ՌՈՄԱՆ ԿԱՆԴԻԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 62 | ՌՈՄԱՆ ԿԱՆԴԻԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 դեկտեմբերի 2023 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ս. Սաֆարյանի
Քննության առնելով Ռոման Կանդիլյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռոման Կանդիլյանը (այսուհետ Դիմող), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 12-ին), խնդրել է հետևյալը. «Սահմանադրության 27, 61 և 63 հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի խափանման միջոց կիրառելու/խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավունք չունեցող դատախազի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում մեղադրյալի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը օրենքով սահմանված կարգով է։ Կամ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 27, 61 և 63 հոդվածներին համապատասխանող ճանաչել այն մեկնաբանությամբ, որ օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկվելը նշանակում է ազատությունից զրկվել իրավասու և պատշաճ սուբյեկտի կողմից ներկայացված միջնորդության քննության հիման վրա օրենքով սահմանված կարգով։ Սահմանադրության 27, 61 և 63 հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին տրված մեկնաբանությունը, համաձայն որի առաջին անգամ գործը դատարան հանձնելիս քրեական հետապնդման ժամկետների հաշվարկը դադարում է։ Կամ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը Սահմանադրության 27, 61 և 63 հոդվածներին համապատասխանող ճանաչել այն մեկնաբանությամբ, համաձայն որի դատարանի կողմից «քրեական գործը հսկող դատախազին վերադարձնելու մասին» որոշման կայացմամբ քրեական վարույթը/գործը վերադառնում է մինչդատական վարույթի փուլ և հանրային քրեական հետապնդման ժամկետները շարունակում են հոսել»։
2. Դիմողը նշում է, որ օրենսդիրը, նախատեսելով մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելուն ուղղված խափանման միջոցի կալանքի ժամկետը երկարաձգելու կարգն ու պայմանները, ամրագրել է, որ խափանման միջոց կիրառելու/ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն ներկայացնելու իրավասությունը պատկանում է քննիչին այդ կերպ ապահովելով Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված միայն օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկվելու երաշխիքներից մեկը։ Ուստի` Դիմողը գտնում է, որ դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասին փաստացի տրված մեկնաբանությունն առ այն, որ դատախազը խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելու լիիրավ սուբյեկտ է, հակասում է բացառապես օրենքով սահմանված կարգով ազատությունից զրկվելու Սահմանադրության 27-րդ հոդվածին, որի հետևանքով, ըստ Դիմողի, խախտվել է իր ինչպես անձնական ազատության, այնպես էլ արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքները։ Միաժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի առնչությամբ Դիմողը նշում է, որ դատարանների կողմից նշված դրույթին տրված մեկնաբանությունը, այն է «առաջին անգամ գործը դատարան հանձնելիս հանրային քրեական հետապնդման ժամկետները դադարում են հոսել», առերևույթ վկայում է, որ քրեական վարույթը/գործը հետ չի վերադարձել մինչդատական վարույթի փուլ, հանրային քրեական հետապնդման ժամկետները չեն շարունակել հոսել, և որ դատախազը լուծել է դատական քննության փուլում գտնվող առանցքային հարցերից մեկը դիմողի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցը։ Այլ կերպ ասած դատարանների կողմից տրված մեկնաբանությունն առ այն, որ առաջին անգամ դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելով` մինչդատական վարույթում քրեական հետապնդման ժամկետները դադարում են հոսել, ըստ էության, մեղադրյալներին զրկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգային մոտեցումներից բխող երաշխիքներից, մասնավորապես ցանկացած մեղադրյալ ունի ողջամիտ ակնկալիք առ այն, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետի լրանալուց հետո, իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի ուժով։ Ըստ Դիմողի վիճարկվող նորմին տրված մեկնաբանության պայմաններում ստացվում է իրավիճակ, երբ մեղադրյալի նկատմամբ քննվող գործը թևակոխել է դատական քննության փուլ, սակայն տվյալ գործով առանցքային նշանակության հարցերը լուծվում են դատախազի կամ այլ նախագահող դատավորի միանձնյա հայեցողության պայմաններում, ինչն ուղիղ միջամտություն է գործն ըստ էության քննող դատարանի նկատմամբ։ Դիմողը գտնում է, որ այդպիսի վերսկսված մինչդատական վարույթի պայմաններում հանրային քրեական հետապնդման առավելագույն թույլատրելի ժամկետների հոսքի հաշվարկը պետք է վերսկսվի. հակառակ մոտեցումը խնդրահարույց է ներդրված ինստիտուտի նպատակային նշանակության ապահովման տեսանկյունից, քանի որ կարող է «սողանցք» հանդիսանալ մինչդատական վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեական հետապնդման առավելագույն ժամկետների պահպանումից խուսափելու համար։ Հակառակ մոտեցման պարագայում մինչդատական վարույթում ցանկացած գործով քրեական հետապնդման ժամկետներն ավարտին մոտենալուն պես վարույթն իրականացնող մարմինը չի դրսևորի շտապողականություն, ձևականորեն վարույթի նյութերը մեկ անգամ կուղարկի դատարան, ապա դատարանից հետ ստանալուն պես կրկին առանց շտապողականություն դրսևորելու կշարունակի մնացած մասով մինչդատական վարույթը, իսկ նման մոտեցումն ուղիղ հակադրության մեջ կգտնվի քրեադատավարական օրենսդրության նոր հայեցակարգի, քրեական հետապնդման ժամկետների որպես ինստիտուտի էության և մեղադրյալին տրված թե՛ դատավարական, և թե՛ սահմանադրական երաշխիքների հետ։ Վերոնշյալից ելնելով Դիմողը գտնում է, որ գործն ըստ էության քննության փուլում գտնվելու պայմաններում որևէ այլ դատախազ իրավունք չունի քննարկելու մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու/երկարաձգելու հարց։ Դիմողի կարծիքով վիճարկվող նորմը Սահմանադրությանը համահունչ է այն մեկնաբանությամբ, որ դատարանի կողմից «քրեական գործը հսկող դատախազին վերադարձնելու մասին» որոշման կայացմամբ քրեական վարույթը/գործը վերադառնում է մինչդատական փուլ, և հանրային քրեական հետապնդման ժամկետները շարունակվում են հոսել։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ
1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է
ա) Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակից,
բ) Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառվել են օրենքի դրույթները,
գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Ռոման Կանդիլյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 285-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
26 դեկտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-62
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-62
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
