Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆԱՐԵԳ ԵՎ ՍԱՐՈ ՀԱՐԹՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՆԱՐԵԳ ԵՎ ՍԱՐՈ ՀԱՐԹՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1188 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-118)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 8 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 118 | «ՆԱՐԵԳ ԵՎ ՍԱՐՈ ՀԱՐԹՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՆԱՐԵԳ ԵՎ ՍԱՐՈ ՀԱՐԹՈՒՆՅԱՆՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով Նարեգ և Սարո Հարթունյանների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի դրույթներիՎճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2022 թվականի հունիսի 15-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Նարեգ և Սարո Հարթունյանների դիմումը, որով դիմողները խնդրել են. «… 01.01.1999թ. ուժի մեջ մտած և 07.05.2015թ. խմբագրությամբ գործող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի դրույթները ԵԿԴ/2711/02/10 գործով Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր»:

2. Դիմողները նշում են, որ Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործի շրջանակներում իր 04.02.2022թ. որոշմամբ անդրադառնալով նախկին օրենսգրքի 36-րդ գլխին, որում զետեղված է նաև խնդրո առարկա 204-րդ հոդվածը, նշել է, որ այդ գլխի իրավակարգավորումներն ամեն դեպքում պետք է մեկնաբանվեն և կիրառվեն նույն օրենսգրքի դատավարության ցանկացած փուլում հաշտության համաձայնությունը հաստատելու վերաբերյալ ընդհանուր սկզբունքներից ելնելով: Դիմողները գտնում են, որ Վճռաբեկ դատարանն իր մեկնաբանությունը տեխնիկապես տարածել է նախկին օրենսգրքի ամբողջ 36-րդ գլխի վրա, ինչը սխալ է և հակասում է կոնկրետ հարկադիր կատարման փուլում հաշտության համաձայնության կնքման նշանակությանը, քանզի դատական և կատարողական փուլերում հաշտության համաձայնությունը կնքելու պայմանները նույնական չեն, և Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ առաջարկված նախկին օրենսգրքի 36-րդ գլխի իրավակարգավորումների կիրառումը կատարողական վարույթի փուլում կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու գործընթացի վրա չի արտացոլում օրենսդրի կողմից գործածված կողմերն իրավունք ունեն հաշտության համաձայնություն կնքել դատարանի վճռի հարկադիր կատարման ընթացքում արտահայտության տառացի նշանակությունը և այդ իրավունքի իրացման իրական հնարավորությունը: Դիմողները նշում են, որ ո՛չ նախկին օրենսգրքի 202-204-րդ հոդվածներում, ո՛չ էլ արագացված դատաքննության կարգ սահմանող իրավական նորմերում դատարանի վրա դրված չէ պարտականություն կողմերին պարզաբանելու հաշտության համաձայնության դատավարական հետևանքները, ծանուցելու գործին նախկինում մասնակցած անձանց, պարզելու այն անձանց շրջանակը, որոնց իրավունքները և օրինական շահերն այն կարող է շոշափել և ծանուցել նրանց: Ըստ դիմողների եթե վճռի հիման վրա տրվել են կատարողական թերթեր, որոնցում որպես կատարողական վարույթի մասնակիցներ նշված են բացառապես պահանջատերն ու պարտապանը, և չկա որևէ նշում այլ երրորդ անձի կամ կատարողական թերթի պահանջներն այլ երրորդ անձի օգտին կամ ի շահ նրա կատարելու վերաբերյալ, ինչպես նաև այդ անձի վրա դրված չեն որոշակի գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու պարտականություն, ապա նման կատարողական վարույթի կողմերի պահանջատիրոջ ու պարտապանի միջև կնքված և հարկադիր կատարողին ներկայացված հաշտության համաձայնությունը հաստատելիս դատարանը չի կարող կրել պարտականություն ծանուցելու այլ, այդ թվում գործի դատական քննությանը ժամանակին մասնակցած և կատարողական թերթում պահանջատեր և պարտապան չհանդիսացող անձանց, որոնց իրավունքներին կամ օրինական շահերին ենթադրյալ կարող է առնչվել հարկադիր փուլում պահանջատիրոջ ու պարտապանի կնքած հաշտության համաձայնությունը: Դիմողները նշում են, որ խախտվել է դիմողների դատարանի կողմից իր գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքը, քանի որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման ընթացքում հաշտության համաձայնությունը հաստատելիս դատարանի կողմից այն փաստի ստուգումը, թե արդյոք հաշտության համաձայնությունը խախտում է այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, և այդպիսի ենթադրյալ խախտման հայտնաբերման հիմքով վեճն ըստ էության քննելը բացասաբար է ազդում դիմողների գործի քննության տևողության վրա: Այսպիսով, ըստ դիմողների վիճարկվող դրույթները իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, հակասում են Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին խախտելով դրանով սահմանված իրավունքը, այն է արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին խախտելով դրանով սահմանված իրավունքը, այն է դատական պաշտպանության իրավունքը: Ըստ դիմողների ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք սույն դեպքում սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, ապա «սկզբնական» գործով վեճի առարկան սպառված է: Այնուամենայնիվ, խնդրո առարկա քաղաքացիական գործը հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վերաբերյալ դեռևս գտնվում է քննության փուլում, այսինքն չի ավարտվել: Սակայն, ըստ դիմողների, վիճարկվող դրույթը մեկնաբանելու և կիրառելու հարցերը Վճռաբեկ դատարանի որոշմամբ ստացել են իրենց վերջնական լուծումը, դրանով վերջնական լուծում է ստացել խնդրո առարկա հաշտության համաձայնությունը հաստատելու կամ վեճն ըստ էության քննելու միջև ընտրության հարցը: Ըստ դիմողների գործի նոր քննությամբ այլևս չեն շոշափվելու վիճարկվող դրույթը մեկնաբանելու և կիրառելու հարցերը, և դիմողներն այդ ընտրությունը վիճարկելու համար չունեն ներպետական դատական պաշտպանության որևէ միջոց:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքեր, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սույն դիմումով վիճարկվում է 01.01.1999թ. ուժի մեջ մտած և 09.04.2018թ. ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի սահմանադրականությունը, որով կարգավորվում են հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, սույն դիմումով վիճարկվող նորմի ուսումնասիրությունից բխում է, որ հարկադիր կատարողի դիմումով դատարանը վճիռը վերանայում է արագացված դատաքննության կարգով, որի արդյունքում դատարանը կայացնում է վճիռ շարադրելով կողմերի հաշտության համաձայնության բառացի շարադրանքը: Նախկին օրենսգրքի «Կողմերի հաշտության համաձայնությունը» վերտառությամբ 33-րդ հոդվածով կարգավորվում է կողմերի միջև կայացված հաշտության համաձայնության ձևակերպման, այն հաստատելու ընթացակարգի, և կողմերի հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքերի հետ կապված մանրամասները, որի 3-րդ մասի համաձայն դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքերում դատարանը վեճը քննում է ըստ էության: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Նարեգ և Սարո Հարթունյանների կողմից Սահմանադրական դատարան մուտքագրված սույն անհատական դիմումով նախկին օրենսգրքի 204-րդ հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողների կողմից, ըստ էության, բարձրացվում են Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության, Վճռաբեկ դատարանի որոշման օրինականության հարցեր։ Մասնավորապես դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանն իր 2022 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ եզրահանգել է, որ իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը չի կարող համարվել միայն պահանջատիրոջը և պարտապանին պատկանող բացառիկ իրավունք, այն պետք է վերապահվի նաև գործին մասնակցող մյուս բոլոր անձանց, քանի որ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությամբ կարող են շոշափվել նաև այդ անձանց իրավունքները և օրինական շահերը, մինչդեռ, ըստ դիմողի, նախկին օրենսգրքով դատարանի վրա դրված չէ պարտականություն կողմերին պարզաբանելու հաշտության համաձայնության դատավարական հետևանքները, ծանուցելու գործին նախկինում մասնակցած անձանց, պարզելու այն անձանց շրջանակը, որոնց իրավունքները և օրինական շահերն այն կարող է շոշափել և ծանուցել նրանց: Մասնավորապես, դիմողը նշում է. «ՀՀ վճռաբեկ դատարանը իր մեկնաբանությունը տեխնիկապես տարածել է Նախկին օրենսգրքի ամբողջ 36-րդ գլխի վրա: (...) Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն առ այն, որ (...) հարկադիր կատարողի դիմումով կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթի շրջանակներում, (...) դատարանը կրում է պարտականություն ծանուցելու ոչ միայն կատարողական թերթում նշված անձանց պահանջատիրոջը և պարտապանին, այլև գործին մասնակցող այլ անձանց ևս, քանի որ գործում է այն կանխավարկածը, որ կատարողական վարույթի ընթացքում պահանջատիրոջը և պարտապանի կողմից ներկայացված հաշտության համաձայնությունը կարող է վերաբերել գործին մասնակցող անձանց իրավունքներին և պարտականություններին, ակնհայտ սխալ է, քանի որ հիշյալ դիրքորոշումը հնարավորություն կտա նախկինում հատուկ վարույթի կարգով հարկադիր փուլում հաստատված հաշտության համաձայնությունների վերանայման գործընթացի մեկնարկի հարկադիր կատարման վարույթի կողմի հետ պարտավորական հարաբերություններ ունեցող երրորդ անձանց դիմումներով, ի խախտումն դատական ակտերի կայունության սկզբունքի»: Դիմումով ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանով չեն ներկայացվել ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 204-րդ հոդվածի հակասահմանադրականության կամ այդ նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ, այլ դիմումով ներկայացված բոլոր հիմնավորումները հանգում են թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի փետրվարի 4-ի որոշման օրինականության, Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության վիճարկմանը: Մասնավորապես, դիմողը սույն դիմումով, ըստ էության, բարձրացնում է այն հարցը, թե արդյո՞ք իրավաչափ է Վճռաբեկ դատարանի կողմից վերոնշյալ որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, որ սույն քաղաքացիական գործով դատարանը կրում է պարտականություն կողմերին պարզաբանելու հաշտության համաձայնության դատավարական հետևանքները, պարզելու այն անձանց շրջանակը, որոնց իրավունքները և օրինական շահերը կարող է շոշափել հաշտության համաձայնությունը, և ծանուցելու այդ անձանց, ինչի գնահատումը Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից դուրս է: Թիվ ԵԿԴ/2711/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի փետրվարի 4-ի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանը եկել է հետևյալ եզրահանգման. «(...) այն առնչվում է նաև հակընդդեմ հայցով պատասխանող Արմեն Ազիզյանի իրավունքներին և օրինական շահերին, քանի որ նման փոփոխության արդյունքում ուղղակիորեն կնվազի նաև Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի կազմած և նոտարական կարգով վավերացված 01.07.2009 թվականի պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսի չափը Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև քաղաքացիական գործի վարույթը ըստ Սարո Հարթունյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Սևակ Արզարունու և Արմեն Ազիզյանի նշված պարտավորագրում արձանագրված «մաքուր շահույթի» 25 տոկոսը մասնակիորեն Արմեն Ազիզյանին հատկացման ենթակա 9 տոկոսի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, կարճվել է հակընդդեմ հայցից հրաժարվելու հիմքով, սակայն հաստատված հաշտության համաձայնությունն առնչվում է նաև Արմեն Ազիզյանի իրավունքներին և օրինական շահերին, ուստի Դատարանը հաշտության համաձայնությունը հաստատելու միջնորդությունը քննարկելիս կրում էր նշանակված դատական նիստի մասին ծանուցելու գործին մասնակցող բոլոր անձանց ծանուցելու պարտականություն»: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշ խատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Վերոգրյալից բխում է, որ 01.01.1999թ. ուժի մեջ մտած և 09.04.2018թ. ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց դիմողները, ըստ էության, բարձրացնում են Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության, Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով կայացված որոշման օրինականության հարցեր, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական դատարանը շեշտում է, որ սույն դիմումով վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողների կողմից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, որ իրենց կողմից վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում խախտվել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իրենց որևէ հիմնական իրավունք կամ ազատություն, հետևապես առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողների հիմնարար իրավունքի հնարավոր խախտման և վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականնության միջև: Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ներկայացվող այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սույն դիմումով դիմողների կողմից ներկայացված հիմնական փաստարկն այն է, որ վիճարկվող իրավադրույթը, կիրառվելով վերոնշյալ մեկնաբանությամբ, հանգեցրել է դատարանի կողմից թիվ ԵԿԴ/2711/02/10 գործի անհարկի ձգձգման: Դիմողները նշում են. «(...) դատավարական այս կանոնը, ըստ որի անկախ այն հանգամանքից հաշտության համաձայնությունը ներկայացվել է դատավարության ընթացքում, թե օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողի դիմումի հիման վրա դատարանն իրավասու է հաստատելու հաշտության համաձայնությունը միայն այն դեպքում, եթե այն չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, չունի որևէ նպատակ կամ իմաստ, չի բխում որևէ բանական նկատառումից»: Վերոնշյալից բխում է, որ, ըստ դիմողների, դատարանի իրավասությունը հաստատելու հաշտության համաձայնությունը միայն այն դեպքում, եթե այն չի խախտում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը, չունի որևէ նպատակ կամ իմաստ և հանգեցնում է գործի անհարկի ձգձգման: Սակայն Վճռաբեկ դատարանի սույն գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պայմանավորված այն հանգամանքով, որ կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունն առնչվում է նաև հակընդդեմ հայցով պատասխանող Արմեն Ազիզյանի իրավունքներին և օրինական շահերին, հետևաբար վերջինիս նույնպես պետք է վերապահվի գործն ըստ էության լուծող դատական ակտի վերանայման վարույթի ժամանակ դատական նիստին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունք: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումով ներկայացված վերոնշյալ և մյուս հիմնավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը տվյալ դեպքում չի պահպանվել: Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը, համաձայն որի, ի թիվս այլնի, դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու պատճառահետևանքային կապը վիճարկվող օրինադրույթների և ենթադրյալ խախտման փաստի միջև բավարար հիմնավորումներ։ Ուստի, այն հանգամանքով պայմանավորված, որ հիշատակված պահանջները դիմումով պահպանված չեն, դիմումը համարվում է ակնհայտ անհիմն: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Նարեգ և Սարո Հարթունյանների դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204-րդ հոդվածի դրույթների Վճռաբեկ դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

8 հուլիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-118

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
8 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-118
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել