ԱՐՓԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-42)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 օգոստոսի 2022թ. ՍԴԴԿՈ - 42 | ԱՐՓԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 12 օգոստոսի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով Արփի Մկրտչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արփի Մկրտչյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հուլիսի 25-ին) խնդրելով. «ՀՀ ընտանեկան օրենսգրքի 89-րդ հոդվածի 4-րդ մասը, 95-րդ հոդվածի 2-րդ մասը և 99-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 23-րդ, 36-րդ, 37-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:
2. Դիմողը նշում է, որ պարզելով, որ թիվ ԵԴ/22423/02/18 քաղաքացիական գործով պատասխանողի աշխատավարձի չափը ավելացած է եղել, սակայն, պատասխանողը Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունը չի կատարել, 2018 թվականի հոկտեմբերի 17-ին հայցադիմում է ներկայացրել դատարան որպես 2000 թվականի դեկտեմբերի 10-ին ծնված իր դստեր համար ապրուստի միջոց չվճարված ալիմենտի բռնագանձման պահանջի մասին: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մայիսի 13-ի վճռով նշված հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառելի չէ: Դիմողի պնդմամբ` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ալիմենտ վճարելու պարտավոր անձի լրացուցիչ վաստակ և (կամ) այլ եկամուտ ունենալու մասին դատական ակտերի հարկադիր կատարողին և ալիմենտ ստացողին հաղորդելու պարտականությունը ենթադրում է նաև աշխատավարձի փոփոխության մասին հաղորդելու պարտականություն, իսկ այդ պարտականությունը չկատարելը խախտում է ալիմենտ ստացողի իրավունքները, որոնք ենթակա են դատական պաշտպանության: Ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունը չկատարելը, ըստ դիմողի, խախտում է երեխայի ալիմենտ ստանալու իրավունքը, որը, ելնելով երեխայի լավագույն շահերից, ենթակա է առաջնահերթ ուշադրության` որպես երեխայի արժանապատվության հարգման բաղկացուցիչ տարր: Դիմողը գտնում է, որ թիվ ԵԴ/22423/02/18 քաղաքացիական գործով դատարանների Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասին տված մեկնաբանությունները հակասում են Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված սահմանադրաիրավական կարգավորումներին, քանի որ այդպիսի մեկնաբանություններով` ծնողի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունը չի կարող հանդիսանալ Սահմանադրության 37-րդ հոդվածով ամրագրված` երեխայի հիմնական իրավունքների արդյունավետ կազմակերպական կառուցակարգի և/կամ ընթացակարգի բովանդակությունը կազմող` ծնողի պարտականության իրականացման օրենսդրական արդյունավետ միջոց: Ըստ դիմողի` ալիմենտ վճարելու պարտավորություն ունեցող ծնողի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտականությունը չկատարելը խախտում է նաև երեխայի Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով երաշխավորված սեփականության իրավունքը, քանի որ երեխայի լեգիտիմ այն ակնկալիքը, որ ծնողի վաստակի ավելանալու դեպքում ծնողը հայտնելու է այդ մասին և համապատասխանաբար ավելացված ալիմենտ է վճարելու, որպես իրավաչափ գույքային ակնկալիք, ենթակա է պաշտպանության նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված սահմանադրաիրավական կարգավորման ուժով:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի դատական կազմը դիմումի ուսումնասիրության արդյունքում հանգել է հետևության, որ դիմողի կողմից վիճարկվող իրավական նորմերին` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության հիմնավորումների առանցքում դրվել է իր երեխայի 2000 թվականի դեկտեմբերի 10-ին ծնված դստեր կողմից որպես ապրուստի միջոց ալիմենտ ստանալու իրավունքի խախտմանը հանգեցրած լինելու հանգամանքը։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումի հիմքում ընկած թիվ ԵԴ/22423/02/18 քաղաքացիական գործով փաստերը և նույն գործով վիճարկվող նորմերի հակասահմանադրական մեկնաբանությունը դիմողի ներկայացմամբ վերաբերում են սույն դիմումի ներկայացման պահին արդեն չափահաս այլ անձի 2000 թվականի դեկտեմբերի 10-ին ծնված դստեր, սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտմանը, մինչդեռ սույն դիմումը ներկայացված է դիմողի անունից, այլ ոչ վիճարկվող նորմերի կիրառման արդյունքում դիմողի կարծիքով իրավախախտման զոհ հանդիսացած դիմողի դստեր։ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի հիմնավորվածության պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Մինչդեռ, ինչպես վերը նշվեց, դիմողի կողմից չի ներկայացվել որևէ հիմնավորում առ այն, թե վիճարկվող իրավանորմերի հակասահմանադրականությունը, ներառյալ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, իր ո՞ր սահմանադրական իրավունքի խախտմանն է հանգեցրել։ Ուստի` պայմանավորված այն հանգամանքով, որ վերը նշված պահանջները սույն դիմումում պահպանված չեն, սույն դիմումը վերոնշյալ հիմնավորումներով համարվում է ակնհայտ անհիմն, իսկ դիմումի քննությունը ենթակա է մերժման նաև ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արփի Մկրտչյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա.Վաղարշյան
Անդամներ Է. Շաթիրյան
Վ. Գրիգորյան
12 օգոստոսի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-42
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 օգոստոսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-42
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
