Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1518 հուլիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 հուլիսի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 15 | ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 17 հուլիսի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա.Գյուլումյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Վարտգեզ Գասպարին (ներկայացուցիչներ փաստաբաններ Տիգրան Եգորյան և Դավիթ Գյուրջյան) 03.07.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.

• ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 29, 61, 63, 69, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով չի սահմանում դատարանի պարտականությունը դատական ակտը կողմին այն հրապարակելու օրը տրամադրելու պարտականությունը (դատական ակտի հասանելիությունը կողմին չի ապահովվում հրապարակման օրը),

• ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Վերաքննիչ բողոք բերվում են 1) առաջին ատյանի դատարանների գործն ըստ էության լուծող դատական ակտերը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում» դրույթը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 29, 61, 63, 69, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով այն, ընթացակարգային խնդիրներով պայմանավորված, հնարավորություն է նախատեսում նվազեցնել դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը,

• կամ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածը և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգավորումներին դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 29, 61, 63, 69, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին հակասող այնքանով, որքանով արդյունքում դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հնարավոր է նվազեցնել ընթացակարգային կանոնակարգումներով և խնդիրներով պայմանավորված,

• ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող և անվավեր:

2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.

ա) դիմողը, ներկայացնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իր փաստարկները, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտնում է, որ օրենսդրի կողմից այս կամ այն դատական ակտը բողոքարկելու համար սահմանված ժամկետները կոչված են երաշխավորելու արդար դատաքննության, իրավական որոշակիության և դրանց բաղադրիչ հանդիսացող այլ իրավունքներ և սկզբունքներ, ուստի այդ նյութական ժամկետները պետք է ապահովվեն անձանց համար իրավակիրառական պրակտիկայում և չսահմանափակվեն բազմաթիվ սուբյեկտիվ հանգամանքներով, որոնք կանխատեսելի, որոշակի ու կայուն չեն: Ըստ դիմողի` դատական ակտի բողոքարկման համար նախատեսված մեկամսյա ժամկետը որևէ այլ գործողության կատարման, առավել ևս` պետության կողմից իր պարտականության կատարման նպատակով նվազեցնելը, չի կարող կրել որևէ իրավաչափ նպատակ, նման կարգավորումը չի բխում իրավական որոշակիության սկզբունքից, անհրաժեշտ չէ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Դիմողի կարծիքով` նշյալ դրույթներն այնքանով, որքանով չեն ապահովում դատավճռի հանձնումը կողմին, հատկապես` ամբաստանյալին, դրա հրապարակման օրը, ինչպես նաև դրանց տրված այնպիսի մեկնաբանությունը, ըստ որի` անձի կամքից անկախ բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով վերականգնված է համարվում դատարանի կողմից դատավճիռը կողմին հանձնելու պարտականության կատարման համար նախատեսված ժամկետի հաշվանցմամբ, հակասում են իրավական որոշակիության, խտրականության արգելման սկզբունքներին, ինչպես նաև Սահմանադրությամբ ամրագրված` ամբաստանյալի կողմից իր նկատմամբ կայացված դատավճիռը բողոքարկելու իրավունքի բովանդակությանը,

բ) ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը նշում է, որ ՀՀ Սահմանադրությունը, ի տարբերություն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, չի նախատեսում կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման այնպիսի հիմք, ինչպիսին արդարադատության հեղինակությունն ու անաչառությունն է: Նշված համատեքստում, ըստ դիմողի` դատարանների, դատավորների, դատավարության մասնակիցների հեղինակության պաշտպանությունը պետք է տեղափոխել կա՛մ քաղաքացիաիրավական, կա՛մ վարչաիրավական դաշտ և դիտարկել մասնավոր անձի պատվի ու բարի համբավի պաշտպանության իրավունքի շրջանակներում:

3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց, որ առկա չեն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ`

• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

4. Դիմողը, պատճառաբանելով իր ծանր ֆինանսական վիճակը, պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 31-րդ հոդվածներով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի և 379-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Բավարարել Վարտգեզ Գասպարիի պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

17 հուլիսի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/1-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 հուլիսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել