«ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 հունվարի 2024թ. ՍԴԴԿՈ - 1 | «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 9 հունվարի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, որով դիմողը խնդրել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին և ՀՀ Սահմանադրությանը հակասող հաշվի առնելով այն մեկնաբանությունը, որ փոխառության պայմանագրով փոխառուի պարտատերը կարող է հանդիսանալ որպես շահագրգիռ կողմ փոխառության պայմանագիրը դատական կարգով վիճարկելու պահանջով։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին հակասող իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ փոխառության պայմանագրում առկա նշումը, ինչպես նաև փոխառուի կողմից գումարը ստացված լինելու փաստի ընդունումը բավարար չեն փոխառության պայմանագիրը կնքված համարելու և գումարը հանձնված լինելու համար։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասը հակասող ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին, 79-րդ հոդվածին այն մեկնաբանությամբ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում այն մեկնաբանությունը, որ դատարանը առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով հայցը բավարարում է առանց դրա նկատմամբ անվավերության հետևանքները կիրառելու և առհասարակ դրանց անդրադարձ կատարելու»:
2. Դիմողը, մասնավորապես, գտնում է. «(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասին դատարանի տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը և այդպիսի մեկնաբանությամբ ստացվում է, որ փոխառուի բոլոր պարտատերերը կարող են վիճարկել պարտապանի կողմից կնքած բոլոր գործարքները և հանդիսանան շահագրգիռ կողմ (…)։ (…)
(...) փոխառության գումարը փոխատուից ստացված չլինելու հիմքով փոխառության պայմանագրի վիճարկման իրավունք ունի փոխառուն, այլ ոչ թե փոխառուի բոլոր պարտատերերը։ Բոլոր դեպքերում, երբ պայմանագրի կողմ հանդիսացող փոխառուն պնդում է, որ ստացել է փոխատուից փոխառության գումարը, տվյալ պայմանագիրը չի կարող համարվել չկնքված, քանի որ գումարը ստանալու ապացույցը հանդիսանում է հենց փոխառության պայմանագիրը»։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի առնչությամբ Դիմողը նշում է. «Ընկերության կողմից դրամարկղային գործառնությունների կարգը խախտելը դեռևս չի կարող փաստել, որ ընկերությունը չի ստացել վիճելի փոխառության գումարը։ (…)
Գտնում ենք, որ փոխառության պայմանագիրն է հենց այն ապացույցը, որը հավաստում է փոխառության իրավահարաբերության առկայությունը, քանի որ այն բովանդակում է տեղեկություն պայմանագրի կնքման պահին փոխառության գումարի տրամադրման մասին։ Իսկ տվյալ ապացույցից բացի էական է նաև փոխառուի դիրքորոշումը և տվյալ փաստի ընդունումը։ Իսկ փոխառության գումարի տրամադրման վերաբերյալ դրամարկղային փաստաթղթի անհրաժեշտությունը կառաջանար այն դեպքում, երբ փոխառության պայմանագիրը չպարունակեր տեղեկություն գումարը տրամադրվելու վերաբերյալ»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) սույն դեպքում, դատարանը համարելով, որ օրենքի ուժով փոխառության պայմանագիրը առոչինչ գործարք է առանց դրա դատարանի կողմից այդպիսին ճանաչվելու, պետք է կիրառեր առոչինչ գործարքի անվավերության հետևանքները։ Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման հայցապահանջը բավարարվում է, սակայն դրա հետևանքներին որևէ անդրադարձ չի կատարվում, ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ, ինչպես և տեղի է ունեցել սույն դիմումով ներկայացված դատական գործի շրջանակներում։ Դատարանը բավարարել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը, սակայն որևէ անդրադարձ չի կատարել անվավերության հետևանքներին և չի կիրառել ռեստիտուցիայի կանոնները։ Այդպիսով, ՀՀ սնանկության դատարանը, ընկերությանը սնանկ ճանաչելու դիմումը քննելիս, պետք է անդրադառնա, թե այն գործարքը, որը օրենքի ուժով առոչինչ է համարվել և դատարանով կիրառվել է առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ, արդյոք հետևանքների կիրառման պարագայում առկա չէ որևէ պարտավորություն որի հիմքով պարտապանը կարող է սնանկ ճանաչվել»։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված նյութերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը (…) կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ (…) լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը (տվյալ գործով բարձրացված հարցերի առնչությամբ վերջնական դատական ակտը) կայացվել է 2022 թվականի հունիսի 1-ին: Մինչդեռ սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվել 2023 թվականի դեկտեմբերի 27-ին վերջնական դատական ակտն ուժի մեջ մտնելուց ավելի քան վեց ամիս անց։ Այսինքն սույն անհատական դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելու պահին արդեն իսկ լրացել էր սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը։ Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմաններին, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
9 հունվարի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
