Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱԿՈԲ ԻԲՐԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱԿՈԲ ԻԲՐԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-284 դեկտեմբերի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-28)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 4 դեկտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 28 | ՀԱԿՈԲ ԻԲՐԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

4 դեկտեմբերի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբª Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով Հակոբ Իբրանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Հակոբ Իբրանյանը 20.11.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 72- րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը հայցը դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1, 3, 10, 60, 63 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր»:

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմող Հակոբ Իբրանյանը դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է մասնակիորեն 44 քմ մակերեսով հողամասի մասով, անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի հունիսի 3-ի թիվ Վ-2105-Ա որոշումը և որպես հետևանք անվավեր ճանաչել Մարտին Դրամբյանի մասով սեփականության իրավունքի պետական գրանցումը` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել հայցադիմումը դատարան ներկայացնելու դատավարական ժամկետի բացթողման հանգամանքները և վերականգնել այն: ՀՀ վարչական դատարանը 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժել է: Դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.02.2017թ. որոշմամբ: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 17.05.2017թ. որոշմամբ:

3. Դիմողի` վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները հանգում են հետևյալին: Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանն այնքանով, որքանով սահմանված ժամկետից որևէ բացառություն չի սահմանվում սեփականության իրավունքի պաշտպանությանը վերաբերող պահանջների համար, միաժամանակ բացառում է դիմողի` վարչական վարույթի նյութերին ծանոթանալու իրավունքի իրացման հնարավորությունը: Դիմողի կարծիքով գրանցմանը վերաբերող վարչական ակտերը ՀՀ վարչական դատարանում ենթակա են բողոքարկման սահմանված ընդհանուր ժամկետում, որը նախատեսված է բոլոր վարչական ակտերի բողոքարկման համար, և այդ կապակցությամբ որևէ բացառություն օրենսդրությամբ նախատեսված չէ: Ընդ որում, երբեմն վարչական ակտի բողոքարկման կարիք է ունենում վարչական ակտի անմիջական հասցեատեր չհանդիսացած անձը, և նման դեպքերում օրենսդիրն ամբողջությամբ դատարանի հայեցողությանն է թողել դատավարական ժամկետների բացթողումը հարգելի համարելու հարցի լուծումը:

Դիմողը գտնում է, որ այն դեպքում, երբ հայցվորը վարչական մարմնի հասցեատերը չէ և վարչական ակտը նրա տիրապետության ներքո չէ, սեփականության իրավունքի պաշտպանությանը վերաբերող վեճերով բողոքարկման ժամկետի բացթողումը հարգելի համարելու խիստ հայեցողական իրավասության սահմանումը հանգեցնում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող արդարադատության մատչելիության սահմանափակմանը:

4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական դատարանը 2016 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժել է, արձանագրելով, որ «... ըստ հայցվորի կողմից ներկայացված փաստաթղթերի, մասնավորապես, ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների /սահմանափակումների/ վերաբերյալ» 2015 թվականի փետրվարի 11-ի թիվ ԱՍ- 09/02/2015-0020 տեղեկանքի, սույն հայցադիմումով վիճարկվող որոշման մասին հայցվորը տեղեկացել է վերը նշված 2015 թվականի փետրվարի 11-ի տեղեկանքով, որի մասին նշել է հենց ինքը` հայցվորը: Սակայն որոշման ձեռքբերման համար համապատասխան դիմում ներկայացրել է միայն 2016 թվականի մայիսի 10-ին: Սա նշանակում է, որ վիճարկվող որոշման մասին հայցվորը իմացել է առնվազն 2015 թվականի փետրվարի 11-ից, ինչի պարագայում բաց է թողել այն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում բողոքարկելու ժամկետը»: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր 2017 թվականի փետրվարի 13-ի որոշմամբ արձանագրել է, որ «... անձը վարչական դատարան կարող է վիճարկման հայց ներկայացնել միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի /դրանց պաշտոնատար անձի կողմից/ ընդունված միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջով: Ընդ որում, նշված պահանջով հայցը Դատարան ներկայացնելու համար սահմանված է երկամսյա ժամկետ, որի հաշվարկը սկսվում է վիճարկվող վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից: Միաժամանակ, օրենսդիրը սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները և այդ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է, Դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը:

... Այսպիսով, օրենսդիրը նախատեսել է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու կողմի հնարավորությունը: Դատարանը այն կարող է վերականգնել անձի կողմից դատավարական ժամկետը հարգելի պատճառով բաց թողնված լինելու կապակցությամբ: Նման դեպքերում անձը դատարանին պետք է ներկայացնի բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու վերաբերյալ իր միջնորդությունը, որի հիմնավորված լինելը գնահատելու արդյունքում դատարանը կարող է հարգելի համարել դատավարական ժամկետի բացթողումը և վերականգնել այդ ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու անձի իրավունքը: ... Նշված դրույթներից հետևում է, որ բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնելու ինստիտուտը նախատեսված է և հետևապես կիրառելի է միայն այն դեպքերի նկատմամբ, երբ դատավարական ժամկետը անձի կողմից բաց է թողնվել որևէ հարգելի պատճառով. առկա էին ինչ-որ անհաղթահարելի հանգամանքներ, որոնց հետևանքով անձը զրկված է եղել որոշակի դատավարական գործողություն կատարելու հնարավորությունից...:»: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների, ինչպես նաև բաց թողնված ժամկետները վերականգնելու ինստիտուտին վերաբերող օրենսդրական կանոնակարգումների համատեքստում ակնհայտ անհիմն են դիմողի փաստարկներն առ այն, որ «...ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրությանը այնքանով, որքանով սահմանված ժամկետից որևէ բացառություն չի սահմանվում սեփականության իրավունքի պաշտպանությանը վերաբերող պահանջների համար...»: Օրենսդիրը, ի դեմս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` դատավարական ժամկետները բաց թողնելը և վերականգնելը վերտառությամբ 54-րդ հոդվածի, նախատեսել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում` որպես սահմանված ժամկետից հետո սահմանված ժամկետով պայմանավորված դատավարական գործողությունների կատարման բացառիկ հնարավորություն:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը ... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...: Այս պահանջի լույսի ներքո սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք են:

Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է նաև, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` փորձելով այն ներկայացնել որպես խնդրո առարկա դրույթի հակասահմանադրականության տեսանկյունից: Մասնավորապես, գործով ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավարական ժամկետի բաց թողնված լինելը հարգելի համարելու համար դիմողի կողմից ներկայացված փաստարկները դատարանները բավարար չեն համարել մատնանշելով, որ «... վիճարկվող որոշման մասին հայցվորն իմացել է առնվազն 2015 թվականի փետրվարի 11-ից, ինչի պարագայում բաց է թողել այն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետում բողոքարկելու իրավունքը: ... Միաժամանակ հայցվորը չի վկայակոչել նաև որևէ փաստարկ /կից ապացույցներով/, որից կբխեր, որ հայցվորն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ստանալ վիճարկվող որոշումը...»:

Օրենսդիրը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու իրավունքը վերապահել է դատարանին: Դատարանը, քննելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, անդրադառնում է բաց թողնված ժամկետը հարգելի համարելու նպատակով հայցվորի ներկայացրած փաստերի հիմնավորվածությունը` գնահատելով դրանք, և հաջորդաբար ներկայացված փաստարկները հիմնավորված չհամարելով` մերժում է բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը կամ հակառակը: Հետևաբար, խնդրո առարկա գործի պարագայում դիմողի նկատմամբ առաջացած անբարենպաստ հետևանքը պայմանավորված է դատարանների կողմից նրա ներկայացրած փաստարկների գնահատման արդյունքում արված եզրահանգումներով, ինչը վկայում է այն մասին, որ դիմողն ընդամենը բարձրացնում է վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց: Ընդ որում, բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում, որը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի ուժով` վերաքննության կարգով ենթակա է բողոքարկման: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 աշխատակարգային որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով նույնպես առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հակոբ Իբրանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

4 դեկտեմբերի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/2-28

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
4 դեկտեմբերի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-28
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել