«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3.1-ԻՆ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-163)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հոկտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 163 | «ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3.1-ԻՆ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ ԵՎ 3.1-ԻՆ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3.1-ին մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ նաև դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի փետրվարի 15-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «(…) Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությանը հակասող և անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասը և 3.1 մասը»: Դիմողը գտնում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ` նաև Օրենք) 27-րդ հոդվածի վիճարկվող դրույթներով նախատեսվում է կա՛մ վարչապետի, կա՛մ համապատասխան մարզպետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն առանց տարբերակելու, թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի՞ ձևով ընտրողների, թե՞ անուղղակի ձևով ավագանու կողմից: Դիմողի պնդմամբ նման տարբերակման բացակայությունը խնդրահարույց է այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարն ընտրվում է համայնքի ավագանու կողմից, քանզի տվյալ պարագայում որևէ կերպ հիմնավորված չէ, թե ինչու է անհնարին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը համայնքի ավագանու կողմից այն նույն տրամաբանությամբ, ինչ և համայնքի ղեկավարի նշանակման դեպքում: Հաջորդիվ վկայակոչելով Սահմանադրության 9, 179 և 181-րդ հոդվածները, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 3-րդ հոդվածը դիմողը նշում է. «(…) այն դեպքերում, երբ համայնքի ավագանին գործունակ է, այլ կերպ ասած` ի վիճակի է ընտրելու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, չկա որևէ լեգիտիմ հիմք կամ ՀՀ Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող կարգավորումների պայմաններում ավագանու այս լիազորությունը սահմանափակելու համար»: Ամփոփելով իր դիրքորոշումը դիմողը գտնում է, որ Օրենքի 27-րդ հոդվածի վիճարկվող դրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին և 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ սահմանված կարգավորումներին, մասնավորապես ոչ իրավաչափորեն սահմանափակում են տեղական ինքնակառավարման մարմնի համայնքի ավագանու, սեփական պատասխանատվությամբ համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունքը և կարողությունը: Ազգային ժողովը (այսուհետ` նաև պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 9, 179 և 181-րդ հոդվածներով, ինչպես նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 3 և 4-րդ հոդվածներով ամրագրված իրավակարգավորումները, նշում է, որ Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման համակարգում տեղական ինքնակառավարման մարմինն ունի իր ուրույն տեղը և սկզբունքորեն անկախ է պետական կառավարման համակարգից, այդուհանդերձ, որպես մշտապես գործող ընդհանուր օրգանիզմի» բաղկացուցիչ մաս տեղական ինքնակառավարման համակարգը որոշակի փոխհարաբերությունների և փոխներգործության մեջ է գտնվում պետական կառավարման համակարգի հետ: Պատասխանողի դիտարկմամբ Սահմանադրությունը հստակորեն ամրագրում է, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով, հետևաբար միմիայն օրենքով էլ կարող են սահմանվել նրանց փոխհարաբերություններն իշխանության այլ մարմինների հետ: Հիշատակելով Օրենքի 27, 55, 56 և 57-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.1-ին, 142.3-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները պատասխանողը գտնում է, որ որպես ընդհանուր կանոն օրենսդիրը սահմանել է, որ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի բացակայության դեպքում վերջինիս փոխարինում է տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող ավագանու անդամ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալու դեպքում ավագանին արտահերթ ընտրությամբ ընտրում է նոր համայնքի ղեկավար, որով և ապահովվում է տեղական ինքնակառավարման մարմինների Սահմանադրությամբ երաշխավորված տեղական ինքնակառավարման իրավունքը: Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով և վերլուծելով դիմումը և պատասխանողի բացատրությունը, գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքով ներքոշարադրյալ պատճառաբանություններով. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Վերահաստատելով և զարգացնելով 2019 թվականի փետրվարի 8-ի ՍԴԱՈ-12 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(...) Օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք հավասարապես վերաբերելի են սահմանադրական վերահսկողության ձևերի շրջանակներում ներկայացվող բոլոր դիմումներին և պարտադիր Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի համար: Օրենքի հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու հետ կապված հարցերը: (...)
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ սահմանադիրը վերջիններիս իրավունք է վերապահել հայցել սահմանադրական արդարադատություն բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է Սահմանադրության 168-րդ հոդվածով եզրագծված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն: Սահմանադրական դատարանը փաստում է, որ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու, հանգամանքը»: Սույն գործով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3.1-ին մասերի սահմանադրականության հարց իր պատճառաբանությունների հիմքում դնելով այն հանգամանքը, որ` «(…) վիճարկվող դրույթներով նախատեսվում է կա՛մ վարչապետի, կա՛մ համապատասխան մարզպետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն առանց տարբերակելու, թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձևով ընտրողների, թե՞ անուղղակի ձևով ավագանու կողմից»: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի կողմից վիճարկվող նորմերը «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը» վերտառությամբ 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3.1-ին մասերը, ամրագրված են Օրենքի «Համայնքի ղեկավարը, համայնքի ղեկավարի տեղակալը, վարչական ղեկավարը և աշխատակազմը» վերտառությամբ 3-րդ գլխում: Վերլուծելով սույն իրավադրույթները Սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք կոչված են երաշխավորելու տվյալ պաշտոնից բխող գործառույթների ժամանակին և պատշաճ կատարումը` ապահովելով հանրային կառավարման անընդհատությունը: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ համամասնական ընտրակարգի առանձնահատկությունների հաշվառմամբ Օրենքով նախատեսված է առանձին «Տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում» վերտառությամբ 5-րդ գլուխը, որի շրջանակներում հստակեցվում են տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները` համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում: Նշված գլխի շրջանակներում ներկայացվում են համայնքի ղեկավարի կարգավիճակի, լիազորությունների, վերջինիս տեղակալների կարգավիճակի, համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու, ինչպես նաև համայնքի ավագանու նիստերի, լիազորությունների վերաբերյալ մի շարք կարգավորումներ: Այս առումով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դիմողի ուշադրությունը հրավիրել Օրենքի վերոնշյալ գլխում ամրագրված համայնքի ղեկավարի լիազորությունների դադարման և դադարեցման վերաբերյալ կարգավորումներին, որոնք, համամասնական ընտրակարգի առանձնահատկությունների հաշվառմամբ, տարբերվում են համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կամ դադարման վերաբերյալ Օրենքի 26-րդ հոդվածով սահմանված կարգավորումներից: Մասնավորապես` Օրենքի 75-րդ հոդվածի կարգավորումների համաձայն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են ավագանու անդամի ընտրական իրավունքը կորցնելու, համայնքի ղեկավարի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու, հրաժարական ներկայացնելու, ավագանու անդամի լիազորությունը կորցնելու, այլ երկրի քաղաքացիություն ստանալու և մահանալու դեպքերում, ինչպես նաև վաղաժամկետ դադարեցվում են Օրենքի 68-րդ հոդվածով սահմանված կարգով համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու դեպքում: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկա Օրենքի 5-րդ գլխում ամրագրված` «Համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը» վերտառությամբ 57-րդ հոդվածի ուժով (տարբերվում է նույն Օրենքի 3-րդ գլխում ամրագրված «Համայնքի ղեկավարի տեղակալը» վերտառությամբ 30-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումից) համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում համայնքի ղեկավարն ունի մեկ առաջին տեղակալ, որն ավագանու անդամ է, և որը փոխարինում է համապատասխան համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ: Բացի դրանից, նույն հոդվածի ուժով համայնքի ղեկավարը կարող է ունենալ ևս երկու տեղակալ, որոնց համայնքի ղեկավարի ներկայացմամբ նշանակում է ավագանին ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Համայնքի ղեկավարի տեղակալի թեկնածությունն ավագանու կողմից երկու անգամ չհաստատվելու դեպքում վերջինս նշանակվում է համայնքի ղեկավարի կողմից: Հիշատակված իրավակարգավորմամբ օրենսդիրը համապատասխան համայնքի ղեկավարի ժամանակավոր բացակայության պայմաններում (այդ թվում ծառայողական պարտականությունների կատարման մեկամսյա ժամկետը գերազանցող անհնարինություն, քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում և կարգով համայնքի ղեկավարի պաշտոնավարման կասեցում) որպես համայնքային կյանքի բնականոն ընթացքը սեփական կարողությամբ ապահովելու հնարավորություն սահմանել է, որ այդ դեպքերում համայնքի ղեկավարին փոխարինում է ավագանու անդամ հանդիսացող նրա առաջին տեղակալը: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի պնդումն առ այն, որ Օրենքի 27-րդ հոդվածի վերոնշյալ դրույթներով նախատեսվում է վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հնարավորություն առանց տարբերակելու, թե համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակիորե՞ն, թե՞ անուղղակիորեն, իսկ նման տարբերակման բացակայությունը խնդրահարույց է այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարն ընտրվում է համայնքի ավագանու կողմից, անհիմն է, չի բխում գործող իրավակարգավորումներից: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքով սահմանված են համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, այդ թվում տեղական ինքնակառավարման անընդհատությունը երաշխավորող իրավակարգավորումները: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` նման պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության և սեփական պատասխանատվությամբ գործելու, այդ թվում համայնքային նշանակության հանրային հարցերը լուծելու սկզբունքների իրացումը խոչընդոտող` Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3.1-ին մասերով ամրագրված վկայակոչված ենթադրյալ հակասահմանադրական կարգավորումների առկայությունը դիմողի կողմից հիմնավորված չէ: Սահմանադրական դատարանի դիտարկմամբ դիմողի ներկայացրած ընդհանուր դատողությունները վիճարկվող դրույթների իրավակարգավորման էության վերաբերյալ վկայում են, որ դիմողը բարձրացնում է խնդրահարույց իրավահարաբերությունների կանոնակարգվածության և հստակության հարցեր դրանց ձևի և բովանդակության առումով, առանց ներկայացնելու խնդրո առարկա հարցերի սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալու վերաբերյալ փաստարկված հիմնավորումներ: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարան ներկայացված ՀՀ վարչապետի և մարզպետների կողմից համայնքների ղեկավարների պաշտոնակատարների նշանակման անհատական իրավական ակտերի ուսումնասիրությունը հաստատում է, որ դիմողի կողմից վիճարկվող իրավադրույթների հիման վրա համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում համայնքի ղեկավարների պաշտոնակատարներ չեն նշանակվել: Վերոնշյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3.1-ին մասերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմումի շրջանակներում վկայակոչված վերոնշյալ դիրքորոշումները չունեն սահմանադրաիրավական վեճի բովանդակություն, ուստի` դիմողի կողմից չեն առաջադրվել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցեր: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3.1-ին մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
18 հոկտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-163
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հոկտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-163
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
