ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 16 նոյեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 61 | ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
a
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
16 նոյեմբերի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Էդուարդ Մարտիրոսյանի և այլոց
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ .
1. Էդուարդ Մարտիրոսյանի և այլոց դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հոկտեմբերի 29-ին: Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած անհատական դիմումով խնդրել են.
«Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին» կոնվենցիայի պահանջների կատարման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից որևէ միջոց ձեռնարկված չլինելը,
ա. օրենսդրական որևէ փոփոխություն կատարված չլինելը,
բ. կոնվենցիայով սահմանված համապատասխան վճարումները կատարող երաշխիքային հաստատություններ ստեղծելու կամ համապատասխան ֆինանսավորումն ապահովելու կամ համապատասխան ֆինանսավորման աղբյուրները սահմանելու կամ երաշխիքային հաստատություններին ֆինանսավորող աղբյուրները սահմանելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը /ինչի արդյունքում դիմողները և այլ սնանկ ճանաչված բազմաթիվ կազմակերպությունների աշխատողներ զրկվել են նշված կոնվենցիայով երաշխավորված իրավունքից օգտվելու հնարավորությունից չստանալով կոնվենցիայով երաշխավորված վճարումները/:
գ. ապահովագրական կազմակերպությունների միջոցով «Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածում նշված պարտականությունների կատարումը չիրականացնելը/,
ինչպես նաև դրա արդյունքում /պատճառով/ ձևավորված իրավակիրառական պրակտիկան ճանաչել ՀՀ Սահմանադրության 11-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 3-րդ մասի, 4-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր»:
2. Իրենց դիրքորոշումը դիմողները փաստարկում են նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ միջոց չի ձեռնարկել Աշխատանքի միջազգային կազմակերպության «Գործատուի անվճարունակության դեպքում աշխատողների պահանջների պաշտպանության մասին» 1992 թվականի կոնվենցիայի պահանջների կատարման ուղղությամբ:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի բովանդակությունն իր արտացոլումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69- րդ հոդվածի 1-ին մասում, համաձայն որի «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»: Նշված նորմը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ամրագրված դրույթին և դրա հիմքում ընկած կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Ըստ այդմ դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական և իրավաբանական անձը.
ա) որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
բ) որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանների կողմից կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը,
գ) որի նկատմամբ օրենքի վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
դ) որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառված օրենքի դրույթն իր բովանդակությամբ, ներառյալ իրավակիրառ պրակտիկայում հաղորդած բովանդակությամբ, հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման,
ե) որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ընդ որում, 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նույն իրավական դիրքորոշումն արտահայտված է նաև «Սահմանադրական դատարանի մասին» 2006թ. հուլիսի 1-ի օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պայմանների առնչությամբ, որոնք իրենց բնույթով համաժեք են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմերին: Բացի դրանից, Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ: Ի իրացումն սահմանադրական այս դրույթի Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանված են Սահմանադրության 168-րդ հոդվածում: Դիմումի և սույն գործով դատական ակտերի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողները, ի խախտումն Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների, վիճարկում են ոչ թե դատական ակտով իրենց նկատմամբ կիրառված որևէ օրենք կամ դրա դրույթ, այլ Հայաստանի Հանրապետության կողմից իր միջազգային պարտավորությունների իրենց գնահատմամբ չկատարումը, որը դուրս է Սահմանադրության 168-րդ հոդվածում ամրագրված Սահմանադրական դատարանի լիազորությունների տիրույթից:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի, 168-րդ հոդվածի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Էդուարդ Մարտիրոսյանի և այլոց անհատական դիմումով գործի քննության դիմումը մերժել:
Նախագահող
Անդամներ
16 նոյեմբերի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-61
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 նոյեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-61
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
