Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԻՊԱՐԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԻՊԱՐԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6718 դեկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 դեկտեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 67 | ԼԻՊԱՐԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 դեկտեմբերի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Լիպարիտ Հովհաննիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լիպարիտ Հովհաննիսյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի դեկտեմբերի 4-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս առանց տուժողի համաձայնության, քրեադատավարական օրենքի 12-րդ հոդվածի 10-րդ կետի կիրառմամբ կայացնելու մահացածի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում՝ դրանով իսկ տուժողի համար ստեղծելով Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորվող՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության հիմնարար իրավունքների իրացման «դատավարական փակուղի»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0501/11/23 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ քրեական դատավարությունում տուժողի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և արդար դատաքննության հիմնարար իրավունքները կարող են իրացված համարվել, եթե ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը տուժողի համար իրականացվում է «արդարության բոլոր պահանջների պահպանմամբ», ինչպես նաև այն դեպքում, երբ ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթի ընթացքում տուժողը չունի քրեադատավարական խոչընդոտ` հանցագործությամբ իրեն վնաս հասցված լինելու փաստի՝ եզրափակիչ դատական ակտով ամրագրվելու հնարավորությունն իրացնելու համար:

Դիմողը գտնում է, որ օրենսդրությունը, ինչպես նաև նախադեպային իրավունքը չեն փոխհատուցում մինչդատական վարույթի ընթացքում ենթադրյալ հանցանք կատարած անձի մահվան դեպքում քրեական հետապնդում հարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը շարունակելու հարցում տուժողի դիրքորոշումն անտեսելու պարագան՝ չսահմանելով բավարար երաշխիքներ՝ քրեական դատավարությունից դուրս քաղաքացիադատավարական եղանակներով հասնելու ենթադրյալ հանցագործությամբ իրեն պատճառված վնասի հատուցմանը:

Ըստ Դիմողի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը, չնախատեսելով ենթադրյալ հանցանք կատարած անձի կամ մեղադրյալի մահվան դեպքում քրեական վարույթը շարունակելու հարցի կապակցությամբ տուժողի դիրքորոշումը պարզելու պահանջի, ինչպես նաև նույն հոդվածի 10-րդ կետի կիրառման դեմ տուժողի անհամաձայնության դեպքում քրեական վարույթն ընդհանուր կարգով շարունակելու վերաբերյալ կարգավորումներ, չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության հիմնական իրավունքների բովանդակությանը:

Դիմողի պնդմամբ՝ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածում առկա՝ օրենքի վերոհիշյալ բացն առաջացնում է սահմանադրականության խնդիր, հետևաբար՝ ենթակա է Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ օրենքի վերոհիշյալ բացը տուժողին թույլ չի տալիս՝ քրեադատավարական պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում իրացնելու հանցագործությամբ իրեն վնաս հասցված լինելու փաստի՝ եզրափակիչ դատական ակտով ամրագրվելու հնարավորությունը՝ դրանով իսկ չապահովելով հանցագործությամբ կրած վնասի հատուցման իրավունքն իրավունքի պաշտպանության քաղաքացիադատավարական կանոններով իրացնելու հնարավորությունը, այդպիսի բացը չլրացնելով վերաբերելի որևէ այլ քրեադատավարական երաշխիքով»:

3. Դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է՝

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Լիպարիտ Հովհաննիսյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Ա. Վաղարշյան

Անդամներ՝ Հ. Հովակիմյան

Վ. Գրիգորյան

18 դեկտեմբերի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-67

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 դեկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-67
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել