Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՄԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 417-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՄԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 417-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-8931 մայիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-89)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 մայիսի 2024թ. ՍԴԱՈ - 89 | «ԱՐՄԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 417-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՄԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 417-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմեն Աթանեսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը՝ ՊԱՐԶԵՑ.

1. Արմեն Աթանեսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 22-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այդ իրավադրույթի ընկալումն ու կիրառումը՝

(1) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած անձ չհանդիսացող պարտատիրոջը հնարավորություն է տալիս ներկայացնելու պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման բողոք,

(2) վերադաս դատական ատյանին հնարավորություն է տալիս վարույթ ընդունելու պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած անձ չհանդիսացող պարտատիրոջ կողմից ներկայացված՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման բողոքը,

(3) վերադաս դատական ատյանին հնարավորություն է տալիս նոր երևան եկած կամ նոր հանգամանքների առկայության հիմքով բեկանել պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը այնպիսի վերանայման բողոքի հիման վրա, որը ներկայացվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած անձ չհանդիսացող պարտատիրոջ կողմից»։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև` Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Օրենսգրքի՝ «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է.

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն»:

Օրենսգրքի 417-րդ հոդվածը որևէ փոփոխության կամ լրացման չի ենթարկվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը

2.1. Սնանկության դատարանը (այսուհետ նաև՝ Դատարան), քննելով թիվ ՍնԴ/1731/04/19 դատական գործն ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, 2019 թվականի նոյեմբերի 14-ին վճռել է.

«Դիմումը բավարարել. «Իմպերիալ Պալաս Հոթել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ճանաչել սնանկ (…)»:

Սույն վճռով Դատարանը փաստել է.

«Տվյալ դեպքում Դատարանը հաստատված է համարում, որ Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ ունի գրավոր գործարքի՝ 31.05.2019թ. կնքված փոխառության պայմանագրի վրա հիմնված 250.000 ԱՄՆ դոլարի պարտավորություն (…):

Դատարանն ապացուցված է համարում նաև այն, որ Ընկերության ունեցած վերը նշված պարտավորությունը կետանցված է 60 օրից ավելի ժամկետով, և այդ կետանցը շարունակվում է, քանի որ այդ պարտավորությունը մարելու վերաբերյալ որևէ ապացույց Դատարան չի ներկայացվել: Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ վճարային պարտավորություն ունենալու, այդ պարտավորության չափի և այն կետանցված լինելու վերաբերյալ որևէ առարկություն Դատարան չի ներկայացրել:

Այսպիսով, Դատարանն ապացուցված է համարում, որ Ընկերությունը Արմեն Աթանեսյանի նկատմամբ ունի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող, 60 օրից ավելի ժամկետով կետանցված անվիճելի վճարային պարտավորություն, որի կետանցը շարունակվում է:

Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված բոլոր անհրաժեշտ պայմանները՝ անձին սնանկ ճանաչելու համար, ուստի Ընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ Արմեն Աթանեսյանի դիմումը ենթակա է բավարարման»:

2.2. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործն ըստ հայցի` «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու, այն է` Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019թ. կնքված փոխառության պայմանագրի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերաբերյալ, 2021 թվականի սեպտեմբերի 1-ին վճռել է.

«1. Ըստ հայցի «Արարատբանկ» ԲԲ ընկերության ընդդեմ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության, Արմեն Աթանեսյանի, երրորդ անձ՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարիչ Արթուր Առուշանյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու, այն է` Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թվականին կնքված փոխառության պայմանագրի կեղծ լինելը հաստատելու պահանջի վերաբերյալ հայցը բավարարել:

2. Կիրառել կեղծ լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ և անվավեր ճանաչել Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի միջև 31.05.2019 թվականին կնքված փոխառության պայմանագիրը»:

Վերոնշյալ վճիռը բողոքարկվել է վերաքննության և վճռաբեկության կարգով, թողնվել է անփոփոխ և մտել օրինական ուժի մեջ:

2.3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, «Ֆլեշ» ՍՊ ընկերության կողմից նոր հանգամանքով ներկայացված՝ Դատարանի 14.11.2019թ. վճռի վերանայման բողոքը, 2023 թվականի հունվարի 5-ին որոշել է. «1. Թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի 14.11.2019 թվականի վճռի դեմ «Ֆլեշ» ՍՊԸ-ի ներկայացրած վերանայման բողոքը բավարարել. նշված վճիռը բեկանել և գործն ուղարկել նոր քննության»:

Սույն որոշմամբ վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է. «Տվյալ դեպքում վկայակոչելով Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը՝ բողոքաբերը որպես 14.11.2019 թվականի վճռի վերանայման համար նոր հանգամանք է դիտարկել այն փաստը, որ մեկ այլ՝ ԵԴ/8529/02/20 գործով, օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, այն հանգամանքը, որ վերանայվող դատական ակտի հիմքում դրված գործարքը եղել է կեղծ:

Վերաքննիչ դատարանը հիմնավորված է համարում նշված հիմքի առկայությունը.

Մասնավորապես՝ գործի նյութերով հիմնավորվել է, որ Ընկերության և Արմեն Աթանեսյանի միջև 31.05.2019 թվականին կնքված վերոնշյալ փոխառության պայմանագրի հիման վրա հաստատելով Ընկերությանը սնանկ ճանաչելու պայմանների առկայությունը՝ վերանայվող դատական ակտով ՀՀ սնանկության դատարանը 14.11.2019 թվականի վճռով Ընկերությանը ճանաչել է սնանկ:

Հետագայում այդ վճռի հիմքում ընկած փոխառության պայմանագիրը ԵԴ/8529/02/20 գործով կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (տե՛ս բողոքի քննության համար նշանակություն ունեցող 3-րդ փաստը) ճանաչվել է անվավեր, հետևաբար Վերաքննիչ դատարանի գնահատմամբ քննարկվող պարագայում առկա են Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ բոլոր պայմանները»:

2.4. Վճռաբեկ դատարանը, քննելով ըստ Արմեն Աթանեսյանի դիմումի՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.01.2023թ. որոշման դեմ Արմեն Աթանեսյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2023 թվականի սեպտեմբերի 20-ին որոշել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

3. Դիմողի դիրքորոշումները

3.1. Ներկայացնելով թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության և թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ըստ որի՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած անձ չհանդիսացող պարտատիրոջը հնարավորություն է տրվում ներկայացնելու պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման բողոք, հանգեցնում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած պարտատիրոջ սեփականության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման, քանի որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի բեկանման պարագայում պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած պարտատերը զրկվում է սնանկության ինստիտուտի միջոցով պարտապանի հանդեպ իր ունեցած պահանջները պատշաճ կարգով բավարարելու հնարավորությունից:

3.2. Դիմողը վերոգրյալ մոտեցումը հիմնավորում է, ի թիվս այլնի, այն պնդմամբ, ըստ որի՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված ենթադրյալ հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում քննարկման առարկա սնանկության գործով պարտապանի վճարային պարտավորությունների համար հաշվեգրվող տոկոսները, տույժերը և տուգանքները չեն համարվում դադարած և դրանց հաշվարկումը (հաշվեգրումը) շարունակվելու է մինչև պարտապանին կրկին սնանկ ճանաչելը, ինչը նշանակում է, որ բոլոր պարտատերերի հանդեպ պարտապանի վճարային պարտավորությունների չափն ինքնըստինքյան ավելանալու է, և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմած պարտատեր հանդիսացող Դիմողը կարող է զրկվել պարտապանի նկատմամբ իր ունեցած պահանջի ամբողջական և պատշաճ բավարարման հնարավորությունից:

3.3. Դիմողի գնահատմամբ՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած պարտատիրոջ սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է, որ սնանկության գործին մասնակցող այն պարտատերերը, ովքեր չեն ներկայացրել պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում և սնանկության գործին մասնակից են դարձել միայն հետագայում՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո՝ պարտապանի նկատմամբ իրենց ունեցած պահանջների գրանցման հիմքով, չունենան պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքերով վերանայման բողոք ներկայացնելու իրավունք:

3.4. Դիմողը գտնում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին, քանզի տրված մեկնաբանությամբ սույն դրույթի կիրառումն անհիմն կերպով զրկել է Դիմողին դատական կարգով սնանկության գործընթացի շրջանակում իր դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն իրացնելու հնարավորությունից:

3.5. Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տրված մեկնաբանությունը խնդրահարույց է նաև Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սահմանադրաիրավական պահանջի համատեքստում, քանի որ այն չի ապահովում սնանկության ինստիտուտի կանխատեսելիությունը Դիմողի համար այնքանով, որքանով Դիմողը ողջամտորեն ի վիճակի չի եղել կանխատեսելու իր կողմից ներկայացված և բավարարված սնանկության դիմումի հետևանքները:

Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Դիմողը խնդրում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր:

3.6. Դիմողը 2024 թվականի մարտի 12-ին Սահմանադրական դատարան է ներկայացրել խնդրո առարկա դիմումի կապակցությամբ Ազգային ժողովի կողմից ներկայացված բացատրության վերաբերյալ դիրքորոշում, որով անհիմն է համարում վիճարկվող դրույթի սահմանադրականության առնչությամբ Ազգային ժողովի կողմից ներկայացված փաստարկները:

Դիմողը, ի թիվս այլնի, հայտնում է, որ Ազգային ժողովն անտեսել է այն, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած անձ չհանդիսացող պարտատիրոջ համար պարտապանին սնանկ ճանաչելու մասին գործի՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով նորոգման ընթացակարգն իմաստազրկում է սնանկության դիմում ներկայացրած պարտատիրոջ համար սնանկության ինստիտուտի շրջանակներում իր դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքների իրացումը:

Դիմողը, վերոգրյալ դիրքորոշման շրջանակներում համաձայն լինելով Ազգային ժողովի այն տեսակետի հետ, ըստ որի՝ բոլոր պարտատերերն ունեն իրավահավասար մասնակցություն սնանկության գործընթացին, գտնում է, որ հիշյալ դիրքորոշման շրջանակներում Ազգային ժողովը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սնանկության գործընթացին բոլոր պարտատերերի իրավահավասար մասնակցությունն ապահովելու համար, առաջին հերթին, անհրաժեշտ է, որպեսզի սնանկության գործընթացն առկա լինի, մինչդեռ այն դեպքում, երբ սնանկության գործընթացը դադարում է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում չներկայացրած պարտատիրոջ կողմից նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի քննության արդյունքում, սնանկության գործընթացին մասնակցող պարտատերերը, այդ թվում նաև՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում չներկայացրած պարտատերը, չեն կարող սնանկության ինստիտուտի միջոցով իրականացնել իրենց սեփականության իրավունքի պաշտպանությունը:

3.7. Ի լրումն վերոգրյալի՝ Դիմողը չի կիսում Ազգային ժողովի այն մտահոգությունը, որ Դիմողի կողմից տրված մեկնաբանության համատեքստում իմաստազրկվում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման ինստիտուտը, ինչի կապակցությամբ հայտնում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում չներկայացրած պարտատիրոջը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի վերանայման բողոք ներկայացնելու իրավունքով օժտելու և այդ սուբյեկտի կողմից ներկայացված վերանայման բողոքի հիման վրա պարտապանի սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռը բեկանվելու դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացրած պարտատերը ողջամտորեն ի վիճակի չէ կանխատեսելու իր կողմից ներկայացված և բավարարված սնանկության դիմումի հետևանքները, ինչը, ըստ Դիմողի, անտեսվել է Ազգային ժողովի կողմից:

3.8. Դիմողը նաև հայտնում է, որ Ազգային ժողովն իր կողմից ներկայացված բացատրությամբ անտեսել է այն, որ սնանկ ճանաչելու մասին դիմում չներկայացրած պարտատիրոջը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի վերանայման բողոք ներկայացնելու իրավունքով օժտելու դեպքում պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացրած պարտատիրոջ համար առաջանում են այնպիսի անդառնալի հետևանքներ, որոնց առաջացումը կանխարգելելու համար անհրաժեշտ է դատական ակտի վերջնականության սկզբունքի լույսի ներքո սահմանափակել պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմում չներկայացրած պարտատիրոջ կողմից նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճռի վերանայման բողոք ներկայացնելու իրավունքը:

4. Պատասխանողի դիրքորոշումները

4.1. Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության և Օրենսգրքի վերաբերելի կարգավորումները, Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ օրենսդրի կողմից նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց ցանկում դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձանց ներառելն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու անձանց սահմանադրական իրավունքների միջև արդարացի հավասարակշռություն, ինչը, ըստ Պատասխանողի, վկայում է այն մասին, որ «(...) նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգման ընթացակարգի նախատեսումը ոչ միայն չի կարող հակասել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքին, այլ, ընդհակառակը, նշված իրավունքի իրացման լրացուցիչ միջոց է այն անձանց համար, ում օրինական շահերը շոշափող վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք կասկածի տակ են դնում կայացված վճռի օրինականությունն ու հիմնավորվածությունը»:

4.2. Անդրադառնալով Դիմողի այն պնդմանը, համաձայն որի՝ «(…) պարտատիրոջ հանդեպ պարտապանի ունեցած պարտավորության դադարման դեպքում՝ դրա հիմքը հանդիսացող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և այդպիսի դադարումը պետք է լինի վերջնական և որևէ կերպ ենթակա չլինի վերականգնման (…)», Պատասխանողը փաստում է, որ նման մոտեցումն իմաստազրկում է ոչ միայն նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտը, այլև խաթարում է սնանկության գործով բոլոր պարտատերերի իրավունքների իրացումը:

4.3. Պատասխանողը նաև գտնում է, որ օրենսդիրը, նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց ցանկում ներառելով դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձանց, նպատակ է հետապնդել ապահովել քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը, ինչպես նաև քաղաքացիաիրավական հարաբերությունների մյուս մասնակիցների (պարտատերերի) իրավունքների պաշտպանությունը, հետևաբար՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով գործի նորոգման ընթացակարգի նախատեսումը չի կարող մեկնաբանվել որպես այլ անձանց (տվյալ դեպքում՝ պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացրած պարտատիրոջ) սեփականության իրավունքի սահմանափակում նախատեսող իրավակարգավորում, քանի որ սնանկության ինստիտուտը նպատակադրված է ապահովել պարտատերերի և պարտապանի շահերի արդարացի, հավասարակշռված պաշտպանությունը:

4.4. Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը խնդրում է. ««Արմեն Աթանեսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

Դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ դիմումն ակնհայտ անհիմն է և դրանում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, ուստի սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրաիրավական վերոնշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես՝ նշված սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այդ պահանջներ են.

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

5.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանին ներկայացվող դիմումների հիմնավորվածության վերաբերյալ Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր՝ ձեռնպահ մնալով քաղաքական կամ ոչ իրավական բնույթի հարցադրումներից ու արտահայտություններից»:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշմամբ հայտնել է դիրքորոշում առ այն, որ «(...) Սահմանադրական դատարանը շեշտում է, որ դիմումը հիմնավորված համարելու համար անհրաժեշտ է, որ այն միաժամանակ համապատասխանի, ի թիվս այլնի, հետևյալ պահանջներին.

- հստակ պարունակի իրավակիրառ պրակտիկայի կողմից նորմին տրված մեկնաբանությունը, այսինքն՝ իրավակիրառի դատողության, վերլուծության, եզրահանգման այն հատվածը, որը, Դիմողի կարծիքով, հանդիսանում է վիճարկվող նորմի մեկնաբանություն,

- հիմնավոր փաստարկներ նախատեսի, որոնցով կմատնանշվի պատճառահետևանքային կապը` խախտված հիմնարար իրավունքի կամ ազատության և իրավակիրառ մեկնաբանության միջև, այսինքն՝ պարունակի հիմնավորումներ, թե իրավակիրառի մեկնաբանությունն ինչպես է ազդել հիմնարար իրավունքի կամ ազատության վրա և ինչպես է հանգեցրել դրա ոչ իրավաչափ սահմանափակման, խաթարման կամ այլ կերպ խախտման»:

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորվածության պահանջի պահպանման տեսանկյունից կարևոր է ոչ միայն այն, որ դիմումը հիմնավոր փաստարկներ նախատեսի, որոնցով կմատնանշվի պատճառահետևանքային կապը` ենթադրյալ խախտված հիմնարար իրավունքի կամ ազատության և իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նորմին տրված մեկնաբանության միջև, այլ նաև հիշատակված պատճառահետևանքային կապը կրի անմիջական բնույթ. այլ կերպ ասած՝ Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ կիրառվելու հետևանքով, Դիմողի համար առաջացած բացասական իրավական հետևանքների առկայությունը չի կարող հիմնավորվել միայն Դիմողի անուղղակի ենթադրությունների, կանխատեսումների կամ վերացական դատողությունների վրա հիմնված փաստարկների միջոցով:

Վերոշարադրյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից ակներև է, որ սույն դիմումով չի հիմնավորվում Դիմողի կողմից վիճարկվող՝ Օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքին և (կամ) ազատությանը: Մասնավորապես, խնդրո առարկա սնանկության վարույթի շրջանակներում Դիմողի՝ «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ի նկատմամբ ունեցած պահանջի հիմքում ընկած է Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության միջև 31.05.2019թ. կնքված և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու վճռի հիմքում դրված փոխառության պայմանագիրը, որը կեղծ լինելու հիմքով հանդիսանում է առոչինչ գործարք (նշված հանգամանքը հաստատվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 1-ին կայացրած թիվ ԵԴ/8529/02/20 ուժի մեջ մտած վճռով)։

Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը բավարար կերպով չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման փաստը՝ պայմանավորված վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ:

Դիմումի շրջանակներում Դիմողի կողմից չի հիմնավորվում նաև վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության և 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքների ենթադրյալ խախտման փաստը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խնդրո առարկայի մասով Դիմողը սահմանափակվել է լոկ իր՝ վկայակոչած հիմնական իրավունքների խախտման մասին հիշատակումներով՝ առանց հիմնավորելու նշված փաստարկները:

Այս համատեքստում Սահմանադրական դատարանը հայտնում է, որ սույն գործով Դիմողի կողմից վիճարկվող Օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը)՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության և 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքների լույսի ներքո դիտարկելիս, առանցքային նշանակություն ունի Դիմողի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման առկայությունը՝ ի պաշտպանություն որի կենսագործվում են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով սահմանված հիմնական իրավունքները, մինչդեռ ինչպես արդեն նշվեց, Դիմողի կողմից իր սեփականության իրավունքի ենթադրյալ խախտումը որևէ կերպ չի հիմնավորվում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 1-ին կայացրած թիվ ԵԴ/8529/02/20 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է Արմեն Աթանեսյանի և «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊ ընկերության միջև 31.05.2019թ. կնքված փոխառության պայմանագրի առոչինչ լինելը։

Վերոշարադրյալը վկայում է, որ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված՝ համապատասխանաբար սեփականության, դատական պաշտպանության, արդար դատաքննության հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և տվյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, իսկ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները հիմնված են բացառապես Դիմողի անուղղակի ենթադրությունների, կանխատեսումների կամ վերացական դատողությունների վրա:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն ամրագրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում, մինչդեռ, կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրությշան 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:

Անդրադառնալով նաև Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 79-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ դրա բովանդակությունից բխում է, որ այն ինքնուրույն քննարկման առարկա չի կարող դառնալ, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, որը սույն պարագայում տեղի չի ունեցել: Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Դիմողի որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 79-րդ հոդվածի հնարավոր խախտման համատեքստում:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ուստի՝ սույն գործի վարույթը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է կարճման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ հաշվի առնելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

5.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով Սահմանադրական դատարանը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ նման դիմումներով բարձրացված հարցերը չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ դուրս են վերջինիս իրավասության շրջանակից:

Քննարկվող համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը՝ ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ.

- «(...) Վերաքննիչ դատարանի 05.01.2023 թվականի որոշմամբ «Իմպերիալ Պալաս Հոթել» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը բեկանվել է և սնանկության գործն ուղարկվել է նոր քննության: (...) Վերաքննիչ դատարանի 05.01.2023 թվականի որոշման հետևանքով «Իմպերիալ Պալաս Հոթել» ՍՊԸ-ի վճարային պարտավորությունների համար հաշվեգրվող տոկոսները, տույժերը և տուգանքները չեն համարվելու դադարած և դրանց հաշվարկումը (հաշվեգրումը) շարունակվելու է (...):

(...) Եթե բոլոր պարտատերերի հանդեպ «Իմպերիալ Պալաս Հոթել» ՍՊԸ-ի վճարային պարտավորությունների չափը ավելանա, ապա վերջինիս սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմած պարտատերը՝ Արմեն Աթանեսյանը, կարող է զրկվել սնանկության ինստիտուտի միջոցով «Իմպերիալ Պալաս Հոթել» ՍՊԸ-ի նկատմամբ իր ունեցած պահանջի ամբողջական և պատշաճ բավարարման հնարավորությունից»:

- «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությամբ այդ իրավադրույթի կիրառումը պատրանքային և ոչ իրական է դարձրել սնանկության գործով Արմեն Աթանեսյանի դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքները: Վարույթ ընդունելով և բավարարելով Դատարանի 14.11.2019 թվականի վճիռը նոր հանգամանքով վերանայելու մասին այն բողոքը, որը ներկայացվել է պարտապանին (...) սնանկ ճանաչելու մասին դիմում չներկայացրած պարտատիրոջ՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի կողմից (ով սնանկության գործին մասնակից է դարձվել միայն հետագայում՝ պարտապանին սնանկ ճանաչելուց հետո վերջինիս նկատմամբ իր ունեցած պահանջի գրանցման հիմքով)՝ Վերաքննիչ դատարանը իմաստազրկել է սնանկության ինստիտուտի շրջանակում պարտատիրոջ համար սահմանված՝ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքները: (...)»:

- «(...) Վճռաբեկ դատարանը, մերժելով Արմեն Աթանեսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, համաձայնել է ստորադաս դատարանների կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տրված հակասահմանադրական մեկնաբանության հետ»:

Դիմողի դիրքորոշումների վերաբերյալ մեջբերումները, ինչպես նաև դիմումն ինքնին առավելապես վերաբերում են թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ՀՀ դատարանների, մասնավորապես՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհատական դիմումի շրջանակներում անթույլատրելի է սահմանադրական արդարադատությունը ծառայեցնել եռաստիճան դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգմամբ Դիմողի համար անբարենպաստ հետևանքները չեզոքացնելուն. նման պրակտիկան խեղաթյուրում է սույն ինստիտուտի հիմքում սահմանադրի դրած իմաստն ու բովանդակությունը՝ ձևախեղելով սահմանադրական արդարադատության բուն առաքելությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՍնԴ/1731/04/19 սնանկության գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը հայտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման նաև՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով՝ հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արմեն Աթանեսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

31 մայիսի 2024 թվականի

ՍԴԱՈ-89

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մայիսի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-89
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել