Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-19125 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-191)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 օգոստոսի 2026թ. ՍԴԱՈ - 191 | «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի հուլիսի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ԼԴ/0583/02/24 քաղաքացիական գործով «Սահմանադրական դատարան դիմելու և քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» 2026 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).

«Թիվ ԼԴ/0583/02/24 քաղաքացիական գործով դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին համապատասխանությունը որոշելու հարցով:

Քաղաքացիական գործի վարույթը կասեցնել՝ մինչև Սահմանադրական դատարանի կողմից դիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելը:

(...)»:

2. Ներկայացնելով թիվ ԼԴ/0583/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, ինչպես նաև վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2026 թվականի մայիսի 6-ի ՍԴՈ-1827 որոշումը՝ Դիմողը նշում է, որ ստեղծվել է կոնկրետ իրավահարաբերությունը կարգավորող իրավադրույթի և անձի՝ Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների միջև անհամապատասխանություն, ինչի արդյունքում խախտվում է արդար դատաքննության հիմնարար իրավունքը, և նման պայմաններում վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության համապատասխանության հարցի քննարկման անհրաժեշտություն է առաջանում:

Դիմողի համոզմամբ՝ սույն գործի և թիվ ԼԴ1/0030/02/24 քաղաքացիական գործի միմյանցից անկախ և միաժամանակ քննությունը գործին մասնակցող անձանց համար ստեղծում է միևնույն հարցի վերաբերյալ երկու հակասական դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու վտանգ, ինչպես նաև խախտում է դատական պաշտպանության իրավունքի իրացման, ինչպես նաև երեխաների լավագույն շահերի պաշտպանության արդյունավետությունը։

Դիմողը պնդում է, որ թեև վերոնշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորության բացակայությանը, սակայն նորմի այն մասը, որով այն սահմանափակում է գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորությունը մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, Սահմանադրական դատարանի քննության առարկան չի եղել, և այդ մասով նորմը շարունակում է գործել նույն խմբագրությամբ: Այսինքն՝ գործող իրավակարգավորման պայմաններում գործերը մեկ վարույթում միացնելը հնարավոր է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք գտնվում են նույն դատավորի, թե՞ տարբեր դատավորների վարույթում:

Ըստ Դիմողի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասն այդ մասով որևէ վերապահում չի սահմանում, նորմից որևէ կերպ չի հետևում, որ այն վերաբերում է, օրինակ, միայն այն գործին, որով կայացվում է գործերը մեկ վարույթում միացնելու որոշումը, և չի վերաբերում այն գործերին, որոնք միացվում են տվյալ գործին, ինչից հետևում է, որ առկա իրավակարգավորման պայմաններում քաղաքացիական գործերը, այդ թվում՝ առաջին ատյանի դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերը, ի թիվս այլ պայմանների, կարող են միացվել մեկ վարույթում այն դեպքում, երբ դրանցից որևէ մեկով դեռևս չի կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում: Հակառակ պարագայում գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորություն առկա չէ:

Դիմողի դիտարկմամբ՝ գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորությունը մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը սահմանափակելու իրավակարգավորման նպատակը դատավարության կանխատեսելիությունն ապահովելն է: Ըստ այդմ՝ այդ կարգավորման տրամաբանությունն այն է, որ երբ գործին մասնակցող անձանց միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը, և դրանով իսկ արդեն որոշվել է վեճի շրջանակը, ապա այն այլևս չպետք է փոփոխվի տարբեր գործերի միացմամբ: Սակայն նման մոտեցումը ոչ միշտ է արդարացված, հատկապես այն դեպքերում, երբ առկա են այնպիսի դատավարական իրավիճակներ, որոնց արդյունքում երկու գործերը չմիացնելու դեպքում կարող են կայացվել և օրինական ուժի մեջ մտնել երկու միմյանց հակասող դատական ակտեր, ինչպես նաև կարող է խախտվել կողմերի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

Դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորությունը սահմանափակում է դատավարության փուլով՝ դա թույլատրելով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, ինչն անհարկի սահմանափակում է գործին մասնակցող անձանց արդար դատաքննության, արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ապահովելու՝ դատարանի գործիքակազմը և վերոգրյալ պատճառաբանություններով հանգեցնում է կամ առնվազն կարող է հանգեցնել այդ իրավունքների խախտման:

Բացի դրանից, Դիմողը նշում է նաև. «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը չի կարգավորում այն հարցը, թե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերը միացնելու անհրաժեշտության դեպքում ո՞ր դատավորը պետք է միացնի գործերը մեկ վարույթում: Նշված ոչ այնքան խնդրահարույց է այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձինք իրենք են միջնորդում գործերից մեկը միացնել մյուսին և այդ հարցում ունեն համաձայնություն, որքան այն դեպքում, երբ այդ մասով գործին մասնակցող անձանց միջև չկա համաձայնություն: Այդ կապակցությամբ հարկ է նաև արձանագրել, որ 06.07.2026 թվականի դատական նիստում սույն գործը և թիվ ԼԴ1/0030/02/24 քաղաքացիական գործը մեկ վարույթում միացնելու հարցի քննարկման արդյունքում պարզվել է, որ սույն գործով հայցվորի դիրքորոշման համաձայն՝ սույն գործին պետք է միացվի թիվ ԼԴ1/0030/02/24 քաղաքացիական գործը, իսկ պատասխանողի դիրքորոշման համաձայն՝ սույն գործը պետք է միացվի թիվ ԼԴ1/0030/02/24 քաղաքացիական գործին: Արդյունքում դատարանը չունի օրենսդրորեն սահմանված որևէ չափանիշ, թե ինչպե՞ս պետք է որոշել, թե ո՞ր նախագահողը պետք է գործերը միացնի»:

Դիմողը գտնում է, որ՝ «(…) նշված օրենսդրական բացը, դատարանի գնահատմամբ, կարող է լինել Սահմանադրական դատարանի քննության առարկա, քանի որ համապատասխան իրավակարգավորման բացակայությունը, կողմերի միջև համաձայնության բացակայության պայմաններում, դատարանին հնարավորություն չի տալիս որևէ օրենսդրական կարգավորման վրա հիմնվելով որոշել, թե երկու գործերը նախագահողներից ո՞ր նախագահողը պետք է միացնի գործը:

Նշվածը վկայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասում իրավակարգավորման այնպիսի բացի մասին, որը չի ապահովում համապատասխան ընթացակարգեր և կառուցակարգեր՝ գործին մասնակցող անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ապահովելու համար»:

Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը պնդում է, որ դատարանի մոտ հիմնավոր կասկած է առաջացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ այն մասով, որով տվյալ նորմը գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորությունը սահմանափակում է մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, և այնքանով, որքանով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող մի քանի միատեսակ գործերը մեկ վարույթում միացնելու անհրաժեշտության դեպքում նորմը չի սահմանում, թե ո՞ր դատավորը պետք է միացնի գործերը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու և (կամ) այն մուտքագրվելու վաղեմությունից ելնելով:

Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է Սահմանադրության 61, 63 և 75-րդ հոդվածներին:

3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով Սահմանադիրն ամրագրել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանների կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սույն սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն լայնաբովանդակ պատճառաբանություն ներկայացնելը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը հարկ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջիններիս՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջն անառարկելիորեն ենթադրում է դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի շրջանակներում խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողությունների և հիմնավորումների պատճառաբանված դիրքորոշումների ներկայացում, որը, ի թիվս այլնի, ներառում է վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինության հիմնավորումը:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել նաև սկզբունքային նշանակություն ունեցող այն հարցին, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Սահմանադիրը դատարաններին վերապահել է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական գործառույթ, իսկ այն դեպքում, երբ վերջիններս հիմնավոր կասկած ունեն կոնկրետ գործով արդարադատության իրականացման հանգուցալուծումը պայմանավորող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ, հայցել սահմանադրական արդարադատություն: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրությանը համապատասխան արդարադատության իրականացումը, ի թիվս այլնի, ենթադրում է դատարանների կողմից իրավանորմերին՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանության հաղորդում: Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ կատարված ցանկացած դատողություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, այդ թվում՝ մեկնաբանման ողջ մեթոդոլոգիական համալիրի կիրառմամբ, որոնք հանգեցրել են նման դատողությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, տվյալ պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման նախապայման է:

Այս մոտեցումից տարբերվող գործելակերպը ենթադրում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պատվիրանի կատարումը:

Անդրադառնալով սույն գործին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ այն չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան իրավական հիմնավորումներ, այդ թվում՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինության վերաբերյալ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը, դիմումի պատճառաբանության հիմքում դնելով այն հանգամանքը, որ թեև Սահմանադրական դատարանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորության բացակայությանը, սակայն նորմի այն մասը, որով այն սահմանափակում է գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորությունը մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, Սահմանադրական դատարանի քննության առարկան չի եղել, և այդ մասով նորմը շարունակում է գործել նույն խմբագրությամբ: Արդյունքում՝ Դիմողի կողմից վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող փաստարկները, ըստ էության, հանգում են թիվ ԼԴ1/0030/02/24 քաղաքացիական գործով դատարանի կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելու, և ըստ այդմ՝ դատարանի վարույթում գտնվող թիվ ԼԴ/0583/02/24 քաղաքացիական գործի և թիվ ԼԴ1/0030/02/24 քաղաքացիական գործի վարույթները միացնելու անհնարինությանը։

Մինչդեռ Դիմողը որևէ կերպ չի փորձել վիճարկվող նորմին հաղորդել սահմանադրական մեկնաբանություն և/կամ հստակորեն հիմնավորել այդպիսի մեկնաբանություն նորմին հաղորդելու անհնարինությունը:

Ասվածի լույսի ներքո ակնհայտ է, որ Դիմողի կողմից վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությանն ի հիմնավորումն բերված փաստարկները հենված են լոկ այն դատողության վրա, որ առկա իրավակարգավորման պայմաններում քաղաքացիական գործերը, այդ թվում՝ առաջին ատյանի դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերը, ի թիվս այլ պայմանների, կարող են միացվել մեկ վարույթում այն դեպքում, երբ դրանցից որևէ մեկով դեռևս չի կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում։ Հակառակ պարագայում գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորություն առկա չէ։

Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը չի ներկայացրել վիճարկվող նորմի մեկնաբանման ողջ մեթոդոլոգիական գործիքակազմի կիրառմամբ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանելու անհնարինությունը հիմնավորող իր դատողությունների շղթան, որը պետք է հստակ արտացոլվի սահմանադրական արդարադատություն հայցելու վերաբերյալ դիմումի (որոշման) շրջանակներում: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Բարձր դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների դիմումներին ներկայացվող նման պահանջն ինքնանպատակ չէ: Կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին կարող է խոսվել այն պարագայում, երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանմամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթակա նորմի՝ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը:

Ողջ վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ առկա է սույն դիմումով գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԱՈ-191

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-191
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել