ՄԱՐԱՏ ԵԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 31 մարտի 2025թ. ՍԴԴԿՈ - 17 | ՄԱՐԱՏ ԵԳՈՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 31 մարտի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Մարատ Եգորյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մարատ Եգորյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Հրանտ Անանյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի մարտի 20-ին, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) 18.04.2023 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի, 19-րդ հոդվածի, 75-րդ հոդվածին, 01.07.2022 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածին, 83-րդ հոդվածին, 196-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները և (կամ) օրենսդրական բացը ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին, 72, 73, 79 և 80-րդ հոդվածներին (դրույթներին) հակասող և մասնակի անվավեր վերոնշյալ իրավական փաստարկների լույսի ներքո»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0127/01/23 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն և Վճռաբեկ դատարանների կողմից վիճարկվող դրույթներին տրված գնահատականները՝ դատաիրավական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ և կիրառմամբ, հակասում են Սահմանադրության 2-րդ գլխով սահմանված և անմիջականորեն գործող՝ 63-րդ հոդվածի 1-ին մասին, 72-րդ, 73-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներով (դրույթներով) ամրագրված հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին:
Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում վիճարկվող դրույթներին դատական պրակտիկայում տրված այն մեկնաբանության առնչությամբ, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Նոր քրեական օրենսգիրք) հատուկ մասով նախատեսված կոնկրետ հանցատեսակի համար նախատեսվող սանկցիայի մեղմացումը չի կարող ավտոնոմ կիրառվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Նախկին քրեական օրենսգիրք) 75-րդ հոդվածով ամրագրված քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու վաղեմության ժամկետների ինստիտուտի համատեքստում: Այս առումով Դիմողը գտնում է, որ այն դեպքում, երբ սանկցիաները մեղմացել են, այդ թվում՝ մեղմացել են Նախկին քրեական օրենսգրքի հանցատեսակների դասակարգման չափանիշով և, օրինակ, ծանր հանցանքը դարձել է միջին ծանրության, ուստի՝ այդ նորմերը կիրառելի են համատեղ, հատկապես, որ հանցագործությունների դասակարգումը, ըստ էության, մնացել է նույնը, քանի որ թե՛ Նախկին քրեական օրենսգրքում, թե՛ Նոր քրեական օրենսգրքում, թե՛ Սահմանադրությամբ, թե՛ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով և թե՛ նշվածներից առանձին իրավական ակտերի եզրափակիչ դրույթներով նման վերապահումներ սահմանված չեն եղել և չկան:
Դիմողը նաև նշում է, որ այն դեպքում, երբ անձին վերագրվող արարքը ծանրից վերաորակվում է որպես միջին ծանրության հանցագործություն, ստացվում է, որ օրենսդրի տրամաբանությամբ տվյալ արարքի հանրային վտանգավորությունը նվազել է, հակառակ դեպքում՝ դրա դասակարգումը չէր փոփոխվի: Դիմողի պնդմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում կան բազում այլ նորմեր, որոնց նման բանաձևով կիրառումը բերել է իրավական կոլիզիաների և մարդկանց իրավունքների և ազատությունների անհամաչափ խախտումների:
Դիմողը, անդրադառնալով այն փաստարկին, որի համաձայն՝ արարքի կատարման պահին իրեն վերագրվել է ծանր հանցագործություն, իսկ Նոր քրեական օրենսգրքի կարգավորումների ուժով պատիժը մեղմացել է և վերագրվող արարքը վերաորակվել է որպես միջին ծանրության հանցագործություն, հետևաբար՝ արարքի կատարման պահին գործող՝ Նախկին քրեական օրենսգրքով միջին ծանրության հանցագործությունների համար նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետով հաշվարկումը իրավաչափ չէ, գտնում է, որ այն, ի թիվս այլնի, հակասում է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված և անմիջականորեն գործող 72-րդ հոդվածով նախատեսված հիմնարար իրավունքին:
Միաժամանակ, Դիմողը նշում է, որ տվյալ գործով իրավակիրառ պրակտիկան ձևավորվել է այն մեկնաբանության և թեզի հիման վրա, որ իր մեղադրանքն առանձնապես խոշոր չափի կաշառք տալուց վերաորակվել է խոշոր չափի կաշառք տալու՝ Նոր քրեական օրենսգրքի ընդհանուր մասով նախատեսված՝ կաշառք տալու խոշոր և առանձնապես խոշոր չափերի փոփոխության հիմքով, այսինքն` նշվածը քննարկման առարկա է դարձել Նոր քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դիմողի պնդմամբ՝ այս եզրահանգումը սխալ է այնքանով, որ իրեն մեղսագրվող արարքը ոչ թե ընդհանուր մասի դրույթներով «չափերի» շեմերի փոփոխման ուժով է ենթակա որակման` Նոր քրեական օրենսգրքի վերոնշյալ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այլ առհասարակ կաշառք տալու խոշոր և առանձնապես խոշոր չափերի բացակայության հիմքով՝ նույն հոդվածի 1-ին մասով:
Ամփոփելով՝ Դիմողը նշում է, որ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե չափերի փոփոխության հիմքով արարքի իրավական վերաորակմանը, այլ կաշառք տալու խոշոր և առանձնապես խոշոր չափերի վերացմամբ՝ մասնակի ապաքրեականացման հիմքով արարքի վերաորակմանը, այն է՝ նշված փոփոխությամբ վերացվել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու պատժելիությունը, հետևաբար՝ նման փոփոխության արդյունքում այն ենթակա է հետադարձությամբ կիրառման, և տվյալ պարագայում ամբողջությամբ կիրառելի էր Նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված կարգավորումը:
3. Ելնելով դիմումի և թիվ ՀԿԴ/0127/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Նախկին քրեական օրենսգրքի 12, 19 և 75-րդ հոդվածների, ինչպես նաև Նոր քրեական օրենսգրքի 9, 83 և 196-րդ հոդվածների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին (72, 73, 79 և 80-րդ հոդվածների հաշվառմամբ) համապատասխանությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Փաստորեն, Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՀԿԴ/0127/01/23 քրեական գործով դատական պրակտիկայում տրված այն մեկնաբանություններին, որ Նոր քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված կոնկրետ հանցատեսակի համար նախատեսվող սանկցիայի մեղմացումը չի կարող ավտոնոմ կիրառվել Նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով ամրագրված քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու վաղեմության ժամկետների ինստիտուտի համատեքստում:
Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերում են դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես` Դիմողը, վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չներկայացնելով, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում դատարանների գործողություններին և նրանց կողմից կայացված դատական ակտերին:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մարատ Եգորյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
31 մարտի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-17
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 մարտի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-17
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
