ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 օգոստոսի 2019թ. ՍԴԴԿՈ - 46 | ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 օգոստոսի 2019 թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Ա. Դիլանյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Սերգեյ Գրիգորյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Սերգեյ Գրիգորյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2019 թվականի օգոստոսի 14-ին) խնդրելով. «Որոշել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 123-րդ 1-ին և 110-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթների ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 60 (1, 3, 4-րդ մասեր)-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը բարձրացնում է օրենքի բացի խնդիր վկայակոչելով օրենքի բացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները: Ըստ դիմողի օրենքի բաց առկա է, երբ տվյալ դեպքում վարչական ակտի իրավաչափության վարչական և դատական կարգով ստուգման գործընթացի իրացման հնարավորությունն ապահովելու համար օրենսդիրը չի նախատեսել կարգավորումներ, որոնք կբացառեն վարչական ակտի վարչական և դատական կարգով բողոքարկման ընթացքում իրավահարաբերությունից ծագող պարտավորությունների կատարման կասեցումը այդպիսով չապահովելով անձանց իրավունքների պաշտպանության իրական հնարավորության երաշխիքներ: Դիմողը գտնում է, որ վարչական դատարանում գործի քննության ժամանակահատվածի, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման դեպքում բողոքարկման գործընթացի ամբողջ ժամանակահատվածի համար մաքսավճարի հաշվարկը շարունակելը և իր վրա համապատասխան չափով գույքային պատասխանատվություն դնելը անհամաչափորեն սահմանափակում են իր դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացումը, քանի որ դատաքննության և բողոքարկման գործընթացներն իր համար ուղղակիորեն զուգորդվում են գույքային այնպիսի հետևանքներով, որոնք արգելակող ազդեցություն ունեն վերոգրյալ իրավունքների իրականացման վրա: Դիմողը բարձրացնում է նաև վիճարկվող դրույթների իրավական անորոշության խնդիր, սակայն, այն պայմանավորում է վերը նշված օրենքի բացով: Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ.
1. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության, ինչպես նաև լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոններն ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և Օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը Սահմանադրական դատարանում պարտավորված է կատարելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը կրկնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի նորմը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ այն չի պարունակում Սահմանադրության 60-րդ հոդվածում ամրագրված իրավունքների ենթադրյալ խախտման առնչությամբ որևէ հիմնավորում: Ինչ վերաբերում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներում ամրագրված իրավունքների ենթադրյալ խախտումների առնչությամբ դիմողի փաստարկներին, ապա դրանք հիմնավոր չեն, քանի որ գույքը մաքսային մարմնի պատասխանատու պահպանությանը հանձնելու համար նախատեսված մաքսավճարի առկայությունը կամ բացակայությունը որևէ տրամաբանական, օրգանական և գործառնական կապի մեջ չի գտնվում դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների հետ, չի սահմանափակում կամ խոչընդոտում այդ իրավունքների իրացումը: Ասվածի վկայությունն է նաև այն հանգամանքը, որ դիմողի գույքի պատասխանատու պահպանության ներքո գտնվող ողջ ժամանակահատվածում յուրաքանչյուր օրվա համար մաքսավճարների կուտակման պայմաններում դիմողն, այնուամենայնիվ, առանց խոչընդոտի օգտվել է դատական պաշտպանության և արդար դատաքննության իր իրավունքներից: Ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում հետապնդում է այլ նպատակ, այն է հետ ստանալ գույքի պատասխանատու պահպանության համար իր կողմից արդեն իսկ վճարված մաքսավճարի գումարը, ինչը դիմումը դարձնում է ակնհայտ անհիմն: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սերգեյ Գրիգորյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
28 օգոստոսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-46
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 օգոստոսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-46
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
