Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2521 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 փետրվարի 2025թ. ՍԴԱՈ - 25 | «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ․

1. 2025 թվականի հունվարի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը թիվ ՍԴ3/0013/01/21 քրեական գործով ներկայացված «Կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2025 թվականի հունվարի 7-ի որոշմամբ խնդրել է (որոշել է).

«Թիվ ՍԴ3/0013/01/21 դատական վարույթով կիրառման ենթակա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների սահմանադրականության հարցը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան»:

2. Ներկայացնելով տվյալ վարույթի դատավարական նախապատմությունը, Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ խնդրո առարկա որոշման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, Սահմանադրական դատարան դիմելու հարցի վերաբերյալ կողմերի բացատրությունները՝ Դիմողը հիշատակում է Սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի մարտի 21-ի թիվ ՍԴՈ-1358 որոշմամբ արտահայտած դիրքորոշումները՝ նշելով, որ համանման որոշում է կայացրել նաև ՌԴ Սահմանադրական դատարանը 2011 թվականի 16-П որոշմամբ:

Այս կապակցությամբ Դիմողը հայտնում է. «Ավելին՝ ի տարբերություն ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշման, որտեղ ՀՀ սահմանադրական դատարանը խնդիրն առավելապես դիտարկել է մահացածի մերձավոր ազգականի դիրքորոշումը լսելու տեսանկյունից, ՌԴ սահմանադրական դատարանը հստակ նշել է, որ եթե մահացածի մերձավոր ազգականներն առարկում են մեղադրյալի մահվան հիմքով վարույթը կարճելու դեմ, վարույթն իրականացնող մարմինը պետք է շարունակի վարույթի քննությունը»:

Վկայակոչելով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ «Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով 2019 թվականի օգոստոսի 27-ի վճռով արտահայտած դիրքորոշումները՝ Դիմողը փաստում է. «(…) Եվրոպական դատարանը, հասկանալով քրեական դատավարությունը ռեաբիլիտացիայի նպատակով շարունակելու անհրաժեշտությունը, ընդունելով, որ այդ նպատակով ՌԴ սահմանադրական դատարանը համապատասխան որոշում է կայացրել, այնուամենայնիվ, գտել է, որ անձի մահից հետո նրա նկատմամբ վարույթը խախտում է մրցակցային դատավարության, կողմերի հավասարության, դատաքննությանը մեղադրյալի ներկա գտնվելու և լսված [լինելու] սկզբունքները՝ դրանով իսկ հանգեցնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքի խախտման»:

Դիմողը պնդում է. «(...) Դատարանը չի անտեսում անմեղության կանխավարկածի սկզբունքը, հասկանում է, որ նշված նորմը հնարավորություն է տալիս իրականացնել ռեաբիլիտացիա այն դեպքերում, եթե պարզվի, որ անձն անմեղ է, այնուամենայնիվ, հաշվի առնելով նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հստակ արձանագրումները՝ Դատարանի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած, որ ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է ՀՀ Սահմանադրության՝ վերը թվարկված հոդվածներին, քանի որ անձի մահը նրա նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանք չի համարում, եթե մահացածի օրինական ներկայացուցիչն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, և նշված դեպքում նախատեսում է քրեական վարույթը ընդհանուր կարգով շարունակելու հնարավորություն:

Մասնավորապես՝ Դատարանի մոտ ձևավորվել է հիմնավոր կասկած, որ վիճարկվող նորմը հակասում է օրենքի առջև ընդհանուր հավասարության սկզբունքին, քանի որ արդյունքում չի ապահովվում դրա բաղադրատարր հանդիսացող՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները, հակասում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին, քանի որ մահացած մեղադրյալը ներկա չի գտնվում իր վերաբերյալ ընթացող դատավարությանը, հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 80-րդ և 81-րդ հոդվածներին, քանի որ հաշվի չի առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի հիման վրա գործող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վերը նշված նախադեպային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը:

Ընդ որում, թեև Դատարանը չի վիճարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման սահմանադրականության հարցը, քանի որ դրանով որևէ անձի իրավունք չի սահմանափակվում, այնուամենայնիվ գտնում է, որ եթե Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչի ՀՀ Սահմանադրությանը հակասող, ապա նշված կարգավորումը նույնպես կկորցնի իր գործառնական նշանակությունը»:

Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումը հակասում է Սահմանադրության 28, 61, 63, 67, 80 և 81-րդ հոդվածներին:

3. Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով Սահմանադիրն ամրագրել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով խնդրո առարկա սահմանադրաիրավական իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:

Ժողովրդավարական և իրավական պետության կայացման և զարգացման անշեղ ուղին բռնած Հայաստանի Հանրապետությունում սահմանադրականության ամրապնդումը և զարգացումը, ի շարս այլ գործիքակազմի, կարող են երաշխավորվել Սահմանադրության ակունքներում դրված արժեհամակարգի կենսագործմամբ և սահմանադրական պատվիրանների անվերապահ պահպանմամբ:

Սահմանադրական դատարանն արժևորում է իրավական նորմերի կիրառման առաջնագծում կանգնած դատարանների՝ սահմանադրական արդարադատության միջոցով ենթադրյալ հակասահմանադրական նորմերի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն միտված նախաձեռնողականությունն ու, ի թիվս այլնի, նաև այդ գործիքակազմով սահմանադրականության ամրապնդումը: Սահմանադրի այս կամքն է ամփոփված դատարաններին սահմանադրական արդարադատություն հայցելու իրավասությամբ օժտելու հիմքում: Այս առումով դատարանների՝ սույն սահմանադրաիրավական իրավասությունը կարող է իր սահմանադրահեն նպատակին ծառայել, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ դատարանները սահմանադրական արդարադատություն հայցելու վերաբերյալ իրենց որոշման շրջանակներում հիմնավորեն Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի առկայությունը:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պայմանի առկայությունը մեկնաբանելիս դատարանները պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի՝ խնդրո առարկա հարցի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:

Ավելին, Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ ոչ թե նորմատիվ իրավական ակտի վերաբերյալ ցանկացած կասկած կարող է համարվել իբրև «հիմնավոր կասկած», այլ միայն այնպիսի կասկածները «(...) երբ դատարանը համոզվի, որ դատական մեկնաբանմամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթական նորմի՝ Սահմանադրությանը հակասության վերաբերյալ հիմնավոր կասկածը։

Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները՝ դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը։ Այլապես՝ նման հիմնավորումների բացակայությունը կարող է գնահատվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է՝ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն» (14.12.2021 թ. ՍԴԱՈ-254):

Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ դատարանները՝ Սահմանադրական դատարան դիմելու մասին համապատասխան որոշման շրջանակներում պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորոշումները: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:

Անդրադառնալով ներկայացված դիմումին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Սահմանադրական դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը:

Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության հարց՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) անձի մահը նրա նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանք չի համարում, եթե մահացածի օրինական ներկայացուցիչն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, և նշված դեպքում նախատեսում է քրեական վարույթը ընդհանուր կարգով շարունակելու հնարավորություն»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ ըստ Դիմողի՝ թիվ ՍԴ3/0013/01/21 քրեական գործով ներկայացված «Կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2025 թվականի հունվարի 7-ի որոշման՝

«3. ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՂՄԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

Նախնական դատալսումներում քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքերի առկայության վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ Դատարանի նախաձեռնությամբ քննարկվել է մահվան հիմքով Վոլոդյա Գալոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը: Մահացած մեղադրյալի օրինական ներկայացուցիչն առարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ:

Հանրային մեղադրողը հայտնել է, որ տվյալ դեպքում առերևույթ առկա է կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության խնդիր, ուստի գտել է, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Պաշտպանը չի առարկել միջնորդության դեմ» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում հիշատակել իր՝ 2017 թվականի մարտի 21-ի ՍԴՈ-1358 որոշումը, որում, մասնավորապես, նշվում է. «(...) մահացածի մերձավոր ազգականները պետք է հնարավորություն ունենան պահանջելու շարունակել քրեական գործի վարույթը նրա անմեղության հարցը լուծելու նպատակով, ինչի արդյունքում, եթե դատարանը կայացնի արդարացման դատավճիռ, մի կողմից կապահովվի մահացածի իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանությունը, մյուս կողմից` որպես իրավահաջորդ հանդես եկող մերձավոր ազգականները ձեռք կբերեն մահացածի արդարացվածի կարգավիճակից բխող իրավունքներ:

10. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մարդու արժանապատվության անխախտելիության, անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքի իրացման երաշխավորվածությանն ուղղված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով սահմանված բացառություններից առաջինի, այն է` «…երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար» դրույթի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ամբողջական չեն: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերլուծությունը վկայում է, որ մահացածի իրավահաջորդության ինստիտուտ և դրանից բխող անհրաժեշտ իրավունքներ, պարտականություններ, ընթացակարգեր նախատեսված չեն: Բացակայում են նաև քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու դեպքում այդ մասին մահացածի մերձավոր ազգականներին իրազեկելու, տեղեկացնելու իրավական անհրաժեշտ կառուցակարգերը:

ՀՀ սահմանադրական դատարանը կարևորում է քրեադատավարական օրենսդրությունում այնպիսի իրավակարգավորումը, որը հնարավոր կդարձնի մահացած անձի (մեղադրյալի կամ կասկածյալի) ռեաբիլիտացիան քրեական դատավարության շրջանակներում, նրա իրավունքների և օրինական շահերի լիարժեք պաշտպանությունը՝ տրամադրելով մահացած անձի մերձավոր հարազատներին համապատասխան քրեադատավարական կարգավիճակ և դրանից բխող համապատասխան իրավունքներ, ինչը, սակայն, օրենսդրի խնդիրն է» ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումի շրջանակներում ներկայացված հիմնավորումներն առավելապես խարսխված են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ)՝ «Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով (Magnitskiy and others v. Russia, Applications nos. 32631/09 and 53799/12, 27.08.2019, Final 27.11.2019) վճռի շրջանակներում ներկայացված դիրքորոշման վրա:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով ՄԻԵԴ-ը նշել է.

«- (§ 280) Արդար դատաքննության իրավունքի հիմնարար բաղադրատարրերից է քրեական վարույթի մրցակցային բնույթն ու մեղադրանքի և պաշտպանության կողմերի իրավահավասարությունը: ՄԻԵԴ-ը գտել է, որ արդար և անաչառ քրեական դատավարության համար վճռորոշ նշանակություն ունի, որ մեղադրյալն անձամբ ներկա գտնվի իր դատավարությանը (Kashlev v. Estonia, no. 22574/08, § 37, 26 April 2016; Lala v. the Netherlands, 22 September 1994, § 33, Series A no. 297 A; and Poitrimol v. France, 23 November 1993, § 35, Series A no. 277 A), և որ մեղադրյալի՝ դատական նիստերի դահլիճում ներկա լինելու իրավունքի ապահովումը՝ լինի դա նախնական դատավարության, թե վերաբացված վարույթի շրջանակներում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի էական պահանջներից մեկն է (Stoichkov v. Bulgaria, no. 9808/02, § 56, 24 March 2005): Չնայած այն ուղղակիորեն նշված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասում, սակայն հոդվածի ամբողջական առարկան և նպատակը ցույց են տալիս, որ «քրեական հանցագործության մեջ մեղադրվող» անձն իրավունք ունի մասնակցելու դատալսումներին (Hermi v. Italy [GC], no. 18114/02, § 59, ECHR 2006 XII): Մեղադրյալի բացակայությամբ անցկացված դատավարությունը վերսկսելը մերժելը՝ առանց որևէ արձանագրման, որ մեղադրյալը հրաժարվել է դատավարությանը ներկա գտնվելու իր իրավունքից, ճանաչվում է «արդարադատության աղաղակող մերժում», ինչը դատավարությունն ամբողջությամբ դարձնում է «ակնհայտորեն հակասող Կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթներին կամ դրանում մարմնավորված սկզբունքներին» (Sejdovic v. Italy [GC], no. 56581/00, § 84, ECHR 2006 II, and Stoichkov, cited above, §§ 54-58):

- (§ 281) Մահացածի դատավարությունն անխուսափելիորեն հակասում է վերոնշյալ սկզբունքներին, քանի որ այն իր բնույթով անհամատեղելի է կողմերի իրավահավասարության սկզբունքի և արդար դատաքննության բոլոր երաշխիքների հետ: Ավելին, ինքնին ակնհայտ է, որ անհնար է պատժել մահացած անձին, ուստի՝ այս առումով ևս քրեական արդարադատության գործընթացը խափանվում է: Մահացած անձի նկատմամբ նշանակված ցանկացած պատիժ կխախտի նրա արժանապատվությունը: Վերջապես, մահացած անձի նկատմամբ դատավարությունը հակասում է ինչպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակային նշանակությանը, այնպես էլ դրանում արտացոլված բարեխղճության (good faith) և արդյունավետության սկզբունքին:

- (§ 282) ՄԻԵԴ-ն ընդունել է, որ կարող է քրեական մեղադրանքի դատական քննության անհրաժեշտություն առաջանալ՝ նույնիսկ մահացած անձի նկատմամբ, մասնավորապես՝ ռեաբիլիտացիոն վարույթի դեպքում, որի նպատակն է անարդար դատապարտման շտկումը: Դատարանը վերահաստատել է երկրորդ և երրորդ դիմողների այն պնդումը, որ նրանք երբեք չեն համաձայնել պարոն Մագնիտսկու նկատմամբ քրեական գործի շարունակմանը, ուստի՝ այդ վարույթը շարունակելու՝ իշխանությունների որոշումը հակասել է Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին՝ ինչպես դրանք մեկնաբանվել են Սահմանադրական դատարանի թիվ 16-P որոշման մեջ (տե՛ս 167-րդ պարագրաֆը): Ճանաչելով Ռուսաստանի Սահմանադրական դատարանի կարևոր դերը՝ անձի մահից հետո քրեական վարույթների իրականացումը կանոնակարգելու գործում, ինչպես նաև նկատի ունենալով այն, որ Սահմանադրական դատարանը քրեական վարույթի շարունակության նպատակը պայմանավորել է ռեաբիլիտացիայի անհրաժեշտությամբ (տե՛ս 169-րդ պարագրաֆ), (…)՝ ՄԻԵԴ-ը գտել է, որ դատաքննությունը պետք է զերծ լինի ցանկացած ռիսկից, որը կարող է հանգեցնել մահացած անձի հետմահու դատապարտմանը, եթե նրա մեղավորությունը դատարանի կողմից չի հաստատվել վերջինիս կենդանության օրոք»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող կարգավորման ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու հիմնավորումները Բարձր դատարան ներկայացված դիմումով չեն ներկայացրել: Այս առումով Դիմողը սահմանափակվել է սոսկ ՄԻԵԴ-ի՝ հիշյալ գործով դիրքորոշումների վկայակոչմամբ՝ առանց հստակ հիմնավորելու այդ դիրքորոշումների համատեքստում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

21 փետրվարի 2025 թվականի

ՍԴԱՈ-25

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-25
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել