«ՀԱՍՄԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԼԵՎՈՆԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 նոյեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 59 | «ՀԱՍՄԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԼԵՎՈՆԻ» ԱՁ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 20 նոյեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է․ Շաթիրյանի
Քննության առնելով «ՀԱՍՄԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԼԵՎՈՆԻ» ԱՁ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՀԱՍՄԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԼԵՎՈՆԻ» ԱՁ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Բարդի Պաղտասարյան, Միքայել Դանիելյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի նոյեմբերի 6-ին), խնդրել է հետևյալը.
«(...) Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և/կամ այլ հոդվածներին»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5128/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) ընդհանուր կանոններով քննվող գործերի դեպքում նախատեսվում է դատարանի՝ առանձին դատական ակտի տեսքով դատավարության մասնակցից ապացույցներ պահանջելու իրավասությունը, այնինչ գրավոր ընթացակարգով քննվող գործերի համար նախատեսված է ՀՀ վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին գրավոր պարզաբանում ուղարկելու պարտականությունը՝ դատարանի՝ գործը գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշումն ստանալուց հետո կատարման ենթակա գործողությունների, այդ թվում՝ ապացույցները՝ վարչական վարույթի բոլոր նյութերը ներկայացնելու, դրանց կատարման ժամկետների և դրանք չպահպանելու հետևանքների մասին (...)», որը, իր գնահատմամբ, ենթակա է որակման որպես գրավոր ընթացակարգով քննվող վիճարկման հայցերով վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու, անհրաժեշտ ապացույցները ձեռք բերելու համար անհրաժեշտ և բավարար գործողություն՝ անկախ այդ պարզաբանման հիման վրա վարչական մարմնի կողմից ապացույցները ներկայացված լինելու հանգամանքից՝ հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված սկզբունքի իրագործման բուն նպատակը, գործը գրավոր ընթացակարգով քննելու նպատակն ու Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության անօտարելի իրավունքները։
Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ վարչական դատարանի՝ դատավարության մասնակցին ապացույցների ներկայացման անհրաժեշտության և ժամկետի մասին անհրաժեշտ պարզաբանման ներկայացման պարտականությունը չի համարվում գրավոր ընթացակարգով քննվող գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցների ձեռքբերմանն ուղղված բավարար միջոց, բացառությամբ նույն հոդվածով սահմանված որոշ գործերի, որը հաստատվել է նաև իր գործով վերաքննիչ վարչական դատարանի և Վճռաբեկ դատարանի դատական ակտերով։ Հավելելով՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով սահմանված որոշ գործերից բացի այլ վարչական գործերով վիճարկման հայցերի հիման վրա հարուցված և գրավոր ընթացակարգով քննվող գործերի համար նույն հոդվածով սահմանված՝ ՀՀ վարչական դատարանի կողմից գործողությունների կատարումը չի համարվում նույնիսկ ապացույցների ձեռքբերմանն ուղղված բավարար գործողություն, որը, սակայն, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով սահմանված՝ արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության իրավունքներին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթով առկա չէ վարչական գործերի միջև այդպիսի տարբերակված մոտեցում ցուցաբերելու օբյեկտիվ և սահմանադրաչափ որևէ հիմք:
Ըստ Դիմողի՝ տվյալ դեպքում հաշվի առնելով վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումն առ այն, որ դրանով սահմանված պարզաբանման ներկայացումը գրավոր ընթացակարգով քննվող բոլոր վարչական գործերով ինքնին չի դիտարկվում որպես նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված պահանջի պատշաճ և ամբողջական կատարում, առաջացնում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի փաստացի իրավաչափ իրագործման և իրական նպատակների միջև հակասություն՝ առաջացնելով Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածով երաշխավորված՝ ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության հիմնական իրավունքների խախտում, քանի որ ներկա պահին գործող և իր նկատմամբ կիրառված կարգավորումներով ստացվում է այնպես, որ գրավոր ընթացակարգով վարչական գործը քննող վարչական դատարանը պարտավորվում է ոչ միայն ներկայացնել պարզաբանում վարչական մարմնին՝ ապացույցների ներկայացման անհրաժեշտության ու ժամկետի վերաբերյալ, այլև, այդպիսիք չներկայացվելու դեպքում, կրկին պահանջել այդ ապացույցները՝ գործելով հօգուտ վարչական մարմնի՝ ձգտելով ձեռք բերել և հիմնավորել վարչական ակտի ընդունումն այնպիսի ապացույցներով, որոնց ներկայացման ժամկետն ու որպես ապացույց ընդունման լիազորությունն արդեն սպառված են։
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասը չի համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին այնքանով, որքանով դրանով սահմանված չէ, որ դատարանի կողմից վիճարկվող դրույթով նախատեսված գործողությունները գրավոր ընթացակարգով քննվող բոլոր տեսակի վարչական գործերով կատարելը բավարար է նույն օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի շրջանակներում պահանջվող բոլոր գործողությունները կատարված համարելու համար։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է.
սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:
Մասնավորապես՝ թիվ ՎԴ/5128/05/23 վարչական գործի շրջանակներում վարչական դատարանը 2023 թվականի հուլիսի 6-ին կայացրել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին» որոշում, որով անհատ ձեռնարկատեր Հասմիկ Լևոնի Մնացականյանի (Դիմողի) հայցադիմումն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 17.05.2023 թ. թիվ 4232125 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունվել է վարույթ, և որոշվել է գործի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգով: Տվյալ գործի կապակցությամբ վարչական դատարանը 2023 թվականի նոյեմբերի 10-ի վճռով որոշել է.
«1. Անհատ ձեռնարկատեր Հասմիկ Մնացականյանի հայցը բավարարել. Անվավեր ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության 17.05.2023 թվականի թիվ 4232125 արձանագրությունը:
(...)»:
Վերոգրյալ վճռի դեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ վարչական դատարանը 2025 թվականի մարտի 7-ին որոշել է.
«1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վերաքննիչ բողոքը բավարարել։
2․ Թիվ ՎԴ/5128/05/23 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի վճիռը բեկանել և գործն ուղարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության։
(…)»:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերվել Դիմողի կողմից, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2025 թվականի հունիսի 25-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի 2025 թվականի հունիսի 25-ի որոշման հաշվառմամբ ստացվում է, որ վերաքննիչ վարչական դատարանի կողմից վարչական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 10-ի վճիռը բեկանվելու և գործը վարչական դատարան` ամբողջ ծավալով նոր քննության ուղարկվելու պայմաններում տվյալ գործը գտնվում է նոր քննության փուլում։ Ավելին՝ գործի նոր քննության փուլում՝ 2025 թվականի օգոստոսի 25-ին, վարչական դատարանը կայացրել է «Գործի նոր քննության վարույթ հարուցելու և գրավոր ընթացակարգ կիրառելու մասին» որոշում, և գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 2026 թվականի հոկտեմբերի 30-ը։ Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև՝ հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելուն։
Վերոշարադրյալի լույսի ներքո հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ սույն պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառած չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՀԱՍՄԻԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԼԵՎՈՆԻ» ԱՁ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
20 նոյեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-59
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-59
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
