«ՋՈՒԼԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ» Ա/Ձ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հունվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 4 | «ՋՈՒԼԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ» Ա/Ձ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 հունվարի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ՝ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով «Ջուլիետա Խաչատրյան Վարազդատի» Ա/Ձ
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Ջուլիետա Խաչատրյան Վարազդատի» Ա/Ձ (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Սահակյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի դեկտեմբերի 29-ին, որով Դիմողը խնդրել է.
«Թիվ ՎԴ/5988/05/23 վարչական գործով
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20.02.2025 թվականի որոշմամբ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերին, ինչպես նաև 25-րդ և 27-րդ հոդվածների առաջին մասերին և 28-րդ հոդվածին տրված մեկնաբանությունները, այնքանով, որ չեն ապահովում դատարանների կողմից վարչական գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը և պատշաճ գնահատումը այն դեպքում, երբ արտադատական կամ դատական կարգով այդ ապացույցների վերաբերյալ հայցվորը դիրքորոշում չի հայտնել, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասին, 63-րդ հոդվածի առաջին մասին, 75-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/5988/05/23 վարչական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ ՀՀ վարչական դատարանը, չիրականացնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25, 27 և 28-րդ հոդվածներով սահմանված կարգով ապացույցների պատշաճ հետազոտում և գնահատում, իրավաչափ է ճանաչել վիճարկվող վարչական ակտի կայացումը՝ անտեսելով դրա կայացման հիմքում ընկած ապացույցների վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ չլինելու հանգամանքը։ Դիմողի պնդմամբ՝ ՀՀ վարչական դատարանը վերոնշյալ դատավարական խախտումների հետևանքով սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգավորումը, ինչի արդյունքում սխալ եզրահանգման է եկել նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից ստուգումը կասեցնելու հիմքերի առկայության պայմաններում թույլ տրված ընթացակարգային խախտման վերաբերյալ:
Դիմողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ վարչական դատարանի, ինչպես նաև ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 25 և 27-րդ հոդվածների 1-ին մասերով և 28-րդ հոդվածով սահմանված լիազորությունները և պարտականությունները, իրավաչափ է ճանաչել ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռն այն պայմաններում, երբ համապատասխան դեղերի՝ Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չունենալու հանգամանքի կապակցությամբ տրված և ստուգման ակտի կայացման հիմքում ընկած միակ ապացույցը հանդիսացող համապատասխան փորձագիտական եզրակացությունները տրված են եղել դրա իրավասությունը չունեցող սուբյեկտի կողմից:
Դիմողը գտնում է. «(…) վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող մեկնաբանություն տալու արդյունքում, դիմումատուն փաստացի զրկվել է օրենսդրությամբ սահմանված իր իրավունքների արդյունավետ իրացման հնարավորությունից: Արդյունքում խախտվել են դիմումատուի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքները, ինչպես նաև 75-րդ հոդվածով նախատեսված երաշխիքը»:
Դիմողը նշում է. «Փաստորեն վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու դատարանի լիազորությունը, դրան տվել է նեղ մեկնաբանություն՝ այն սահմանափակելով արտադատական կամ դատական կարգով հայցվորի կողմից ներկայացված դիրքորոշումներով: Այսինքն՝ վերաքննիչ դատարանի մեկնաբանությունից բխում է, որ դատարանը կաշկանդված է հայցվորի ներկայացրած դիրքորոշումներով և դրանց շրջանակից դուրս չի կարող ձեռնարկել համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, այնինչ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, ինչպես նաև վերջինիս կապակցությամբ առկա Վճռաբեկ դատարանի և ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ բովանդակությունն ունեն»:
Վերոնշյալը Դիմողի պնդմամբ՝ հանգեցրել է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նաև 25 և 27-րդ հոդվածների 1-ին մասերին, ինչպես նաև 28-րդ հոդվածին Սահմանադրությանը հակասող մեկնաբանություն տալուն:
Դիմողը նշում է նաև, որ սույն անհատական դիմումով վիճարկվող դրույթներին Վերաքննիչ վարչական դատարանի տված մեկնաբանությունն առաջացնում է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներով բացառված իրավական անորոշություն, քանի որ չի ապահովում ՀՀ դատարանների կողմից գործում եղած բոլոր ապացույցների անմիջական և պատշաճ գնահատումը՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության հարցերը պարզելու նպատակով:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության վերոհիշյալ դրույթն ամրագրվել է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 25 և 27-րդ հոդվածների 1-ին մասերի, ինչպես նաև 28-րդ հոդվածի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է հիշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողը, մասնավորապես, նշել է. «Դատարանը, չիրականացնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ և 28-րդ հոդվածներով սահմանված կարգով ապացույցների պատշաճ հետազոտում և գնահատում, իրավաչափ է ճանաչել վիճարկվող վարչական ակտի կայացումը՝ անտեսելով դրա կայացման հիմքում ընկած ապացույցների վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ չլինելու հանգամանքը։ Միաժամանակ վերոնշյալ դատավարական խախտումների հետևանքով սխալ է մեկնաբանել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգավորումը, ինչի արդյունքում եկել է սխալ եզրահանգման նաև տեսչական մարմնի կողմից ստուգումը կասեցնելու հիմքերի առկայության պայմաններում թույլ տված ընթացակարգային խախտման վերաբերյալ:
Վերաքննիչ դատարանն էլ, սխալ մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով, ինչպես նաև նույն օրենսգրքի 25-րդ և 27-րդ հոդվածների առաջին մասերով և 28-րդ հոդվածով սահմանված ՀՀ վարչական դատարանի, այդ թվում՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի լիազորությունները և պարտականությունները, իրավաչափ է ճանաչել դատարանի կողմից կայացված վճիռն այն պայմաններում, երբ քննարկվող դեղերի ՀՀ-ում պետական գրանցում չունենալու հանգամանքի կապակցությամբ և ստուգման ակտի կայացման հիմքում ընկած միակ ապացույց հանդիսացող փորձագիտական եզրակացությունները տրված են եղել դրա իրավասությունը չունեցող սուբյեկտի կողմից»:
Հաշվի առնելով Դիմողի վերոնշյալ, ինչպես նաև սույն անհատական դիմումի շրջանակում ներկայացված այլ դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/5988/05/23 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Դիմողը վիճարկվող դրույթների (հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների/կայացրած դատական ակտերի իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատում, այլ ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի (թիվ ՎԴ/5988/05/23 վարչական գործի շրջանակներում) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Ջուլիետա Խաչատրյան Վարազդատի» Ա/Ձ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Է. Շաթիրյան
Անդամներ՝
Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
14 հունվարի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հունվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-4
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
