«ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 փետրվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 9 | «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 11 փետրվարի 2021 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հունվարի 26-ին) խնդրելով. « (…) 2.
ՀՀ Վճռաբեկ դատարանի 11.03.2020 թ.-ի ՎԴ/12540/05/17 Որոշման մեջ ներառվող «... Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում առկա բողոքարկման համար նախատեսված ժամկետի հաշվարկման սկիզբը 19.12.2019 թվականը համարելու խնդրանքին, ապա Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն չի կարող համարվել ժամկետի բաց թողնման պատճառը հարգելի համարելու և բաց թողած ժամկետը վերականգնելու միջնորդություն, քանի որ չի պարունակում բողոք բերած անձի կողմից ակնկալվող գործողությունը հայցելու, այն է` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դատական ակտ կայացնելու պահանջ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձի խնդրանքն ուղղված է դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը որոշելուն, որպիսի հարցը կարգավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով և դուրս է դատարանի լուծմանը ենթակա հարցերի շրջանակներից:…» դրույթով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: 3.
ՀՀ Վճռաբեկ դատարանի 24.06.2020թ.-ի ՎԴ/12540/05/17 Որոշման մեջ ներառվող «... Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման, քանի որ միջնորդության մեջ ներկայացված փաստարկը ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ չէ, իսկ բաց թողնված ժամկետը վերականգնելու անհրաժեշտության մասին Ընկերության տնօրենը որևէ այլ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության, քանի որ վճռաբեկ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:…» դրույթով տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 2020 թվանակի մարտի 11-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման արդյունքում խախտվել է Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իր իրավունքը, քանի որ իր կողմից, ըստ էության, ներկայացվել է վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, սակայն Վճռաբեկ դատարանը ձևական սխալի համար վճռաբեկ բողոքը վերադարձնելու փոխարեն համարել է, որ միջնորդություն չի ներկայացվել և վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության: Միաժամանակ, ըստ դիմողի, Վճռաբեկ դատարանի 2020 թվանակի հունիսի 24-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ տրված որոշ մեկնաբանությունների արդյունքում նույնպես խախտվել է Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իր իրավունքը: Մասնավորապես, դիմողը կարծում է, որ ինքը վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետի բաց թողումը հարգելի համարելու միջնորդությամբ ներկայացրել է բավարար հիմքեր, սակայն վերոնշյալ միջնորդությունը անհիմն մերժվել է, որի արդյունքում խախտվել է Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իր իրավունքը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. սույն գործով վերջնական դատական ակտը «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, Վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է 2020 թ. հունիսի 24-ին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2020 թ. հունիսի 24-ին, Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքը սկսվում է 2020 թ. հունիսի 25-ից և ավարտվում 2020 թ. դեկտեմբերի 25-ին: Մինչդեռ, «ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի դիմումը փոստային բաժանմունքին է հանձնվել 2021 թվականի հունվարի 23-ին: Հետևաբար` դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու համար: Ինչ վերաբերում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ դիմողի միջնորդությանը, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ի տարբերություն քաղաքացիադատավարական, վարչադատավարական և քրեադատավարական օրենսդրության «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարան դիմելու բաց թողնված ժամկետը վերականգնելու ինստիտուտ չի նախատեսում։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՏԱԹԵՎԻԿ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյանի
Անդամներ Ա. Թունյանի
Ա. Վաղարշյանի
11 փետրվարի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
