վերահսկողության առարկա դառնալ այն պարագայում, երբ իրավակիրառ պրակտիկան իրապես զարգանա Դիմողի կողմից վկայակոչված հակասահմանադրական հունով: Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտների կողմից ներկայացվող համապատասխան դիմումը պետք է բավարարի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով ամրագրված պահանջները բովանդակելով, ի թիվս այլնի, նաև սահմանադրաիրավական վեճի էությունը և տվյալ վեճի առկայությունը հավաստող փաստարկները, որպիսիք չեն կարող դիտարկվել լոկ Դիմողի վիճարկվող նորմերի իրավակիրառ պրակտիկայում ենթադրյալ/հնարավոր հակասահմանադրական մեկնաբանման և կիրառման ենթադրություններն ու մտահոգությունները։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարան դիմող առանձին սուբյեկտներին առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորը սոսկ վերացական բնույթ չէր կրում: Սահմանադրական արդարադատություն հայցելիս օրենսդրական բարձր գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում ենթադրյալ հակասահմանադրական իրավակարգավորումները Բարձր դատարանի առջև բարձրացնելու նպատակային գործիքակազմը մշտապես պետք է ծառայի հանրային կյանքի բոլոր ոլորտներում Սահմանադրության գերակայության հաստատմանն ու ամրապնդմանը: Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներն իրենց բովանդակությամբ պետք է բարձրացնեն հասարակական կյանքի տարաբնույթ ոլորտների վիճելի իրավակարգավորումների սահմանադրականության խնդիրներ, ուստի յուրաքանչյուր դեպքում բարձր կարգավիճակ ունեցող սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում ձգտել առավելագույնս բացահայտել վիճարկվող օրինադրույթների հակասահմանադրականությունը ինչպես իրավական, այնպես էլ մեթոդաբանական ու մեկնաբանողական ճիշտ գործիքակազմի կիրարկմամբ պայմանավորված նաև իրողությամբ առ այն, որ սահմանադրաիրավական վեճ պարունակող դիմումի ընդունելիությունը բխում է, նախևառաջ, բացառապես հանրային շահով առաջնորդվող Դիմողի շահերից: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի հաղթահարել հիմնավորված և Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 1.1-ին, 1.2. և 1.3-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

12 սեպտեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-105

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 սեպտեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-105
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել