Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1694 նոյեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-169)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 նոյեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 169 | «ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Տիգրան Գալստյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2022 թվականի հոկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Տիգրան Գալստյանի (այսուհետ նաև դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի սահմանված նորմերը, իրավակիրառման պրակտիկայում դրանց տրված մեկնաբանմամբ և կիրառմամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող»: Դիմողը հայտնում է, որ իր դեմ որպես վնասի հատուցում 2.017.000 (երկու միլիոն տասնյոթ հազար) ՀՀ դրամ գումարի, և որպես անհիմն հարստացման միջոցով ձեռք բերված գույքի արժեք 6.045.000 (վեց միլիոն քառասունհինգ հազար) ՀՀ դրամ գումարի, ինչպես նաև այդ գումարների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների բռնագանձման պահանջի մասին հայցադիմում է ներկայացվել դատարան (թիվ ԵԱՔԴ/1426/02/13 քաղաքացիական գործ): Դիմողը նշում է, որ

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի վճռով հայցը բավարարվել է մասնակի 6.045.000 (վեց միլիոն քառասունհինգ հազար) ՀՀ դրամ գումարի և դրա նկատմամբ վճարվող տոկոսների բռնագանձման պահանջի մասով, իսկ մյուս մասով հայցը մերժվել է: Նշվում է, որ վճռի հիմքում, ի թիվս այլ ապացույցների, դրվել է որպես անհիմն հարստացում ձեռք բերված գույքի շուկայական արժեքի վերաբերյալ գործով նշանակված դատաապրանքագիտական փորձաքննության եզրակացությունը: Դիմողը նշում է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2015 թվականի հոկտեմբերի 12-ի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2016 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ մերժվել է. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ դիմողը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանն իր 2016 թվականի մարտի 16-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժել է: Դիմողը հայտնում է, որ թիվ ԵԱՔԴ/1426/02/13 քաղաքացիական գործով կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 2018 թվականին, բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին հիշյալ քաղաքացիական գործով փորձագետի կողմից կեղծ եզրակացություն տալու փաստի վերաբերյալ, որի արդյունքում հարուցվել է քրեական գործ: Ըստ դիմողի հարուցված քրեական գործով հաստատվել է թիվ ԵԱՔԴ/1426/02/13 քաղաքացիական գործով փորձագետի կողմից կեղծ դատաապրանքագիտական եզրակացություն տալու հանցակազմը, սակայն փորձագետի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Նշում է, որ փորձագետի կողմից կեղծ եզրակացություն տալու փաստը հաստատվել է ավելի ուշ, քան կայացվել են թիվ ԵԱՔԴ/1426/02/13 քաղաքացիական գործով ընդունված դատական ակտերը: Դիմողը հայտնում է, որ հիշյալ քաղաքացիական գործով նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման մասին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանը 2022 թվականի մարտի 23-ի որոշմամբ վարույթ ընդունելը մերժել է: Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման հիմքում ընկած պատճառաբանությունն այն է, որ փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունն ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն հանգեցրած լինելը նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք կարող է լինել միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված լինելու դեպքում: Ըստ դիմողի արդար դատաքննության իրավունքը կկրի հռչակագրային բնույթ, եթե ապահովված չլինի դատական ակտերի վերանայման հնարավորության ընթացակարգ, այն դեպքում, երբ դատական ակտի կայացման հիմք հանդիսացող ապացույցը ճանաչվել է կեղծ: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմն ապացույցի կեղծ լինելու փաստը պայմանավորում է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ինչը չի բխում անձի արդար դատաքննության իրավունքից, քանի որ ապացույցի կեղծ լինելը կարող է հաստատվել ոչ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով, այլ նաև քննիչի քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ. մասնավորապես կարող է լինել դեպք, երբ օրենսդրական կարգավորումներից և ապացույց կեղծելու մեջ մեղադրվող անձի կողմից իր մեղքն ընդունելու և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով գործի վարույթը կարճվում է, և քրեական գործը չի ավարտվում դատավճռով, այլ ավարտվում է քննիչի քրեական գործի վարույթը կարճելու և հետապնդում չանցկացնելու մասին որոշմամբ, որով հաստատվում է ապացույցի կամ փորձագիտական եզրակացության կեղծ լինելու հանգամանքը: Դիմողը նշում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին իրավական բացառիկ նշանակություն հաղորդելն էականորեն սահմանափակում է հանցավորության փաստը հաստատող այլ փաստական հանգամանքները որպես նոր երևան եկած հանգամանք դիտարկելու և դատարանի ուժի մեջ մտած դատական ակտը վերանայելու իրավական հնարավորությունը: Հետևաբար նման կարգավորումն ինքնին էապես սահմանափակում է քաղաքացիական դատավարությունում վերոհիշյալ հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի կիրառման հնարավոր շրջանակը և անձի իրավունքների լիարժեք պաշտպանության արդյունավետ միջոց չի կարող հանդիսանալ: Ըստ դիմողի վիճարկվող նորմի իրավական բովանդակությունից նաև հետևում է, որ անձը զրկված է որպես «նոր երևան եկած» գնահատելի այլ հանգամանքների հիմքով դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտը վիճարկելու հնարավորությունից, մասնավորապես իրավաբանորեն փաստագրված հանցագործության հետ չկապված նոր երևան եկած այնպիսի հանգամանքների հիմքով, որոնք գործով դատական ակտը կայացնելիս գոյություն են ունեցել, գործի արդար լուծման համար ունեցել են էական նշանակություն, սակայն դատավարության մասնակիցների կամքից անկախ չեն ներկայացվել, դատարանին անհայտ են մնացել: Դիմողի պնդմամբ նման պայմաններում էականորեն սահմանափակվում են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական այլ հանգամանքների պատշաճ գնահատման հնարավորությունն այն դեպքում, երբ դրանք կհանգեցնեն մինչև վերջիններիս երևան գալը կայացված դատական ակտից տարբերվող արդար, հիմնավոր, օրինական դատական ակտի ընդունմանը և հետևաբար նաև անձի խախտված իրավունքների վերականգնմանը: Արդյունքում, ըստ դիմողի սահմանափակվում են Սահմանադրության 61, 63 և 79-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները: Դիմողը գտնում է, որ օրենսդրությամբ օբյեկտիվորեն սահմանված չէ որպես «նոր երևան եկած» հանգամանք համարվող փաստարկների, տեղեկությունների, ապացույցների սպառիչ անվանական ցանկը, և չի բացառվում նոր երևան եկած իրավաբանորեն գնահատելի որևէ հանգամանքի իրավասու դատարանում քննության հնարավորությունը, եթե այն հաշվի չառնելն օբյեկտիվորեն հանգեցրել է ոչ իրավաչափ, անհիմն որոշման կայացմանը և հետևաբար անձի իրավունքների խախտմանը: Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմողի գործով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով վերջնական դատական ակտը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մարտի 23-ի որոշումն է, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի գործով վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել 2022 թվականի մարտի 23-ին: Հետևաբար Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու վեցամսյա ժամկետի վերջին օրը 2022 թվականի սեպտեմբերի 24-ն է. հաշվի առնելով, որ 2022 թվականի սեպտեմբերի 24-ը ոչ աշխատանքային օր է, դիմումը ներկայացնելու վեցամսյա ժամկետի ավարտի օր է հաջորդ աշխատանքային օրը 2022 թվականի սեպտեմբերի 26-ը, մինչդեռ դիմողը Սահմանադրական դատարան անհատական դիմումը ներկայացրել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, այսինքն Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա վերջնաժամկետից հետո: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 3, 5 և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Տիգրան Գալստյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

4 նոյեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-169

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 նոյեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-169
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել