Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՆԱՐԵԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՆԱՐԵԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6813 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-68)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 68 | ՆԱՐԵԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 13 օգոստոսի 2026թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի

դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Վարդանյանի

Քննության առնելով Նարեկ Իսրայելյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Նարեկ Իսրայելյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Սերգեյ Մարաբյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 4-ին), խնդրել է.

«(...) որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464.2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 8-րդ մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության համապատասխանությունը Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 71-րդ, 72-րդ, և 78-րդ հոդվածներին»:

2. Ներկայացնելով թիվ ԳԴ/0057/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. սահմանադրակա՞ն է արդյոք իր վերաբերյալ քրեական գործով քննության ընթացքում Վերաքննիչ քրեական դատարանի կողմից արտահայտված և Վճռաբեկ դատարանի կողմից անփոփոխ թողնված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464.2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 8-րդ մասի կիրառության վերաբերյալ տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ արագացված վարույթի կիրառման պայմաններում դատարանի կողմից չի կարող քննարկվել անձին քրեական պատասխանատվությունից ազատող խրախուսական նորմի հիմքերի առկայությունը:

Դիմողը նշում է, որ քրեական դատավարության օրենսդրության վերլուծությունից հետևում է, որ «արագացված վարույթը» փոխում է միայն դատական ճանաչողության և ապացուցման ձևը (պարզեցված ապացուցում` դատավորի կողմից վարույթի նյութերին ծանոթանալու և պաշտպանության կողմից ապացուցման արդյունքների ընդունում/չվիճարկում), սակայն այն չի վերացնում քրեական օրենքի ճիշտ կիրառման պահանջները։ Հակառակ մեկնաբանության դեպքում, ըստ Դիմողի, կստացվեր, որ անձը, համաձայնելով մեղադրանքին, փաստացի հրաժարվում է ոչ միայն ապացույցների ամբողջական դատական հետազոտումից, այլև իրեն մեղսագրվող արարքի ճիշտ քրեաիրավական գնահատման իրավունքից: Դիմողի պնդմամբ՝ անձը կարող է համաձայնվել դատավարական ընթացակարգի պարզեցմանը, սակայն չի կարող իր համաձայնությամբ պետությանը վերապահել իրեն ՀՀ քրեական օրենսգրքի սխալ կամ ավելի ծանր նորմով պատժելու իրավասություն, իսկ Սահմանադրության 71-րդ հոդվածի ուժով՝ պետությունը չի կարող իրեն վերապահել նման իրավասություն` քողարկվելով անձի հրաժարման ներքո:

Դիմողը պնդում է, որ արագացված վարույթի պայմաններում դատարանի կողմից արարքի քրեաիրավական որակման ինքնուրույն և պատշաճ ստուգումից հրաժարումը, հատկապես այն դեպքում, երբ նման սխալ որակումը հանգեցնում է առավել ծանր քրեական պատասխանատվության, չի կարող արդարացվել մեղադրանքի ընդունմամբ կամ ապացույցների հետազոտումից հրաժարման դատավարական առանձնահատկությամբ: Նման պրակտիկան, ըստ Դիմողի, փաստացի հանգեցնում Է նյութական արդարության նկատմամբ դատավարական ձևի գերակայությանը և կարող է առաջացնել ոչ միայն Սահմանադրության 71-րդ հոդվածի, այլև Սահմանադրությամբ երաշխավորված օրինականության, անձի իրավունքների դատական պաշտպանության և իրավական պետության հիմնարար պահանջների հետ անհամատեղելիության խնդիր:

Դիմողը գտնում է, որ ինքնին մեղադրանքի հետ համաձայնությունը և արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը դատարանին չի ազատում քրեական հետապնդումը բացառող որևէ հանգամանքի առկայությունը կամ խրախուսական որևէ նորմի կիրառումը գնահատելուց, ավելին՝ վերոնշյալը դատարանի պոզիտիվ պարտականությունն է՝ մինչև արագացված վարույթ կիրառելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելը:

Ըստ Դիմողի՝ խնդրո առարկա քրեական գործով Վերաքննիչ քրեական դատարանի այն պնդումը, որ արագացված վարույթում դատարանը չի կարող ուսումնասիրել և գնահատել խրախուսական նորմ կիրառելու համար անհրաժեշտ փաստերը, չի բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464.1-ին հոդվածով սահմանված իրավակարգավորումներից, որոնցում հստակ և աներկբա նշված է, որ դատարանը հենց սկզբից պետք է համոզված լինի, որ մեղադրանքը համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին և մեղադրյալը լիովին գիտակցում է իր համաձայնության հետևանքները:

Դիմողը պնդում է, որ խնդրո առարկա քրեական գործով վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը չի կարող իրավաչափ լինել, քանի որ այն դատավարական ձևը վեր է դասում մեղադրյալի նյութական իրավունքից և Սահմանադրությամբ իրեն տրամադրված երաշխիքից, մինչդեռ ձևը կոչված է ծառայելու նյութական իրավունքին և ինքնուրույն՝ առանց նյութական իրավունքի, առարկայազուրկ է կամ անբովանդակ:

Դիմողը գտնում է, որ թիվ ԳԴ/0057/01/23 քրեական գործի շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանի կողմից տրված և Վճռաբեկ դատարանի կողմից անփոփոխ թողնված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ արագացված վարույթի կիրառման պայմաններում դատարանը չի կարող գնահատել քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի առկայությունը, հակասում է Սահմանադրության 61, 63, 71, 72 և 78-րդ հոդվածներին, քանի որ նշված մեկնաբանությամբ դատավարական ձևը վեր է դասվում մեղադրյալի նյութական իրավունքից և Սահմանադրությամբ իրեն տրամադրված երաշխիքից:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19 աշխատակարգային որոշումներով, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողն ըստ էության վիճարկում է դատարանների կողմից թիվ ԳԴ/0057/01/23 քրեական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի և վերջիններիս գործողությունների իրավաչափությունը, որպիսի հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից:

Մասնավորապես՝ վիճարկվող դրույթների առնչությամբ Դիմողը, ի թիվս այլնի, նշում է հետևյալը.

«(...) անդրադառնալով Նարեկ Իսրայելյանի վերաբերյալ գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մեկնաբանություններին՝ առաջին ատյանի դատարանի կողմից արագացված վարույթի շրջանակներում խրախուսական նորմի առկայությունը գնահատելու անհնարինության մասով՝ պետք է նկատել, որ դատարանը ոչ միայն զրկված չէր այդ հանգամանքը գնահատելու հնարավորությունից, այլև վերջինը ուղղակիորեն պարտավոր էր գնահատական տալ վերոգրյալ հարցին և միայն քրեական պատասխանատվությունը բացառող կամ դրանից ազատող հանգամանքների բացակայության փաստը արձանագրելուց հետո իրավունք ուներ անցում կատարելու հատուկ կարգով դատաքննությանը:

(...)

(...) դատարանը որևէ նախնական ստուգում և գնահատում չի իրականացրել և բացարձակապես չի քննարկել խրախուսական նորմի կիրառման հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

Սա նշանակում է առնվազն երկու բան՝ կա՛մ դատարանը չի ծանոթացել վարույթի նյութերին, կա՛մ ծանոթացել է, սակայն չի նկատել խրախուսական նորմի կիրառման հիմքերը. ինչը անհավանական է՝ ելնելով դատավորը գիտի օրենքը (Jura novit cura) սկզբունքից»:

Այսպիսով, սույն անհատական դիմումով Դիմողի կողմից բարձրացված խնդրո առարկա հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԳԴ/0057/01/23 քրեական գործի շրջանակներում դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 464.2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 8-րդ մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց, իսկ այդ հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից թիվ ԳԴ/0057/01/23 քրեական գործով դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը Սահմանադրական դատարանում քննության ենթակա հարց չէ, ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Նարեկ Իսրայելյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ե. Խունդկարյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Վարդանյան

13 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-68

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-68
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել