ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-42)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 օգոստոսի 2024թ. ՍԴԴԿՈ - 42 | ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 օգոստոսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով Ռուբեն Վարդազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռուբեն Վարդազարյանը (այսուհետ՝ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի օգոստոսի 7-ին), խնդրել է հետևյալը.
«(…) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածը՝ այնքանով, որքանով չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշման արդյունքում նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով կրկին Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր, և որպես դրա հետևանք՝ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 64-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2022 թվականի հունիսի 23 ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ կիրառված Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը»:
2. Դիմողը, ներկայացնելով գործի դատավարական նախապատմությունը, նշում է, որ եթե անձի նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառվել է որոշակի նորմ, վերջինս դիմել է Սահմանադրական դատարան, բայց գործով ըստ էության որոշում չի կայացվել, ապա հետագայում, եթե Սահմանադրական դատարանը մեկ այլ գործով կայացնում է որոշում, որով պաշտպանում է նույնանման հանգամանքներում մեկ այլ անձի հիմնական իրավունք, ապա առաջին անձի հիմնական իրավունքը չպաշտպանելը հանգեցնում է անհավասար վերաբերմունքի:
Միաժամանակ Դիմողը նշում է, որ Սահմանադրական դատարանը 2024 թվականի մայիսի 21-ի ՍԴՈ-1729 որոշմամբ արձանագրել է, որ առանց դատավորի ներկայացուցչի նիստը շարունակելը խախտում է դատավորի լսված լինելու իրավունքը, իսկ գրեթե նույնանման մեկ այլ գործով դիմումն ընդհանրապես քննության չի առնում։ Ըստ Դիմողի՝ նման տարբերակված վերաբերմունքն անթույլատրելի է և պետք է վերացվի՝ հնարավորություն ընձեռելով վերջինիս կրկին դիմելու Սահմանադրական դատարան իր խախտված իրավունքը վերականգնելու համար։
Դիմողը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում նոր հանգամանքով Սահմանադրական դատարան կրկին դիմելու որևէ ընթացակարգ: Ըստ Դիմողի՝ նման կարգավորման անհրաժեշտությունը բխում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներից՝ ի համակցումն Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի:
Ամփոփելով վերոգրյալը՝ Դիմողը բարձրացնում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի և որպես դրա հետևանք՝ Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականության հարց։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
նախ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ թեև Դիմողն իր կողմից ներկայացված պահանջները տարանջատել է հիմնական և ածանցյալ պահանջների, այդուհանդերձ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում անդրադառնալ դիմումում ներկայացված պահանջներից յուրաքանչյուրին։
3.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի վերաբերյալ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Այսինքն՝ սահմանադրական արդարադատության բնագավառում, ի թիվս այլնի, գործում է կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության նպատակով տվյալ անձի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, որն իրացվում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան։
Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։
Նշված հիմքերն են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Հիշատակված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ (նշված դիրքորոշումն արտացոլված է նաև Սահմանադրական դատարանի 2022 թվականի ապրիլի 1-ի ՍԴԱՈ-64 աշխատակարգային որոշման մեջ)։
Սահմանադրականը դատարանը, 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ անդրադառնալով կոնկրետ սահմանադրական վերահսկողության ինստիտուտին, նշել է, որ անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության նպատակը Սահմանադրության դրույթների անմիջական գործողության երաշխավորումն է, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը։ Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը մասնավորապես բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա: Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը:
Սահմանադրական դատարանի դատական կազմն իր հերթին 2021 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴԴԿՈ-58 որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա իրականացվում է կոնկրետ վերահսկողություն, ինչը ենթադրում է, որ նորմատիվ ակտի սահմանադրականությունն առնչվում է դատաքննության առարկա դարձած այս կամ այն կոնկրետ գործին: Ի վերջո Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիման վրա իրականացվող կոնկրետ վերահսկողության ինստիտուտի՝ դիմողի համար վերջնական և հիմնական հետևանքը դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի՝ նոր հանգամանք ի հայտ գալու հիմքով վերանայումն է։
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանում կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությունն իր նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականության գնահատման միջոցով կարող է տեղի ունենալ բացառապես կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա հարուցված կոնկրետ գործի շրջանակում։ Այսինքն՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ ենթադրյալ սահմանադրականության վերաբերյալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված է կոնկրետ փաստական հանգամանքների հիման վրա հարուցված կոնկրետ գործով դատարանի կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարց։ Ավելին՝ դիմողն իր հերթին կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ իր հիմնավորումները պետք է փորձի կառուցել կոնկրետ գործով փաստական հանգամանքների հիման վրա։
Ի տարբերություն կոնկրետ սահմանադրական վերահսկողության՝ վերացական վերահսկողության պարագայում սահմանադրական արդարադատությունն իրականացվում է անորոշ հանգամանքներով պայմանավորված իրավահարաբերությունների նկատմամբ, որպիսի դեպքում ստուգվում է դիմողի կողմից վիճարկվող նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը` անկախ կոնկրետ դեպքում տվյալ նորմերի կիրառման հանգամանքի։
Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ Դիմողը, ըստ էության, բարձրացնում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի սահմանադրականության հարց, այնինչ՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրական լինելու առնչությամբ ներկայացված հիմնավորումները համատեղելի չեն սույն դիմումով քննության առարկա գործի փաստերի բովանդակային ծավալի հետ։ Մասնավորապես՝ Դիմողի կողմից բարձրացված հարցի վերաբերյալ հիմնավորումները ներկայացվել են սույն դիմումով քննության առարկա գործի փաստերից վերացարկված, որպիսի պարագայում վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության հարցը կարող է դառնալ ոչ թե կոնկրետ սահմանադրական վերահսկողության, այլ վերացական սահմանադրական վերահսկողության առարկա։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը դուրս է եկել Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրեն վերապահված՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի սահմաններից։
Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
3.2. Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Տվյալ դեպքում Դիմողի նկատմամբ վերջնական ակտը՝ Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշումն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 23-ին: Հետևաբար` Սահմանադրական դատարան դիմելու վեցամսյա ժամկետը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել 2022 թվականի հունիսի 23-ը, որպիսի պայմաններում էլ Դիմողի կողմից Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2022 թվականի դեկտեմբերի 26-ին, մինչդեռ սույն գործով դիմումն առձեռն եղանակով Սահմանադրական դատարան է ներկայացվել սույն թվականի օգոստոսի 7-ին։ Նման պայմաններում Դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է սույն գործի քննությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով մերժելու համար։
Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում արձանագրել, որ Դիմողը 2022 թվականի հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով բարձրացրել է Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի սահմանադրականության հարց, որպիսի դիմումով քննության ընդունված գործի վարույթը Սահմանադրական դատարանի 2023 թվականի փետրվարի 24-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշմամբ կարճվել է։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ռուբեն Վարդազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝
Ս. Սաֆարյան
Հ. Հովակիմյան
21 օգոստոսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-42
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 օգոստոսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-42
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
