ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 5 դեկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 35 | ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
5 դեկտեմբերի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Ֆ.Թոխյանի
Ա. Թունյանի
Ուսումնասիրելով Էլիզա Բայրամյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Էլիզա Բայրամյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածն այնքանով, որքանով նշված հոդվածով նախատեսված չէ իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ Դատական ակտի բողոքարկման իրավական կարգավորում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածն այնքանով, որքանով նշված հոդվածը չի պարունակում արգելող դրույթ «անձի ազատ տեղաշարժի» և «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու» իրավունքների չսահմանափակման վերաբերյալ հատուկ կարգավորում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր»:
Դիմողի կարծիքով վիճարկվող հոդվածով այնքանով, որքանով նախատեսված չէ իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ դատական ակտի բողոքարկման իրավական կարգավորում, հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ դիմողի` օրենսգրքում նման կարգավորում չնախատեսելն իրավական բաց է, որը խաթարում է անձի` դատական պաշտպանության իրավունքի իրացումը, զրկում դատարանի կայացրած որոշման իրավաչափությունն ստուգման ներկայացնելու իրավական հնարավորությունից:
Դիմողը նշում է, որ բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Մինչդեռ տվյալ դեպքում անձը զրկված է ստորադաս դատարանի առերևույթ ոչ իրավաչափ դատական ակտերի բողոքարկման հնարավորությունից:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող հոդվածն այնքանով, որքանով չի պարունակում արգելող դրույթ «անձի ազատ տեղաշարժի» և «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու» իրավունքների չսահմանափակման վերաբերյալ հատուկ կարգավորում, հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.
ա) խնդրո առարկա դիմումն ակնհայտ անհիմն է:
Դիմողի կողմից վիճարկվող հոդվածով սահմանվում է հայցի ապահովման միջոցները: Դիմողի փաստարկն առ այն, որ, մասնավորապես, «Օրենսգրքում նման կարգավորում չնախատեսելը իրավական բաց է, որի բացակայությունը խաթարում է անձի` դատական պաշտպանության իրավունքի իրացումը», ևս ցույց է տալիս, որ դիմողի առաջադրած խնդիրը պայմանավորված չէ նրա կողմից վիճարկվող հոդվածի ենթադրյալ հակասահմանադրականությամբ:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից Սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող հոդվածի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը,
բ) դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Դիմողի կողմից վիճարկվող հոդվածը նրա նկատմամբ կիրառվել է միջանկյալ դատական ակտերով: Միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնարավորությանը ՀՀ սահմանադրական դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում, մասնավորապես, 2010 թվականի նոյեմբերի 2-ի ՍԴՈ-922 որոշմամբ նշել է, որ օրենսդրի սահմանած իրավակարգավորումն առ այն, որ առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտերը կարող են վերաքննության կարգով բողոքարկվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում վերաբերում է ոչ թե միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությանն ընդհանրապես, այլ բողոքարկման կարգին: Այսինքն` օրենսդիրը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սահմանելով տվյալ միջանկյալ ակտի անմիջական բողոքարկման հնարավորություն` չի բացառում միջանկյալ դատական ակտերի բողոքարկելիությունը գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման շրջանակներում: ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-922 որոշմամբ ամրագրել է նաև, որ «... օրենսդիրը տարբերակում է միջանկյալ դատական ակտերի բողոքարկման երկու հիմնական կարգ, այն է` բողոքարկում գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման շրջանակներում` «հետաձգված բողոքարկում», և միջանկյալ դատական ակտի անմիջական բողոքարկում: Եթե վարույթի հետագա ընթացքը կասեցնող միջանկյալ դատական ակտի դեմ իրավական պաշտպանության միակ հնարավոր միջոցը դրա անմիջական բողոքարկումն է և ըստ այդմ օրենսդրից պահանջվում է նախատեսել տվյալ ակտի անմիջական բողոքարկման կարգ, ապա չկասեցված և շարունակվող վարույթի ընթացքում ընդունված միջանկյալ դատական ակտի բողոքարկման նշված երկու կարգերի միջև ընտրությունն օրենսդրի հայեցողության շրջանակում է»: Սույն գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ կայացված միջանկյալ ակտերը, համապատասխանաբար` հայցի ապահովման միջոց ձեռնարկելու և հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումները, գործի վարույթի հետագա ընթացքը չկասեցնող որոշումներ են, իսկ օրենսդիրը դրանց բողոքարկման անմիջական կարգ չի նախատեսել, հետևաբար` դրանք ոչ թե բողոքարկելիությունից զրկված ակտեր են և այդ առումով` նաև վերջնական, ինչը կարևոր պայման է կոնկրետ սահմանադրական վերահսկողության պարագայում, այլ գործն ըստ էության լուծող դատական ակտերի շրջանակում բողոքարկման ենթակա ակտեր: ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»:
ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում` նաև այն, որ դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Էլիզա Բայրամյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
5 դեկտեմբերի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-35
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 5 դեկտեմբերի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-35
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
