Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԵՎՈՐԳ ՍԼՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԵՎՈՐԳ ՍԼՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-3012 նոյեմբերի, 2013 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-30)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 նոյեմբերի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 30 | ԳԵՎՈՐԳ ՍԼՈՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

12 նոյեմբերի 2013թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Վ. Հովհաննիսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Գևորգ Սլոյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Գևորգ Սլոյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 14.1, 32 և 39-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասը և 17-րդ հոդվածի 1-ին մասը»։

1. Դիմողը նշում է, որ «Հայաստանի Հանրապետությունում սահմանված է բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման երեք աստիճան բակալավր, մագիստրոս և դիպլոմավորված մասնագետ։ Ընդ որում, նշված երեք տեսակի որակավորման աստիճաններն էլ համարվում են բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճաններ, ավելին ... կարելի է եզրակացնել, որ մագիստրոսի որակավորումն ավելի բարձր որակավորման աստիճան է, քան բակալավրի որակավորման աստիճանը»։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող օրենքի դրույթները փաստաբանական դպրոցի ունկնդրի կարգավիճակ ձեռք բերելու համար նախատեսելով Հայաստանի Հանրապետությունում սահմանված բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման երեք աստիճաններից երկուսից մեկի (բակալավր կամ դիպլոմավորված մասնագետ) առկայության պահանջը, խտրական վերաբերմունք են սահմանում իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան ունեցող անձանց նկատմամբ, ինչը չունի որևէ օբյեկտիվ և ողջամիտ արդարացում և չի հետապնդում իրավաչափ նպատակ, ինչպես նաև օրենքով կիրառվող միջոցները համարժեք չեն հետապնդվող նպատակներին, դրանց միջև չկա համամասնության ողջամիտ հարաբերակցություն։

Վերլուծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռները և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները համանման խնդիրների առնչությամբ, դիմողը հանգում է այն եզրակացության, որ վիճարկվող նորմերում բացակայում է հետապնդվող նպատակի և կիրառվող միջոցների միջև կապը։

2. «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Փաստաբանական դպրոցի ունկնդիր կարող է լինել այն գործունակ ֆիզիկական անձը, որն ունի իրավաբանական կրթության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճան, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ»։

Նույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Փաստաբան է այն անձը, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում և ստացել է համապատասխան արտոնագիր փաստաբանական գործունեություն իրականացնելու համար»։

Չնայած օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել, սակայն նա գտնում է, որ ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վերը նշված նորմերը գտնվում են համակարգային կապի մեջ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն փաստաբանական դպրոցն ավարտած անձինք կարող են փաստաբանի արտոնագիր ունենալ։ Այդ իսկ պատճառով սահմանադրական վերահսկողության առավել արդյունավետ իրականացման տեսանկյունից խնդիր է առաջանում քննության առնել նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, քանի որ այդ հոդվածում կրկնվում է որակավորման նույն աստիճաններն ունենալու պահանջը փաստաբան համարվելու համար»։

Դատական կազմը գտնում է, որ դիմողը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով իրավասու չէ դիմելու սահմանադրական դատարան, քանի որ վերոնշյալ դրույթն իր նկատմամբ չի կիրառվել, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի (այդ թվում գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառված օրենքի դրույթի) բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Ինչ վերաբերում է դիմողի այն առաջարկին, թե «սահմանադրական վերահսկողության առավել արդյունավետ իրականացման տեսանկյունից խնդիր է առաջանում քննության առնել նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը», ապա դատական կազմը նշում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 9- րդ մասի համաձայն միայն սահմանադրական դատարանն է իրավասու նորմատիվ ակտի սահմանադրականությունը որոշելիս պարզել նաև այդ ակտի վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված տվյալ ակտի այլ դրույթների սահմանադրականությունը։

Հետևաբար, դիմումը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով ենթակա է մերժման։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, դատական կազմը գտնում է, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու հիմքեր, քանի որ

դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասով, 32-րդ հոդվածի 2-րդ կետով, 69-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ՀՀ սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Քաղաքացի Գևորգ Սլոյանի անհատական դիմումով գործը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով մերժել։

2. Քաղաքացի Գևորգ Սլոյանի անհատական դիմումով գործը «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 45.6-րդ հոդվածի 1-ին մասով ընդունել քննության։

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

12 նոյեմբերի 2013 թվականի

ՍԴԴԿՈ/1-30

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 նոյեմբերի, 2013 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-30
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել