Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-216 փետրվարի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 փետրվարի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 2 | ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

16 փետրվարի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Պողոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Սիլվա Ասատրյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սիլվա Ասատրյանը 2011թ. փետրվարի 1-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 100-րդ հոդվածի 1-ին մասի և 102-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 3, 5, 6, 16, 18,19 և 103-րդ հոդվածների պահանջներին։

Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզվեց, որ սույն դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմողը, ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ նորմի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն, դիմողը փորձել է դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականության խնդրին։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Բացի այդ, դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումում բերված չեն անհրաժեշտ և բավարար իրավական փաստարկներ վիճարկվող իրավադրույթի հակասահմանադրականությունը հիմնավորելու համար։ Անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է սահմանված «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով, որում ամրագրված է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, ըստ որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պահպանված չէ վերը հիշատակված դրույթի իմպերատիվ պահանջը։ Հարկ է նշել նաև, որ դիմողը պատշաճ չի հիմնավորել նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Սիլվա Ասատրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

16 փետրվարի 2011 թվական

ՍԴԴԿՈ/1-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 փետրվարի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել