«ՎԱՆ-Ս» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 օգոստոսի 2021թ. ՍԴԴԿՈ - 55 | «ՎԱՆ-Ս» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 օգոստոսի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով «Վան-Ս» ՍՊ ընկերության տնօրեն Սուսաննա Պետրոսյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Վան-Ս» ՍՊ ընկերության տնօրեն Սուսաննա Պետրոսյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 10-ին) խնդրել է հետևյալը. «(…) խնդրում եմ ճանաչել
1. ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման (այսուհետ Թիվ 596-Ն որոշում) 1-ին հավելվածով հաստատված «ՀՀ կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման» կարգի 136-րդ կետի «արտաքին դռների և դարպասների նույն տեղում փոխում, փոխարինում, վերականգնում և վերանորոգում» ձևակերպման իրավակիրառ պրակտիկայի տված մեկնաբանության ՀՀ Սահմանադրության 39-րդ, 78-րդ հոդվածներին հակասող:
2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին պարբերության ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող:
3. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի բացարձակ որոշակի սանկցիան ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի 1-ին մասին հակասող»։
2. Ըստ դիմողի ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 4-րդ հավելվածի 6-րդ կետի իմաստով արտաքին լուսամուտ (դուռ) փոխել նշանակում է դրա տեղը դնել մեկ այլ լուսամուտ, իսկ արտաքին լուսամուտ (դուռ) փոխարինել նշանակում է դրա փոխարեն դուռ կամ այլ կոնստրուկցիա դնել: Ըստ դիմողի սույն գործով առկա է լուսամուտի փոխարինում. կատարվել է միայն նոր լուսամուտի ցուցափեղկի տեղադրում (միասնական մեկ կոնստրուկցիա), որը ձախ կողմից ունի դուռ, սակայն դուռն ինքնուրույն կառուցվածք չէ, այլ հանդիսանում է մետաղական շրջանակներով ապակուց լուսամուտի (ցուցափեղկի) անբաժան մասը: Դիմողը նշում է, որ վերաքննիչ դատարանը «փոխել» և «փոխարինել» հասկացությունները, ըստ էության, նույնացրել է և նշել է, որ լուսամուտը և/կամ ցուցափեղկը չի կարող փոխարինվել դռնով: Դիմողը նշում է, որ դատարանների առջև բարձրացվել է այն հարցը, որ նրանք պետք է ստուգեին, թե նման փաստական հանգամանքներում թույլտվություն պահանջելու մասին ենթաօրենսդրական նորմատիվ կարգավորումը (իրենց կողմից տրված մեկնաբանմամբ) ինչքանով է համահունչ ազատ գործելու սահմանադրական սկզբունքին և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասի այն կարգավորմանը, ըստ որի շինարարության թույլտվություն չի պահանջվում (...) այլ ցածր ռիսկայնություն ունեցող աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը և չեն հակասում սահմանված սերվիտուտներին: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին պարբերության վերաբերյալ դիմողը նշում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը չի սահմանում «նվազ նշանակության» հասկացությունը կամ այն որոշելու չափանիշները, ինչը պարտադրում է վարույթն իրականացնող մարմնին յուրաքանչյուր դեպքում ինքնուրույն որոշել արդյո՞ք արարքն ունի նվազ նշանակություն, թե՞ ոչ: Այսինքն տվյալ իրավական նորմը նախատեսում է գնահատողական հասկացություններ, որը վարչական մարմնին տալիս է հայեցողության լայն հնարավորություն: Դիմողը նշում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին պարբերության անորոշության հետևանքով խախտվել է դիմողի Սահմանադրության 50-րդ հոդվածով և 63-րդ հոդվածով ամրագրված պատշաճ վարչարարության իրավունքը և արդար դատաքննության իրավունքը, քանի որ վարչական վարույթի և դատական վարույթի ընթացքում կիրառման ենթակա նորմի անորոշության հետևանքով հնարավոր չի եղել հասնել այդ նորմի կիրառմանը: Միաժամանակ, դիմողը նշում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածում նախատեսված է բարդ զանցակազմ, հասարակական վտանգավորության աստիճանով էապես տարբերվող արարքներ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը: Ըստ դիմողի ակնհայտ է, որ, օրինակ ինքնակամ շենք կառուցելը կամ շենքի պատը քանդելը և դուռ տեղադրելն ու ամբողջությամբ ապակուց բաղկացած ցուցափեղկի մի մասը (լուսամուտի) ամբողջությամբ ապակուց բաղկացած դռնով փոխարինելը իրենց հասարակական վտանգավորության աստիճանով էապես տարբերվող արարքներ են, ուստի, ըստ դիմողի, նման արարքների համար միևնույն ներգործության միջոց սահմանելը չի կարող համարվել համաչափ:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականնությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը, ներկայացնելով վիճարկվող դրույթների իր մեկնաբանությունը, սույն դիմումով, ըստ էության, բարձրացնում է վիճարկվող դրույթների վերաքննիչ դատարանի կողմից կիրառման իրավաչափության, դատական ակտի օրինականության հարցեր։ Այսինքն դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցի գնահատում, այլ վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշման իրավաչափության հարցի պարզում, որպիսի լիազորությամբ Սահմանադրական դատարանն օժտված չէ։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 1-ին հավելվածի 136-րդ կետի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի մասով, ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրության 71-րդ հոդվածին ենթադրյալ հակասության վերաբերյալ դիմողի հիմնավորումները հիմնված վիճարկվող իրավադրույթով թվարկված արարքների հանրային վտանգավորության աստիճանների տարբերության մասին դիմողի ենթադրությունների վրա, չեն բավարարում վիճարկվող իրավադրույթի սահմանադրականության վիճարկման նպատակով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներին ներկայացվող հիմնավորվածության նվազագույն շեմը, հետևաբար գործի քննությունն այս մասով ենթակա է մերժման նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա։ Բացի դրանից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի վիճարկման կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է հետևյալը. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու պայմաններից մեկը վիճարկվող դրույթի դիմողի նկատմամբ կիրառված լինելն է։ Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։ Թիվ ՎԴ/7137/05/19 վարչական գործի շրջանակներում կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել, որպիսի պայմաններում դիմողը նշված դրույթի սահմանադրականության հարցով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 21-րդ հոդվածի մասով սույն գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Վան-Ս» ՍՊ ընկերության տնօրեն Սուսաննա Պետրոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել: 25 օգոստոսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-55
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 օգոստոսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-55
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
