ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 մայիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 28 | ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 մայիսի
2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Արթուր Պետրոսյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արթուր Պետրոսյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի ապրիլի 28-ին) խնդրելով. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՕ-305-Ն օրենքը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող»:
2. Դիմողը կարծում է, որ վիճարկվող իրավակարգավորումը խախտում է դատական պաշտպանության մատչելիության սկզբունքը, քանի որ առաջանում է մի իրավիճակ, երբ 5000 ՀՀ դրամի չափով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու համար անձը հնարավոր է, որ վճարի 34.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որից 4000 ՀՀ դրամը առաջին ատյանի դատարան հայց ներկայացնելիս, 10.000 ՀՀ դրամը վերաքննիչ բողոք ներկայացնելիս և 20.000 ՀՀ դրամ վճռաբեկ բողոք ներկայացնելիս:
Ըստ դիմողի նման իրավակարգավորումը հակասում է Սահմանադրությանը, մասնավորապես դատական պաշտպանության մատչելիության իրավունքին: Դիմողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2018 թվականի հուլիսի 10-ի ՍԴՈ-1423 որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ դրանք չեն կիրառվում, քանի որ օրենսդրի կողմից ընդունված փոփոխությունները ի դեմս վիճարկվող իրավակարգավորման, ոչ միայն հակասում են Սահմանադրությանը, այլ նաև հակասում են Սահմանադրական դատարանի նշյալ որոշմանը:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
գործի դատավարական նախապատմության ուսումնասիրությունը վկայում է, որ Վճռաբեկ դատարանը 2020 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքն այն պատճառաբանությամբ, որ «…բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելը հավաստող փաստաթուղթն ու չի ներկայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ պետական տուրքի գծով այլ արտոնություններ սահմանելու վերաբերյալ միջնորդություն:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը, այն է` վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 158-րդ հոդվածի պահանջներին»: Վճռաբեկ դատարանի նշյալ որոշմամբ արձանագրված «…օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելը…» եզրույթի բովանդակությունը բացահայտվում է «Պետական տուրքի մասին» մասին ՀՀ օրենքով: Ինչ վերաբերում է «Պետական տուրքի մասին» մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին և/կամ լրացումներին, ապա դրանք ինկորպորացվում են հիմնական ակտում կիրառելի դառնալով հենց հիմնական ակտի տեքստում:
Այսպես, «Նորմատիվ իրավական ակտերի» մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հղումները կատարվում են միայն հիմնական ակտին կամ հիմնական ակտի մասերին: Նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտին հղումներ կատարվում են միայն այն դեպքում, երբ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտը, փոփոխություններից կամ լրացումներից բացի, պարունակում է հիմնական իրավական ակտում չպարունակվող այլ նորմեր` այդ նորմերի մասով: «Նորմատիվ իրավական ակտերի» մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն սահմանված կարգով պաշտոնապես հրապարակված և ուժի մեջ մտած փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտում փոփոխությունների կամ լրացումների մասով փոփոխություն կամ լրացում չի կատարվում: Նոր փոփոխությունները կամ լրացումները կատարվում են միայն հիմնական ակտում:
Վերոշարադրյալի համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի շրջանակներում «…իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի …» եզրույթը վերաբերելի է հիմնական ակտերին: Տվյալ դեպքում վիճարկվող օրենքը դիմողի նկատմամբ չի կիրառվել:
Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։
2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես. Դրանք են
ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները , գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արթուր Պետրոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Անդամներ
18 մայիսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
