«ԱՆԱՀԻՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 238-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 428-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՈՒ 438-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 փետրվարի 2022թ. ՍԴԱՈ - 28 | «ԱՆԱՀԻՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 238-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 428-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՈՒ 438-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՆԱՀԻՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 32-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ, 238-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 428-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՈՒ 438-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 1-ԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Անահիտ Զաքարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի, 238-րդ հոդվածի 1-ին մասի, 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության ու 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի սեպտեմբերի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Անահիտ Զաքարյանի դիմումը, որով դիմողը խնդրել է. «… Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ կետին, 238-րդ հոդվածի 1-ին մասին, 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությանն ու 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-3-րդ մասերին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածի 1-ին հակասող ու անվավեր»:
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին: Օրենսգրքի «Քրեական գործով վարույթն ավարտելը» վերտառությամբ 32-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվում է. «Քրեական գործով վարույթն ավարտվում է`
3) գործով դատավճիռը կամ այլ վերջնական որոշումն ի կատար ածելու մասին հաստատում ստանալով, եթե այն պահանջում է դրա կատարման համար հատուկ միջոցների ձեռնարկում»: Օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:
Օրենսգրքի «Գույքը կալանքից ազատելը քրեական դատավարության կարգով» վերտառությամբ 238-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «1. Գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը հետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետևանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը»: Օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:
Օրենսգրքի «Դատարանի որոշումը կատարման հանձնելու կարգադրությունը» վերտառությամբ 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությամբ սահմանվում է. «3. Դատական որոշումն ի կատար ածող մարմինները դատական որոշումը կայացրած դատարանին անհապաղ հաղորդում են այն ի կատար ածելու մասին»: Օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:
Օրենսգրքի «Դատական որոշման կատարման հետ կապված հարցերի լուծման կարգը» վերտառությամբ 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությամբ սահմանվում է. «2. Եթե հարցը վերաբերում է դատական որոշման քաղաքացիական հայցի մասը կատարելուն, կանչվում է նաև քաղաքացիական հայցվորը»: Օրենսգրքի վերոնշյալ դրույթը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:
3. Սույն գործով դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի փետրվարի 28-ի թիվ ԵԱՔԴ/0051/01/11 դատավճռով Անահիտ Մաքսիմի Զաքարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Տուժող ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Տ. Երանոսյանի քաղաքացիական հայցը բավարարվել է, և վճռվել է Անահիտ Մաքսիմի Զաքարյանից և Ալիսա Հրաչի Հարությունյանից համապարտությամբ հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես հանցագործությամբ պատճառված վնաս, բռնագանձել 65.173.960 ՀՀ դրամ գումար: Անահիտ Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա դրված կալանքը թողնվել է անփոփոխ: 2012 թվականի մարտի 30-ին տրված թիվ ԵԱՔԴ/0051/01/11 կատարողական թերթի հիման վրա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը 2012 թվականի ապրիլի 6-ին հարուցել է թիվ 00086506 կատարողական վարույթը, որը 2012 թվականի դեկտեմբերի 9-ին ավարտվել է: 2014 թվականի փետրվարի 10-ին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0001/04/14 վճռով Անահիտ Զաքարյանը սնանկ է ճանաչվել: 2012 թվականի դեկտեմբերի 9-ին ավարտված թիվ 00086506 կատարողական վարույթը վերսկսվել է և նույն օրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով (պարտապանը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ) կարճվել է, իսկ այնուհետև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 2019 թվականի հունվարի 24-ի թիվ 84 հրամանի հիման վրա թիվ 00086506 կատարողական վարույթը ոչնչացվել է: Սնանկության դատարանի 2019 թվականի հունիսի 19-ի որոշմամբ Սնանկության դատարանը մերժել է քրեական գործով Անահիտ Զաքարյանի անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին Անահիտ Զաքարյանի միջնորդությունը: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի փետրվարի 28-ի թիվ ԵԱՔԴ/0051/01/11 դատավճռով Անահիտ Զաքարյանի անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին դիմում-միջնորդություն, որը 2021 թվականի մարտի 5-ին կայացված թիվ ԵԴ/0038/15/21 որոշմամբ մերժվել է: Վերոհիշյալ որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի քննության արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի մայիսի 7-ին կայացրել է վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում: 2021 թվականի մայիսի 21-ին վերաքննիչ բողոք է ներկայացվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի փետրվարի 28-ի թիվ ԵԱՔԴ/0051/01/11 դատավճռի դեմ, որի քննության արդյունքում վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի հունիսի 3-ին կայացրել է Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 7-ի թիվ ԵԴ/0073/15/21 որոշմամբ Անահիտ Զաքարյանի սնանկության գործով կառավարիչ Վ. Ավագյանի Անահիտ Զաքարյանի անշարժ գույքը կալանքից հանելու մասին դիմումի ընդունումը մերժվել է: 2021 թվականի օգոստոսի 12-ին Վճռաբեկ դատարանը կայացրել է վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի մայիսի 7-ի թիվ ԵԴ/0038/15/21 որոշման դեմ ներկայացված Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:
4. Դիմողը (այսուհետ Դիմող) գտնում է, որ գույքի վրա 2011 թվականից դրված կալանքը թիվ ԵԴ/0038/15/21 գործի շրջանակներում հնարավոր չի եղել վերացնել այն պատճառով, որ ինչպես մասնագիտացված դատարանը, այնպես էլ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները հրաժարվել են այն վերացնել, և եթե մասնագիտացված դատարանն ու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորի նախագահությամբ) իրենց դիրքորոշումները պատճառաբանել են այն հանգամանքով, որ այդ հարցը ենթակա է լուծման քրեական դատավարության կարգով, ապա համապատասխանաբար Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (քրեական մասնագիտացում ունեցող դատավորի մասնագիտությամբ), վերաքննիչ և վճռաբեկ դատարաններն իրենց դիրքորոշումները պատճառաբանել են այն հանգամանքով, որ հարցը ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով, իսկ եթե Դիմողը պնդում է քրեական դատավարության ընթացակարգի համար, ապա հարցը կարող է լուծվել նաև քրեական դատավարության կարգով, սակայն ներկայացված բոլոր դիմումները, միջնորդություններն ու բողոքները մերժվել են: Այս առումով Դիմողը գտնում է, որ քննարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում այնպիսի մեկնաբանություն է տրվել, որի հետևանքով անձը զրկվել է դատական պաշտպանության դիմելու եղանակով իր հիմնարար իրավունքի սեփականության իրավունքի նկատմամբ կիրառված սահմանափակման վերացման իրավական հնարավորությունից: Անդրադառնալով Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանադրականության խնդրին Դիմողը գտնում է, որ նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանզի այն հստակ և կանխատեսելի չէ և իրավակիրառողների կողմից հանգեցրել է տարաբնույթ մեկնաբանությունների: Ներկայացնելով Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ կետին տրված մեկնաբանությունը Դիմողը նշում է, որ նման մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ քրեական գործով վարույթի ավարտը բոլոր քրեական գործերի համար ընդհանուր չէ, այն գնահատողական կատեգորիա է, և յուրաքանչյուր դեպքում դատավորն ինքը պետք է գնահատի, թե այդ քրեական գործով վարույթն ավարտվել է, թե ոչ: Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորման սահմանադրականության կապակցությամբ Դիմողը գտնում է, որ նշված դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում հնարավոր է դարձել, որ քրեական գործով վարույթի ավարտից հետո քրեական գործով վարույթի ընթացքում անձի գույքի վրա դրված կալանքը պահպանվի անորոշ ժամկետով: Ըստ Դիմողի նման մեկնաբանությունը հակասում է ինչպես իրավական որոշակիության սկզբունքին, այնպես էլ խախտում է անձի սեփականության իրավունքը: Դիմողը նշում է, որ տվյալ դեպքում քննարկվող իրավանորմին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որի պայմաններում դատարանների կողմից հնարավորություն է ստեղծվել, որ քրեական գործով վարույթի ընթացքում գույքի վրա դրված կալանքը պահպանվի անորոշ ժամկետով: Նման մեկնաբանությունը, ըստ Դիմողի, խախտում է ինչպես անձի արդար դատաքննության, այնպես էլ սեփականության իրավունքը, քանի որ անձի հիմնարար իրավունքը կարող է սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և հետապնդում է որևէ իրավաչափ նպատակ, իսկ եթե քրեական գործով վարույթն ավարտվում է, ապա դա նշանակում է, որ գույքի վրա դրված կալանքը պահպանելու անհրաժեշտություն ժողովրդավարական հասարակությունում այլևս առկա չէ, և այն որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում: Քրեական գործով անձի գույքի վրա կալանք դնելը հետապնդում է օրենքով սահմանված իրավաչափ նպատակ, օրինակ փոխհատուցելու հանցագործությամբ պատճառված վնասը, իսկ եթե քրեական գործով վարույթն ավարտվել է, ապա դա նշանակում է, որ այդ նպատակն իրագործվել է, կամ այն կյանքի կոչելու անհրաժեշտությունն է վերացել, հետևաբար վերանում է գույքի վրա դրված կալանքը պահպանելու անհրաժեշտությունը, իսկ նման պայմաններում դատարանների կողմից գույքի վրա դրված կալանքը չվերացնելը հանգեցնում է արդար դատաքննության իրավունքի խախտման, քանի որ անձը չի կարողանում դատական պաշտպանության միջոցով հասնել իր իրավունքի վերականգնման: Անդրադառնալով Օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորման սահմանադրականությանը Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում այդ նորմին այնպիսի մեկնաբանություն է տրվել, որի պայմաններում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ազատվել է վերջնական դատական ակտի կատարման մասին դատարանին հաղորդում ներկայացնելու պարտականությունից, ինչն ուղղակիորեն հակասում է իրավական որոշակիության սկզբունքին, քանզի ստացվում է, որ օրենսդիրը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 428-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործելով «դատարանի որոշումն ի կատար ածելու պարտականություն ունեցող մարմին» հասկացությունը, դրանում ներառում է նաև հարկադիր կատարման ծառայությունը, սակայն նույն հոդվածի 3-րդ մասում նույն հասկացությունն օգտագործելիս այն չի տարածում հարկադիր կատարման ծառայության վրա: Նման պայմաններում, ըստ Դիմողի, ստացվում է, որ քննարկվող նորմը հստակ և որոշակի չէ, քանի որ այն իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում է տարաբնույթ այնպիսի մեկնաբանությունների, որոնք չեն կարող հաղթահարվել դատական մեկնաբանության արդյունքում: Ամփոփելով իր դիրքորոշումները Դիմողը եզրահանգում է, որ Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ կետին, 238-րդ հոդվածի 1-ին մասին, 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությանն ու 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածին, 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին:
5. Ազգային ժողովը (այսուհետ նաև Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 79-րդ հոդվածը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումները, նշում է, որ օրենսդիրը սպառիչ թվարկել է քրեական գործով վարույթի ավարտման հիմքերը: Պատասխանողի գնահատմամբ անհիմն է Դիմողի կարծիքն առ այն, որ քրեական գործով վարույթի ավարտը բոլոր քրեական գործերի համար ընդհանուր չէ, այլ բացառապես գնահատողական կատեգորիա է, և յուրաքանչյուր քրեական գործով դրա ավարտը որոշելու համար պետք է հիմք ընդունել տվյալ քրեական գործի հանգամանքները, քանզի, Պատասխանողի գնահատմամբ, քրեական գործի վարույթի ավարտը ոչ թե գնահատողական կատեգորիա է, այլ յուրաքանչյուր գործով տարբերվում է պայմանավորված կոնկրետ վարույթի առանձնահատկությամբ: Խնդրո առարկա հարցի կապակցությամբ ներկայացնելով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0200/01/13 քրեական և թիվ ԿԴ1/0289/02/10 քաղաքացիական գործերի շրջանակներում արտահայտած իրավական դիրքորոշումները Պատասխանողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է քաղաքացիական հայցի ապահովման նպատակով գույքի վրա կալանք դնելու հարցին բոլոր հնարավոր դեպքերում, ուստի Օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասը որոշակիության հարց չի առաջացնում: Անդրադառնալով Օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության սահմանադրականությանը Պատասխանողը նշում է, որ վիճարկելով հիշյալ դրույթը Դիմողը, ըստ էության, վիճարկում է Օրենսգրքի 49-րդ գլուխը չներկայացնելով որևէ փաստարկ: Միևնույն ժամանակ Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրական դատարանի աշխատակարգային և դատական կազմերի համապատասխան որոշումները, պնդում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմերի սահմանադրականության խնդիր, իրականում առաջ է քաշում իրավանորմերի կիրառման իրավաչափության հարց, որպիսի պայմաններում սույն գործի վարույթը ենթակա է կարճման:
6. Ուսումնասիրելով դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի բացատրությունը, հետազոտելով Դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերը, դրանց հիմքում դրված դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման` հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանը նախևառաջ հարկ է համարում ընդգծել, որ թեև սույն գործի դատավարական նախապատմության շրջանակներում ներկայացվել են ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, Սնանկության, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանների կողմից կայացված դատական ակտեր, սակայն սույն գործի շրջանակներում բարձրացվել և քննության առարկա է միայն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 05.03.2021թ. թիվ ԵԴ/0038/15/21 գործով կայացրած դատական ակտով, ինչպես նաև դրա վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկման արդյունքում կայացված դատական ակտերով կիրառված նորմերի սահմանադրականությունը: Ինչ վերաբերում է Սնանկության դատարանի կողմից կայացված դատական ակտերին և դրանց սույն գործի համար էական նշանակություն ունենալու հանգամանքին, Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սնանկության դատարանի 2019 թվականի ապրիլի 30-ի Անշարժ գույքի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու պահանջի մասին» որոշմամբ քննության է առնվել Անահիտ Զաքարյանի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված անշարժ գույքերի նկատմամբ կիրառված արգելանքները վերացնելու մասին միջնորդությունը, որը բավարարվել է, մինչդեռ սույն գործի շրջանակներում Դիմողի համար էական նշանակություն ունեցող հանգամանքը քրեական գործի շրջանակներում գույքի վրա դրված կալանքն է, որը վերացնելու վերաբերյալ ներկայացված միջնորդության մասով Սնանկության դատարանն արդեն 2019 թվականի հունիսի 19-ի որոշմամբ նշել է, որ քրեական գործով կիրառված արգելանքները սնանկության գործի շրջանակներում չեն կիրառվում և չեն կարող վերացվել: Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սնանկության վարույթի շրջանակներում Սնանկության դատարանի կայացրած դատական ակտերով կիրառված նորմերի կամ դրանց տրված մեկնաբանությունների սահմանադրականության հարց սույն գործով չի բարձրացվել: 6.1. Սահմանադրության «Սահմանադրական դատարան դիմելը» վերտառությամբ 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն անհատական դիմում կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ օրենսդիրը սահմանել է անհատական դիմումին ներկայացվող հստակ պահանջներ, որոնց առկայությունն անհրաժեշտ պայման է դիմումը քննության ընդունելու համար: Այդ պահանջների շարքում, ի թիվս այլնի, կարևորվում է վիճարկվող դրույթի դիմողի նկատմամբ կիրառված լինելու հանգամանքը, քանի որ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում անձը չի կարող բարձրացնել ցանկացած դրույթի սահմանադրականության հարց: Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»։ Նկատի ունենալով, որ խնդիրը վերաբերում է վիճարկվող դրույթի կիրառված լինելու հանգամանքին, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում այդ հարցի շուրջ ներկայացնել նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, որոնք հանգում են հետևյալին. Իրավանորմի կիրառված լինելու հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ արտահայտել է իր 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշմամբ: Մասնավորապես նշված որոշմամբ ամրագրվել է. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենքի կիրառումը պետք է անձի համար առաջացնի իրավական հետևանքներ: Դա նշանակում է, որ օրենքի դրույթը ձևականորեն չվկայակոչելը վերջնական դատական ակտում չի ենթադրում, որ այն Դիմողի նկատմամբ չի կիրառվել, եթե այն նրա համար առաջացրել է իրավական հետևանքներ: Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը. Սույն գործով ներկայացված դատական ակտերի ուսումնասիրման արդյունքում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ներկայացվել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի մի շարք վերաբերելի իրավակարգավորումներ, իսկ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած ակտի պատճառաբանական մասում ներկայացված վերլուծությունները վերաբերում են գլխավորապես Օրենսգրքի 32-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորման մեկնաբանմանը քրեական գործով վարույթի ավարտված լինելու մասով, երբ դատարանը ձեռնարկել է օրենքով իրեն վերապահված բոլոր հատուկ միջոցները, ինչը վկայում է քրեական գործով վարույթի ավարտի մասին, իսկ Վճռաբեկ դատարանի կողմից խնդրո առարկային վերաբերող դիրքորոշումներ չեն ներկայացվել նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի կողմից վիճարկվող Օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությամբ և 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթները Դիմողի նկատմամբ չեն կիրառվել, վերոնշյալ դատական ակտերից որևէ մեկով չեն վկայակոչվել, ինչպես նաև դատական ակտերի վերլուծությունների և եզրահանգումների համատեքստում որևէ իրավական հետևանք չեն առաջացրել Դիմողի նկատմամբ: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությամբ և 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությամբ ամրագրված դրույթների մասով առկա է սույն գործի վարույթը կարճելու հիմք հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Այսպիսով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումը Օրենսգրքի 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության և 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության մասով ենթակա է կարճման, քանի որ նշված դրույթները Դիմողի նկատմամբ չեն կիրառվել, ուստի Դիմողն իրավասու չէ այդ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 6.2. Սույն գործի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ խնդրո առարկա հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին Սահմանադրությամբ ամրագրված օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման համատեքստում: Վճռաբեկ դատարանը 2011 թվականի հուլիսի 1-ին թիվ ԿԴ1/0289/02/10 քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները. «Քրեական գործով վարույթն ավարտվելուց հետո կալանքի (արգելանքի) տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում ո՞ր դատարանին է ընդդատյա շահագրգիռ անձի (գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի) գույքն արգելանքից հանելու վերաբերյալ իրավունքի պաշտպանությունը: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հարկադիր կատարման միջոցներն են պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք): «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն արգելանքը կիրառվում է պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով, պարտապանի գույքի բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ: Եթե գույքի վրա արգելանք է դրվել դատավճռով գույքը բռնագրավելու կապակցությամբ, ապա որպես պատասխանող ներգրավվում են դատապարտյալը և համապատասխան ֆինանսական մարմինը։ Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն դատարանը գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննում է այն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում: Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գույքի վրա կիրառվող արգելանքը հարկադիր կատարման միջոցներից մեկն է, որը կիրառվում է ինչպես պարտապանի գույքի վրա բռնագանձումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով (քաղաքացիական և քրեական գործերով), այնպես էլ պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում (քրեական գործերով): Ընդ որում` օրենսդիրն այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով, արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձանց համար սահմանել է իրավունք` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան։ Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը թե քաղաքացիական, և թե քրեական գործերով երաշխավորում են արգելադրված գույքի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի իրավունքների պաշտպանությունը նաև այն դեպքում, երբ գործով վարույթն ավարտվել է: Ի դեպ, նախատեսվել են նաև այդ իրավունքի իրականացման մեխանիզմները, այն է` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Վերոնշյալից հետևում է, որ թե քաղաքացիական, և թե քրեական գործերի վարույթների ավարտից հետո շահագրգիռ անձը պետք է գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմի գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, որն իրենից ենթադրում է համապատասխան պահանջի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով»: Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանը, իրացնելով օրենքների և նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը, ներկայացրել է վերոնշյալ հարցի վերաբերյալ մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք, չնայած այն հանգամանքին, որ ըստ էության վերաբերելի են Դիմողի քննարկման առարկա դիմումով առաջադրած խնդրին, այդուհանդերձ դրանց համահունչ որևէ գործողություն Դիմողը չի ձեռնարկել: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Դիմողի համար բացասական իրավական հետևանքներ է առաջացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012թ. թիվ ԵԱՔԴ/0051/01/11 գործով կայացրած դատավճիռը, որով որոշվել է Դիմողին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա դրված կալանքը թողնել անփոփոխ առանց ժամկետ նշելու (Օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված է գույքի վրա դրված կալանքը պահպանելու հնարավորություն քրեական գործով վարույթի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում): Դիմողի կողմից վերոնշյալ դատական ակտը սահմանված ժամկետում չի բողոքարկվել, ուստի դատավճիռն օրենքով սահմանված կարգով մտել է օրինական ուժի մեջ: Վերոնշյալ դատավճռի կայացումից հետո տարիներ անց, Դիմողի կողմից քրեական դատավարության շրջանակներում բարձրացվել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը կալանքից հանելու հարց առանց հաշվի առնելու Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ դիրքորոշումները, և խնդիրը համապատասխան լուծում չի ստացել: Ավելին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ի դեմս քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորի, թիվ ԵԴ/0073/15/21 դատական գործի շրջանակներում Անահիտ Զաքարյանի սնանկության գործով կառավարչի համապատասխան դիմումի ընդունումը մերժել է պատճառաբանելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով հատուկ վարույթի կարգով գույքը կալանքից հանելու գործերի քննության կարգ նախատեսված չէ, հետևաբար Անահիտ Զաքարյանի սնանկության գործով կառավարչի կողմից իրավունքների պաշտպանությունը հատուկ վարույթի կարգով իրացվել չի կարող: Այլ կերպ դիմումի ընդունումը մերժվել է ոչ թե առհասարակ քաղաքացիական դատավարության կարգով դատարանում այն քննության ենթակա չլինելու, այլ սխալ դատավարական ընթացակարգի միջոցով համապատասխան իրավունքի պաշտպանությունն իրականացնելու արգելքի հիմքով, որպիսի պարագայում բացակայում է ընդհանուր իրավասության դատարանի միջոցով իրավունքի պաշտպանության հնարավորությունն սպառելու փաստը, ըստ այդմ էլ Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա կոնկրետ սահմանադրաիրավական վեճը: 6.3. Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված սեփականության իրավունքի սահմանափակման հարցերին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Դիմողին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա դրված կալանքը բխում է Օրենսգրքի 232-րդ հոդվածով ամրագրված կարգավորումներից, որոնք, մասնավորապես, սահմանում են. «1. Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:
2. Կալանք դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում»: Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը, իսկ 2-րդ մասով սահմանվում է նաև, որ գույքի վրա կալանք դնելը կատարվում է հետաքննության մարմնի, քննիչի կամ դատախազի որոշման հիման վրա: Վերոնշյալ իրավական կարգավորումների լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի սեփականության իրավունքի սահմանափակումը նախատեսված է եղել օրենքով և նպատակ է հետապնդել պաշտպանել այլոց իրավունքներն ու ազատությունները: Այլ հարց է, որ մինչ օրս Դիմողին սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ կիրառված կալանքը մնացել է անփոփոխ, որպիսի խնդիրն առավելապես պայմանավորված է Դիմողի գործողություններով, քանզի վերջինս, ըստ էության, չի սպառել օրենսդրությամբ նախատեսված հնարավոր ընթացակարգերը։ 6.4. Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հիմնախնդրին Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատական պաշտպանության իրավունքի, ինչպես նաև դրա բաղադրատարր հանդիսացող բողոքարկման իրավունքի իրացման համար օրենսդրությամբ հստակ պահանջների և չափանիշների նախատեսումն առանցքային կարևորություն է ներկայացնում, քանի որ ապահովում է այդ գործընթացի որոշակիությունն ու կանխատեսելիությունը այդ ձևով նախադրյալներ ստեղծելով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու համար, ուստի որոշ օրենսդրական պահանջների առկայությունը չի կարող մեկնաբանվել որպես դատական պաշտպանության իրավունքի սահմանափակում: 6.5. Հաշվի առնելով սույն որոշման շրջանակներում ներկայացված իրավական դիրքորոշումներն ու կատարված վերլուծությունները Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ տվյալ պարագայում Դիմողի կողմից ներկայացված մտահոգությունների և բարձրացված խնդրի լուծումը պայմանավորված է Դիմողի` օրենսդրությանը և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին չհամապատասխանող գործողություններով։ Վերոգրյալի լույսի ներքո Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի և 238-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության խնդիրը սույն գործի դատավարական նախապատմության համատեքստում դիտարկելու արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի համար առաջացած անբարենպաստ իրավական հետևանքները պայմանավորված չեն վիճարկվող նորմերի կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանությամբ, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը չի ներկայացրել համապատասխան հիմնավորումներ իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթների կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Ասվածը հավասարապես վերաբերելի է նաև Դիմողի կողմից վիճարկվող մյուս նորմերին, քանզի դրանց հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավոր փաստարկներ ևս չեն ներկայացվել։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: Նշված որոշման համաձայն « (...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (...): (...)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ (…) դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Նման պայմաններում Դիմողը չի պահպանել վերոշարադրյալ օրենսդրական պահանջները, ուստի դիմումն ակնհայտ անհիմն է և ենթակա կարճման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Անահիտ Զաքարյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի, 238-րդ հոդվածի 1-ին մասի, 428-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության ու 438-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
15 փետրվարի 2022 թվականի
ՍԴԱՈ-28
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 փետրվարի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-28
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
