ԱՐՈՒՍՅԱԿ ԿԱՐԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-47)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հոկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 47 | ԱՐՈՒՍՅԱԿ ԿԱՐԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 հոկտեմբերի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ե. Խունդկարյանի
Քննության առնելով Արուսյակ Կարայանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Արուսյակ Կարայանը (այսուհետ Դիմող, ներկայացուցիչ փաստաբան Արթուր Հովհաննիսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին) խնդրելով. «1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որի պարագայում բացառվում է որևէ անձի սեփականության ներքո չգտնվող (տիրազուրկ) բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը, ճանաչել Սահմանադրության 59-րդ, 60-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր, 2․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որի պարագայում Վճռաբեկ դատարանին թույլատրվում է նույն իրավական հարցի վերաբերյալ դատական ատյաններում կամ նույն դատարանի տարբեր կազմերում առկա տարբեր կարծիքները հաշվի չառնելով վճռաբեկ բողոքով գործը վարույթ չընդունել, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ (ի համակցում 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 75-րդ հոդվածի) հակասող և անվավեր»։ Դիմողը հայտնել է, որ հանդիսանում է բաց բաժնետիրական ընկերության 100.000 (հարյուր հազար) բաժնետոմսերից 63.265 (վաթսուներեք հազար երկու հարյուր վաթսունհինգ) բաժնետոմսի սեփականատեր․ ընկերության մնացյալ բաժնետոմսերը պատկանել են մեկ այլ ընկերության, որը լուծարվել է, իսկ վերջինիս մասնակիցները որևէ միջոց չեն ձեռնարկել լուծարված ընկերությունը դատական կարգով վերականգնելու կամ ընկերության գույքը վերջիններիս անցնելու համար։ Դիմողը մնացյալ բաժնետոմսերը տիրազուրկ ճանաչելու և դրանց նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին դիմում է ներկայացրել դատարան։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դիմումը մերժել է, վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է վճռի դեմ ներկայացված բողոքը, իսկ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ մերժել է ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը։ Ըստ Դիմողի իր գործով Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասին տրվել է հակասահմանադրական մեկնաբանություն առ այն, որ «անձը, ում սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող օբյեկտում կա դեն նետված գույք, բացառությամբ բաժնետոմսերի, իրավունք ունի այդ գույքը վերածել իր սեփականության ձեռնամուխ լինելով դրա օգտագործմանը կամ կատարելով գույքը սեփականության վերածելու այլ գործողություններ»։ Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասին հաղորդած հակասահմանադրական բովանդակությունը հանգեցրել է նրան, որ ինքը, հանդիսանալով բաժնետիրական ընկերության 63265 (վաթսուներեք հազար երկու հարյուր վաթսունհինգ) բաժնետոմսերի միակ սեփականատեր, չկարողանալով ճանաչել մնացած 36735 (երեսունվեց հազար յոթ հարյուր երեսունհինգ) բաժնետոմսերի նկատմամբ իր սեփականության իրավունքը (չնայած վերաքննիչ դատարանը ևս հաստատում է, որ այդ բաժնետոմսերը տիրազուրկ են), բախվում է բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ընթացքում որոշակի խնդիրների պայմանավորված բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից որոշ որոշումների կայացման համար ձայների անհրաժեշտ քանակ չապահովելու հետ։ Վկայակոչելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 68-րդ հոդվածի 5-րդ մասը Դիմողը նշում է, որ այդ դրույթով նախատեսված որոշումներն ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, այսինքն առնվազն անհրաժեշտ է քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 66,6 (վաթսունվեց ամբողջ վեց տասնորդական) տոկոսը, մինչդեռ մյուս 36735 (երեսունվեց հազար յոթ հարյուր երեսունհինգ) բաժնետոմսերը քվեարկությանն առհասարակ չմասնակցելու պատճառով քվեարկող բաժնետոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 63,265 (վաթսուներեք ամբողջ երկու հարյուր վաթսունհինգ հարյուրերորդական) տոկոս, ինչն իր հերթին նշանակում է ընկերության գործունեությունը նշված ուղղություններով որոշումների կայացման անհրաժեշտություն ծագելու պարագայում, կաթվածահար է լինում։ Ըստ Դիմողի Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում հաղորդվել է հակասահմանադրական բովանդակություն առ այն, որ բաժնետոմսերի որպես տիրազուրկ գույքի նկատմամբ հնարավոր չէ ճանաչել սեփականության իրավունք, ինչը կոնկրետ դեպքում հանգեցնում է Դիմողի տնտեսական գործունեության ազատության շրջանակներում ՓԲԸ-ն կառավարելու գործընթացի արհեստական կաթվածահարման, ու այդպիսով Սահմանադրության 59-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման։ Ըստ Դիմողի նման իրավիճակում առկա է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածի խախտում, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասին նման բովանդակություն հաղորդելու պարագայում հնարավոր չէ արդյունավետ իրականացնել տնտեսական գործունեության ազատության իրավունքը։ Ըստ Դիմողի ինքը, հանդիսանալով բաժնետիրական ընկերության 63.265 (վաթսուներեք հազար երկու հարյուր վաթսունհինգ) բաժնետոմսերի սեփականատեր, ունի ըստ էության, տիրազուրկ մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ լեգիտիմ ակնկալիք ։ Դիմողը նշում է, որ դատարանների մոտեցումն առ այն, որ բացառվում է որևէ անձի սեփականության ներքո չգտնվող (տիրազուրկ) բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը, խաթարում է անձի կողմից ապագայում սեփականություն ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիք ունենալու հիմնական իրավունքից օգտվելու արդյունավետ ընթացակարգերն ու կառուցակարգերը։ Ելնելով վերոգրյալից Դիմողը գտնում է, որ դեն նետված շարժական գույքը (իր դեպքում բաժնետոմսը) տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու իրավունքները ենթարկվում են անհամաչափ ու անարդարացի սահմանափակման, եթե Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, սահմանում է, որ տիրազուրկ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը չի կարող ճանաչվել այն պատճառով, որ բաժնետոմսերը իրենց առանձնահատկությամբ պայմանավորված, չեն կարող տիրապետվել որևէ մեկի կողմից, բացառությամբ այն անձանց, ում պատկանում են։ Դիմողը նշում է, որ իր գործով Վճռաբեկ դատարանը, հաշվի չառնելով, որ նույն հարցի վերաբերյալ վերաքննիչ դատարանի կազմում առկա է մեծամասնության կողմից արտահայտված իրավական դիրքորոշմանը կտրականապես հակադիր մոտեցում, վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել զուտ արձանագրելով, որ չի տեսնում դա անելու հիմքերը։ Դիմողը գտնում է, որ հատուկ կարծիք արտահայտելու նպատակն առաջին հերթին այն է, որ դատավարության մասնակիցների համար պարզ լինի, որ իրենց կողմից բարձրացված հարցերի շուրջ կա առարկայական վեճ նաև դատական համակարգում, ինչն էլ ավելի պետք է ամրապնդի դատավարության մասնակիցների կողմից կայացված որոշումը բողոքարկելու վճռականությունը։ Ըստ Դիմողի այն դեպքերում, երբ առկա է որոշակի իրավական հարցի վերաբերյալ տարբեր դատարանների կամ նույն դատարանի տարբեր կազմերի դատավորների միջև անհամաձայնություն կոնկրետ իրավանորմի մեկնաբանության հարցում, ապա Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական պարտականությունն է դառնում նման բողոքով գործը վարույթ ընդունելը։ Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված նյութերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանը 2009 թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նշել է, որ «(…) դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Վիճարկվող Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն 2. Անձը, ում սեփականության, տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող հողամասում, ջրավազանում կամ այլ օբյեկտում կա նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափից ակնհայտ ցածր արժեք ունեցող դեն նետված գույք կամ դեն նետված մետաղների ջարդոն, խոտանված արտադրանք, օգտակար հանածոների արդյունահանման ժամանակ առաջացած լցակույտեր, արտադրական և այլ թափոններ, իրավունք ունի այդ գույքը վերածել իր սեփականության` ձեռնամուխ լինելով դրա օգտագործմանը կամ կատարելով գույքը սեփականության վերածելու այլ գործողություններ: Դեն նետված այլ գույքն անցնում է այն տիրապետող անձի սեփականությանը, եթե այդ անձի դիմումի հիման վրա դատարանը գույքը ճանաչում է տիրազուրկ»: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործով 2023 թվականի մարտի 24-ին կայացված որոշմամբ նշել է, որ « (…) «Գլոբալ Սոֆտ» ՍՊԸ-ի սեփականության ներքո գրանցված «Երևան Տելեկոմ» ՓԲԸ-ի 36.735 բաժնետոմսերը տիրազուրկ են և այդ առումով դատարանի հետևությունները միանգամայն իրավաչափ են։ Ինչ վերաբերում է դիմողների սեփականության իրավունքը ճանաչելուն, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ բաժնետոմսերը կարող են լինել ինչպես փաստաթղթային, այնպես էլ ոչ փաստաթղթային։ Ընդ որում անգամ փաստաթղթային լինելու պարագայում դրանք չեն կարող որևէ մեկի կողմից տիրապետվել, քանի որ դրանցից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման, և քանի դեռ անձը որպես բաժնետոմսի սեփականատեր գրանցված չէ, չի կարող այն տիրապետել, դրանից օգուտներ ստանալ, անգամ, եթե դրանք գտնվում են վերջինիս մոտ։ Տվյալ դեպքում դիմումատուի սեփականության իրավունքը ճանաչելու համար անհրաժեշտ է վերջինիս կողմից բաժնետոմսերը փաստացի տիրապետելու հանգամանքի առկայության հաստատումը, մինչդեռ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը նշում է, որ բաժնետոմսերը գույքի առանձնահատուկ տեսակ են, որով պայմանավորված, դրանք այլ անձի կողմից տիրապետվել չեն կարող, քանի որ, ինչպես նշվեց, տիրապետումը ենթադրում է գույքի օգտագործում, դրանից օգուտներ և եկամուտներ ստանալ և այլն։ Ուստի, եթե անգամ դրանք փաստացի գտնվեին դիմումատուի մոտ, ապա դրանք վերջինիս կողմից չէին կարող տիրապետվել»: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ տիրազուրկ գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի ճանաչման համար անհրաժեշտ պայման է այն, որ գույքը գտնվի նրա տիրապետության տակ, իսկ բաժնետոմսերը պայմանավորված դրանց առանձնահատկություններով, գրանցված սեփականատեր չհանդիսացող անձի կողմից տիրապետվել չեն կարող։ Այսպիսով, վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ օրենքով նախատեսված այն պայմանները, որոնց հետ օրենսդիրը կապում է տիրազուրկ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը, Դիմողի գործով առկա չեն, այսինքն ժխտել է Դիմողի մոտ բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի առկայությունը։ Դիմողը գտնում է, որ որպես ընկերության բաժնետոմսերի սեփականատեր ունի ընկերության տիրազուրկ մնացած մնացյալ բաժնետոմսերը ձեռք բերելու վերաբերյալ լեգիտիմ ակնկալիք։ Ըստ Դիմողի վիճարկվող դրույթին տրվել է այն հակասահմանադրական բովանդակությունը, որ բացառվում է որևէ անձի սեփականության ներքո չգտնվող բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը, ինչը բացառում է ապագայում սեփականության իրավունք ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիք ունենալու հիմնական իրավունքից օգտվելու արդյունավետ ընթացակարգերը և կառուցակարգերը։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ բարձրացվում է ոչ թե գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիքի պաշտպանությանն ուղղված ընթացակարգերի և կառուցակարգերի արդյունավետության հարց, այլ այն, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի մեկնաբանությամբ բաժնետոմսի նկատմամբ վիճարկվող դրույթի հիման վրա անձը սեփականության իրավունք ձեռք բերել չի կարող։ Այսինքն առաջ է քաշվում վիճարկվող դրույթի մեկնաբանության և կիրառման իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից։ Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ այս մասով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա։ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով վիճարկվում է նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասը։ Դիմումի և կից նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործի քննության փուլում դատական կազմում միաձայնությունը բացակայել է, և դատավորներից մեկը ներկայացրել է հատուկ կարծիք։ Դիմումում ներկայացվում է, որ հատուկ կարծիք արտահայտելու նպատակն առաջին հերթին այն է, որ դատավարության մասնակիցների համար պարզ լինի, որ իրենց կողմից բարձրացված հարցերի շուրջ դատական համակարգում ևս առկա է անհամաձայնություն, ինչը պետք է ամրապնդի կայացված որոշումը բողոքարկելու հարցում կողմի վճռականությունը։ Նշվում է, որ Վճռաբեկ դատարանը, հաշվի չառնելով հատուկ կարծիք ներկայացված լինելու հանգամանքը (որով արտահայտվում է հակադիր մոտեցում), այնուամենայնիվ, վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունել։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումը չի պարունակում վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ, իսկ Դիմողը բարձրացնում է այն հարցը, որ չնայած հատուկ կարծիքի առկայությանը Վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են։ Այսինքն Դիմողը բարձրացնում է վիճարկվող դրույթի մեկնաբանության և կիրառման իրավաչափության հարց, որի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից։ Հետևաբար դիմումի քննությունն այս մասով նույնպես ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 69-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արուսյակ Կարայանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ա. Թունյան
Ե. Խունդկարյան
18 հոկտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-47
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-47
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
