«ՋՍՖ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-100)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հունիսի 2022թ. ՍԴԱՈ - 100 | «ՋՍՖ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՋՍՖ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 48-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՋՍՖ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի մայիսի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՋՍՖ» ՍՊԸ-ի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասին ներպետական դատարանների կողմից դատական պրակտիկայում տրված մեկնաբանությունը և կիրառելիությունը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, այնքանով, որքանով իրավասու վարչական մարմին դրույթը մեկնաբանելիս հաշվի չի առնվում նույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված վարչական մարմնի պարտականությունը»:
2. Ներկայացված դիմումով Դիմողը վիճարկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասին դատական պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը: Դիմողը նշում է, որ թիվ ՎԴ/4086/05/19 վարչական գործով և՛ վարչական դատարանի, և՛ վերաքննիչ վարչական դատարանի մեկնաբանություններից հետևում է, որ երբ դիմումը ներկայացվում է ոչ իրավասու վարչական մարմին, ապա դիմողը չի կարող սույն դիմումով վիճարկվող դրույթի ուժով ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, իսկ վարչական մարմնի անգործությունն էլ արդարացված է ու իրավաչափ: Դիմողը գտնում է, որ նման մեկնաբանությունը խաթարում է արդարադատության բուն էությունը և հակասում է Սահմանադրությանը, քանի որ այն, ըստ Դիմողի, չի բխում յուրաքանչյուրի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի ողջամիտ ժամկետում արդարացի քննության իրավունքից որպես 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված մարդու պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքի բաղադրատարր: Վկայակոչելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթները Դիմողը նշում է, որ նշված նորմերի բառացի մեկնաբանությունից հետևում է, որ եթե դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմին, ապա վարչական մարմինը կա՛մ պետք է դիմումը վերահասցեագրի իրավասու վարչական մարմին այդ մասին ծանուցելով դիմողին, կա՛մ պետք է դիմումը վերադարձնի դիմողին նշելով պատճառների մասին: Ըստ Դիմողի ձևավորվել է այնպիսի իրավական պրակտիկա, որ վարչական մարմինները չեն վերահասցեագրում իրենց իրավասությանը չվերապահված դիմումները, իսկ դատարաններն էլ անտեսում են նշված հանգամանքը: Դիմողի պնդմամբ վիճարկվող դրույթի ուժով վարչական ակտն ընդունված լինելու փաստի շուրջ վեճի դեպքում դատարանները պարտավոր են քննարկման առարկա դարձնել այն հարցը, թե արդյո՞ք վարչական մարմինները պահպանել են Դիմողի պատշաճ վարչարարության, այդ թվում լսված լինելու իրավունքը: Դիմողը նշում է, որ ձևավորված իրավական պրակտիկայի ուսումնասիրությունից հետևում է, որ դատարանները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասին տվել են այնպիսի մեկնաբանություն, որ անկախ նրանից, թե վարչական մարմինը կատարել է իր դիմումը վերահասցեագրելու և/կամ դիմողին վերադարձնելու պարտականությունը, թե ոչ, դիմողը չի կարող օգտվել վիճարկվող դրույթով ամրագրված իրավունքից: Նման նեղ մեկնաբանությունը, ըստ Դիմողի, անթույլատրելի է և հակասում է պատշաճ վարչարարության իրականացման սկզբունքին, բացի դրանից, արդարացնում է վարչական մարմինների անգործությունը, այնինչ Դիմողի դիտարկմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն վարչարարությունը պետք է ուղղված լինի Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակին, և դրան հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթի սույն գործով կայացված ակտերով տրված մեկնաբանությունը և կիրառելիությունը հակասում են Սահմանադրության 50-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ամրագրված պատշաճ վարչարարության իրավունքին, Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով և 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ամրագրված սեփականության իրավունքին:
3. Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա հիշյալ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է: Վերոնշյալ կարգավորումից բխում է, որ վիճարկվող նորմը նախատեսում է իրավասու վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի` օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հնարավորություն։ Այսինքն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական ակտի ընդունման` օրենքով սահմանված ժամկետը խախտվելու պարագայում հայցվող վարչական ակտը համարվում է ընդունված, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Վիճարկվող նորմով օրենսդրի կողմից սահմանված իրավաբանական ֆիկցիայի կիրառման միակ բացառությունը վարչական ակտի առոչնչությունն է, իսկ դրա կիրառման պարտադիր պայման է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը, ինչի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում համապատասխան վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից չի ընդունվել որևէ վարչական ակտ: Թիվ ՎԴ/4086/05/19 վարչական գործով վարչական դատարանը 2020 թվականի փետրվարի 18-ի վճռում նշել է. «(…) Պետական գույքի կառավարման կոմիտեին ուղղված հայցվորի դիմում-առաջարկի հիման վրա չի հարուցվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 60 և 60/2 հասցեներում գտնվող անշարժ գույքերի մասնավորեցմանն ուղղված վարչական վարույթ: Նշված դիմում-առաջարկը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա» կետում նշված դիմումը չէ, որի հիման վրա վարչական վարույթ է հարուցվում: Այն հայցվորի առաջարկն է Պետական գույքի կառավարման կոմիտեին, որպեսզի վերջինս իր հերթին ներկայացնի Կառավարությանը առաջարկ գույքի մասնավորեցման վերաբերյալ: Իսկ նման առաջարկով հանդես գալը Պետական գույքի կառավարման կոմիտեի հայեցողությունն է, վերջինս նման պարտադիր լիազորություն չունի, ըստ այդմ դատարանը չի կարող նման առաջարկով հանդես գալուն պարտադրել տվյալ մարմնին»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ վարչական դատարանի հիշյալ որոշումն անփոփոխ է թողնվել վերաքննիչ վարչական դատարանի 2021 թվականի մայիսի 25-ի որոշմամբ, իսկ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ մերժվել է վերաքննիչ վարչական դատարանի հիշյալ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը: Ուսումնասիրելով սույն վարչական գործով դատական ակտերը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վարչական և վերաքննիչ վարչական դատարանների կողմից դիմողի պահանջները մերժելու հիմքում դատարանները դրել են այն հանգամանքը, որ դիմողի կողմից տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ուղղված դիմում-առաջարկի հիման վրա չի հարուցվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 60 և 60/2 հասցեներում գտնվող անշարժ գույքերի մասնավորեցմանն ուղղված վարչական վարույթ վարչական դատարանի վերը մեջբերված պատճառաբանությամբ։ Մինչդեռ Դիմողի կողմից վիճարկվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասին ներպետական դատարանների կողմից դատական պրակտիկայում տրված, Դիմողի պնդմամբ, այն մեկնաբանությունը, որով «իրավասու վարչական մարմին» դրույթը մեկնաբանելիս հաշվի չի առնվում նույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված վարչական մարմնի պարտականությունը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի կողմից վիճարկվող և իր նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի բացասական արդյունքով կիրառման հիմքում դատարանների կողմից դրվել է վարչական վարույթի հարուցման համար անհրաժեշտ պատշաճ դիմումի բացակայության, այլ ոչ պատշաճ վարչարարության ընդհանուր պարտականության շրջանակում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված վարչական մարմնի պարտականության անտեսման հանգամանքը։ Այսինքն սույն դիմումը չի պարունակում հիմնավորումներ վիճարկվող իրավական դրույթի Դիմողի ներկայացրած հիմնավորումներով հակասահմանադրականության և իր Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված իրավունքի ենթադրյալ խախտման առնչության վերաբերյալ։ Հետևաբար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով սույն դիմումն ակնհայտ անհիմն է։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել, inter alia, ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ՋՍՖ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
7 հունիսի 2022 թվականի
ՍԴԱՈ-100
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հունիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-100
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
