ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 փետրվարի 2021թ. ՍԴԴԿՈ - 10 | ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 փետրվարի 2021 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Ա. Թունյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Արսեն Չատիկյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արսեն Չատիկյանը (ներկայացուցիչ Ա. Հարությունյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի փետրվարի 9-ին) խնդրելով. «Նոտարիատի մասին» 04.12.2001 թվականի ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումը հակասում է Սահմանադրության 1-ին, 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. կոնվենցիայի 6-րդ հոդվածին, Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածին: Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողն արձանագրում է, որ Քաղաքացիական օրենսգրքի և «Նոտարիատի մասին» օրենքի մի շարք նորմերի բովանդակությունից հետևում է, որ ժառանգության զանգվածի մեջ կարող է մտնել միայն ժառանգության բացման պահին ժառանգատուին պատկանող գույքը, իսկ անշարժ գույքի դեպքում ժառանգատուի անվամբ պետական գրանցում ստացած գույքը: Ուստի, դիմողը փաստում է, որ ըստ կտակի կամ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տալիս նոտարը ստուգում է ժառանգության զանգվածի կազմը, և այն դեպքերում, երբ ժառանգության զանգվածի կազմը հստակ չէ կամ ներկայացված փաստաթղթերի համաձայն կտակում նշված գույքը ժառանգատուին անձնական սեփականության իրավունքով չի պատկանում, պարտավոր է մերժել ժառանգության իրավունքի վկայագիր տալը: Մինչդեռ, դիմողի գնահատմամբ «Նոտարիատի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը սպառիչ է թվարկում նոտարական գործողությունների կատարումը մերժելու հիմքերը և չի սահմանում նույն օրենքով նախատեսված այլ հիմքերով նոտարական գործողությունների կատարումը մերժելու հնարավորություն: Այսինքն նման բովանդակությամբ նորմի առկայության պայմաններում նոտարը, ըստ էության, զրկվում է «Նոտարիատի մասին» օրենքի առանձին նորմերով նախատեսված իր իրավունքներից և պարտականություններից բխող գործողություններ կատարելու հնարավորությունից, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է նոտարի կողմից օրենքի պահանջների և նոտարական գործողությունների կատարման համար դիմած անձանց իրավունքների խախտմանը: Իր դիրքորոշումը հիմնավորելու համար դիմողը նաև նշում է, որ վիճարկվող իրավակարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, ինչի արդյունքում ինքը չի կարողացել իրեն հասանելիք ժառանգությունը ստանալու համար կանխատեսել իր վարքագիծը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այսպես
ա) դիմողը բարձրացնում է իրավական անորոշության հարց, սակայն դիմումի հետագա տեքստում չի հիմնավորում, թե որն է այն,
բ) դիմողը վիճարկվող նորմի գործողությունը կապում է իր սեփականության իրավունքի խախտման հետ: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը արձանագրում է, որ դիմողը չի հիմնավորում իր սեփականության իրավունքի առկայությունը, և հնարավոր էլ չէ այն հիմնավորել, քանի որ դիմողն ունի թվացյալ իրավունքի առկայության վերաբերյալ համոզմունք: Գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ դատական ակտով հաստատվել է ժառանգական գույք հանդիսացող բնակելի տան ½ մասի նկատմամբ ժառանգատուի սեփականության իրավունքի առկայությունը: Ժառանգատուն կտակով իր զավակներից միայն մեկին է կտակել բնակելի տան իրեն պատկանող հատվածը մատնանշելով կոնկրետ մակերեսներ: Այդ հիմքով նոտարը մերժել է ժառանգության իրավունքի վկայականի տրամադրումը: Առաջին ատյանի դատարանը ժառանգատուի իրավունքի իրացումն ապահովելու անհրաժեշտության հիմնավորմամբ պարտավորեցրել է նոտարին տրամադրել ժառանգության իրավունքի վկայական ժառանգատուին պատկանող գույքի մասով: Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններից բխում է, որ բնակելի տան ժառանգատուին պատկանող մասը, հետևաբար ժառանգական գույքը չի կարող լինել բնակելի տան ½ մասից ավելի: Վճռաբեկ դատարանը վերահաստատել է առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները մատնանշելով, որ նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայականի տրամադրման մերժումը չի բխում «Նոտարիատի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված մերժման հիմքերից: Վճռաբեկ դատարանը մատնանշել է նաև կտակի առաջնայնությունը, որպիսի պայմաններում բացառվում է նույն գույքի նկատմամբ մյուս ժառանգի ըստ օրենքի ժառանգության իրավունքի առկայությունը, հետևաբար նաև տվյալ գույքի նկատմամբ մյուս ժառանգի սեփականության իրավունքի օրինական ակնկալիքը,
գ) դիմողն անուղղակիորեն բարձրացնում է նաև օրենքի բացի հարց, որը, ըստ նրա, այն է, որ «Նոտարիատի մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը ժառանգության իրավունքի վկայականի տրամադրումը մերժելու հիմքերի շարքում չի նախատեսել այնպիսի հիմքեր, ինչպիսիք են ժառանգության զանգվածի կազմի անհստակությունը կամ գույքի ժառանգատուին անձնական սեփականության իրավունքով չպատկանելը: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չէ ժառանգության կազմի որևէ անհստակություն, իսկ ժառանգական գույքի ժառանգատուին սեփականության իրավունքով պատկանելը դատարանների կողմից հաստատված փաստ է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արսեն Չատիկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյանի
Անդամներ Ա. Թունյանի
Ա. Վաղարշյանի
26 փետրվարի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-10
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
