Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-11826 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-118)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հուլիսի 2024թ. ՍԴԱՈ - 118 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 483-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2024 թվականի հունիսի 14-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործով «Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2024 թվականի հունիսի 10-ի որոշմամբ որոշել է.

«Թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական վարույթով ամբաստանյալ Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Ա. Մանուկյանի և Լ. Սահակյանի հատուկ վերանայման բողոքների քննարկման շրջանակներում դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով քննարկել և պարզել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 28-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ հարցը:

(...)»:

2. Ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առջև պաշտպանության կողմից բարձրացված իրավական հարցերը, դատական նիստի ժամանակ կողմերի հայտնած դիրքորոշումները՝ Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 1-ին, 5, 6, 28, 61, 63, 79 և 169-րդ հոդվածները, ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիրքորոշումները, մասնավորապես, նշում է. «2021 թվականի հունիսի 30-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածը, ըստ էության, ողջ քրեադատավարական կառուցակարգերը գործի դնելու մեխանիզմներ է նախատեսել, մասնավորապես սահմանելով, թե մինչև նշված օրենսգրքի ուժի մեջ մտնելն առկա իրավահարաբերություններն որ նորմերի ուժով պետք է կարգավորվեն: (...) այս կարգավորման [ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի] համաձայն մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն արդեն դատաքննության փուլ անցած բոլոր քրեական գործերը շարունակում են քննվել մինչև այդ պահը գործող քրեադատավարական կառուցակարգերի կիրառմամբ, այլ կերպ ասած՝ մինչ այդ ծագած իրավահարաբերությունները ենթակա են կարգավորման բացառապես այդ ժամանակ գործող օրենսդրության կառուցակարգերի գործադրմամբ: Նշված նորմի մեկնաբանությունները բազմաբնույթ են, տարակարծիք և շփոթ առաջացնող, որն ուղղակիորեն հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված իրավական որոշակիությանը, ավելին հակասություն ունենալով հենց նույն դատավարության օրենսգրքի մեկ այլ դրույթի հետ (...), նորից բախում է առաջանում իրավական որոշակիության և օրենքի առաջ հավասարության սկզբունքի հետ»:

Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթում բովանդակվող «քննվում և լուծվում են» ձևակերպման վերաբերյալ հակասական դիրքորոշումներ ունեն ինչպես կողմերը, այնպես էլ գործնականում դատարանները: Այս առնչությամբ Դիմողը նշում է. «(...) առաջ է գալիս իրավաչափ երկու հարց, որոնց վերաբերյալ տարամեկնաբանությունները հանգեցնում են քննարկման առարկա նորմի սահմանադրական պահանջի՝ նորմի որոշակիության բաղադրիչի առկայության կամ բացակայության հարցին, որին իրավակիրառ մարմինը, սույն դեպքում՝ Վերաքննիչ դատարանը, չի կարող լուծում տալ: Առաջին հարցը նրանում է, արդյո՞ք «քննվում և լուծվում են» ձևակերպումները վերաբերում են բացառապես դատավարական ընթացակարգերին (...), թե՝ դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից մինչև որոշում կայացնելու պահը ցանկացած վարութային գործողության կատարմանը կամ դատավարական ակտի ընդունմանը»:

Մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 1-ին մասի և 288-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները՝ Դիմողը պնդում է, որ դրանցում՝ վիճարկվող դրույթում բովանդակվող խնդրո առարկա ձևակերպումը տարատեսակ կիրառություն ունի, ինչը գործնականում շփոթ է առաջացնում. «(...) եթե առաջնորդվենք գործնականում տարածված նեղ մեկնաբանությամբ, ստացվում է, որ «քննվում և լուծվում են» ձևակերպումները վերաբերելի են բացառապես դատաքննությանը (...):

Իսկ հակառակ մեկնաբանության պայմաններում կարող է առաջանալ այլ ծայրահեղ իրավիճակ, որն էլ իր հերթին առավել մեծ անորոշության պատճառ է հանդիսանում: Մասնավորապես, եթե խնդրո առարկա կարգավորումը վերաբերում է առհասարակ վարութային ցանկացած գործողությանը կամ կայացվող ցանկացած որոշմանը (...)»:

Պատճառաբանելով, որ առաջացել է օրենսդրական դրույթի որոշակիության խնդիր, որը հաղթահարելի չէ դատարանների կողմից, քանի որ տվյալ դեպքում այն «(...) խախտում է կամ կարող է խախտել անձի սահմանադրական, մասնավորապես՝ օրենքի առջև հավասարության և արդյունքում՝ արդար դատաքննության իրավունքները (...)», Դիմողը եզրահանգում է. «(…) 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասը չի բավարարում իրավական որոշակիության սահմանադրական պահանջը, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ, 6-րդ, 28-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին (…)»:

3. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը, գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում Սահմանադիրն ամրագրել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով դատարանների համապատասխան իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այս առումով հիմնարար նշանակություն ունի արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված հիշյալ սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը բացահայտող այն հիմնավոր պատճառաբանությունը ներկայացնելը, որը կվկայի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բավարարման առկայությունը:

Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ Սահմանադրական դատարան դիմելիս դատարանները համապատասխան որոշման շրջանակներում պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորոշումները՝ հիմնավորելով բարձրացված հարցի՝ սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալու հանգամանքը: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պայմանի առկայությունը մեկնաբանելիս դատարանները պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի՝ խնդրո առարկա հարցի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները, ի մասնավորումն՝ Սահմանադրական դատարանն իր մի շարք աշխատակարգային որոշումներով ընդգծել է, որ «հիմնավոր կասկած» չի կարող համարվել նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթի վերաբերյալ ցանկացած կասկած. դատարանը պետք է համոզվի, որ դատական մեկնաբանությամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթական նորմի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավոր կասկածը։

«Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները՝ դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը։ Այլապես՝ նման հիմնավորումների բացակայությունը կարող է գնահատվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է՝ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն» (14.12.2021թ. ՍԴԱՈ-254):

Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտել սահմանադրական իրավունքների պաշտպանության երաշխավորման և իրավական անվտանգության ապահովման հարցում դատարանների ունեցած առանձնահատուկ առաքելությունը, քանզի անառարկելի իրողություն է, որ իրավական անորոշության հաղթահարման հարցում դատական իշխանությունն օժտված է առանցքային կարևորություն ունեցող իրավանորմերի դատական մեկնաբանության լծակով, որի՝ Սահմանադրությանը համահունչ կիրառումը սահմանադրականության հաստատման և սահմանադրական իրավակարգի ապահովման գրավականներից է: Սահմանադրական դատարանն այս հարցում ընդգծում է Վճռաբեկ դատարանի առանցքային դերը, որին Սահմանադիրը, ի թիվս այլնի, վերապահել է օրենքի միատեսակ կիրառության ապահովման հիմնաքարային նշանակություն ունեցող առաքելություն:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի առջև դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտի դրույթի՝ իրավական որոշակիության սահմանադրական պահանջին անհամապատասխանության հարց բարձրացնելու պարտադիր պայման է դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումում դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ այն հաղթահարելու անհնարինությունը հիմնավորելը:

Դիմումի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումով Դիմողը սահմանափակվել է լոկ թիվ ՀԿԴ/0003/01/22 քրեական գործի դատավարական նախապատմության, գործով կողմերի ներկայացրած դիրքորոշումների ներկայացմամբ՝ միաժամանակ պնդելով, որ «(...) ստեղծվել է իրավիճակ, որի պայմաններում խարխլվում է իրավական որոշակիության սկզբունքը, ձևավորվում է դատական տարամեկնաբանություններով պրակտիկա և արդյունքում կազուսային իրավիճակ, երբ դատարաները դրսևորում են տարբեր մոտեցումներ՝ վտանգելով մարդու ազատության իրավունքի հիմքերի հարգման սկզբունքը, անձանց մոտ ակնկալիքներն իրենց իրավունքների վերաբերյալ անորոշ են, ոչ կանխատեսելի և միանշանակ, ինչպես նաև առաջ է գալիս օրենքի առաջ հավասարության իրավունքի խախտում»:

Ավելին, դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս փաստել, որ Դիմողը, ըստ էության, բարձրացնելով վիճարկվող դրույթի՝ իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին անհամապատասխանության հարց, միևնույն ժամանակ, դիմումի շրջանակներում ներկայացնում է այն հաղթահարելու հնարավոր եղանակները:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում դատարանների ուշադրությունը հրավիրել սկզբունքային նշանակություն ունեցող հարցին առ այն, որ Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Սահմանադիրը դատարաններին վերապահել է բացառապես Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան արդարադատություն իրականացնելու սահմանադրաիրավական գործառույթ. այն դեպքում, երբ դատարանները հիմնավոր կասկած ունեն կոնկրետ գործով արդարադատության իրականացման հանգուցալուծումը պայմանավորող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ, նրանք իրավասու են դիմելու Սահմանադրական դատարան: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրությանը համապատասխան արդարադատության իրականացումը, ի թիվս այլնի, ենթադրում է դատարանների կողմից իրավանորմերին՝ Սահմանադրությանը համահունչ մեկնաբանության հաղորդում. Սահմանադրական դատարանն անթույլատրելի է համարում Սահմանադրի կողմից դատարաններին վերապահված դատական մեկնաբանման հիմնարար գործիքակազմի այնպիսի գործադրումը, որը հանգեցնելու է արհեստածին իրավական անորոշության և ենթադրյալ օրենսդրական բացի առաջացման՝ խաթարելով իրավական անվտանգությունն ու իրավակիրառ պրակտիկայի միասնականությունը:

Ավելին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված Սահմանադրի կամքին ուղղակի հակասում է նաև դատարանների՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տված տարամեկնաբանությունների սահմանադրականության հարց Բարձր դատարանի առջև բարձրացնելը. սույն մոտեցումը ոչ միայն չի բխում սահմանադրական հիշյալ կարգավորումներից, այլև խաթարում է եռաստիճան դատական համակարգի դատարանների և Սահմանադրական դատարանի լիազորությունների ներդաշնակ սահմանազատումը՝ հաշվի առնելով եռաստիճան դատական համակարգի դատարանների՝ դատական մեկնաբանման գործիքակազմով օժտված լինելու հանգամանքը, առավել ևս այն պայմաններում, երբ բարձրացված հարցադրումը գտնվում է Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրաիրավական գործառույթի իրականացման տիրույթում:

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։

Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթներ նախատեսող 483-րդ հոդվածի 7-րդ մասը «(...) խախտում է կամ կարող է խախտել անձի՝ օրենքի առջև հավասարության իրավունքը», Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ նշված սկզբունքը վերաբերում է միևնույն օրենքի առջև նույն իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ անհիմն և անօրինական տարբերակված վերաբերմունք դրսևորելուն: Նշվածի լույսի ներքո Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ անցումային դրույթներ նախատեսող 483-րդ հոդվածի 7-րդ մասը չունի ինքնուրույն կիրառություն, այլ պարզապես միջնորդավորում կամ անհրաժեշտ է դարձնում քրեական վարույթի ընթացքում «քննվող և լուծվող» հարցերի լուծման համար վերաբերելի կարգավորումներ նախատեսող 1998թ. քրեական դատավարության օրենսգրքի կիրառումը, որոնց սահմանադրականության հարց Դիմողը Սահմանադրական դատարանի առջև չի բարձրացնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով ու հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 հուլիսի 2024 թվականի

ՍԴԱՈ-118

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-118
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել