Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԱՈՒՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԱՈՒՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-109 մարտի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 մարտի 2015թ. ՍԴԴԿՈ/1 - 10 | ԼԱՈՒՐԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

9 մարտի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Լաուրա Մկրտչյանի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Լաուրա Մկրտչյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2015 թվականի փետրվարի 24-ին)` խնդրելով. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, 158-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը և 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18, 19, 20 և 42-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Ըստ դիմողի` վիճարկվող դրույթների առկայության պայմաններում նա զրկված է հանցագործությամբ իրեն վնաս պատճառելու հետևանքները վերացնելու համար վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունքից, քանի որ առկա է օրենքով նախատեսված իրական արգելք, որը խոչընդոտում է դատարանի մատչելիությունը:

Ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

1) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի առնչությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թվականի մարտի 3-ի ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1- ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը, ինչը, որպես գործի քննությունը մերժելու հիմք, ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով,

2) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանի 2015 թվականի մարտի 3-ի ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ՍԴՈ-1192 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակներում, ինչը, որպես գործի քննությունը մերժելու հիմք, ամրագրված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով,

3) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի և 160- րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի առնչությամբ.

խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված հիմնավորումներ, ինչպես նաև դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը. դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականության հարցը` ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման` §...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ¦:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով §Սահմանադրական դատարանի մասին¦ ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7- րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Լաուրա Մկրտչյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

9 մարտի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/1-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 մարտի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել