ԳԱԳԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 դեկտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 25 | ԳԱԳԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 12 դեկտեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Գյուլումյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Թունյանի
Ուսումնասիրելով Գագիկ Գասպարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Գագիկ Գասպարյանը 2017թ. նոյեմբերի 10-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան: Թերությունները շտկելուց հետո դիմողի ներկայացրած թվով երկրորդ դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2017 թվականի նոյեմբերի 22-ին: Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասին և 31-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններին հակասող և անվավեր ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ և երրորդ պարբերությունները, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը և 3-րդ մասը»: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները, հակասելով ՀՀ Սահմանադրության 8 և 31-րդ հոդվածների դրույթներին, սահմանափակում են անձի կենսաթոշակն ստանալու իրավունքը, սահմանափակում են կենսաթոշակը` որպես սեփականություն տիրապետելու, տնօրինելու իրավազորությունները և սահմանում են պայմաններ, որոնց բացթողման դեպքում չկա որևէ մեխանիզմ թեկուզ դատական կարգով բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու համար: Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթները կենսաթոշակի գումարն ստանալու համար նախատեսում են սահմանափակումներ, այն է` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել, կամ կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել և այլն: Դիմողի կարծիքով` նման ժամկետների կամ այլ վավերապայմանների նախատեսումն օբյեկտիվորեն անհնարին է դարձնում անձի կողմից` սահմանադրորեն ամրագրված իրավունքի իրացման հնարավորությունը:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ա/ ՀՀ սահմանադրական դատարանը 2012 թվականի դեկտեմբերի 14-ի ՍԴՈ-1061 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանակում: Հետևաբար, այս դրույթի մասով առկա է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք, բ/ ՀՀ վարչական դատարանը 2016 թվականի մարտի 15-ի վճռում արձանագրել է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության հիմքով հայցվորի հավակնությունները կարող են վերաբերել 18.11.2013թ.-18.11.2014թ. ժամանակահատվածին, և այդ պահանջը կարող էր բավարարվել, եթե նշված ժամանակահատվածում կենսաթոշակառուի` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված չլիներ: Մինչդեռ հայցվորի պահանջը վերաբերում է 2011թ. ապրիլ 2012թ. փետրվար ամիսների կենսաթոշակին, ինչը դուրս է այն ժամանակահատվածից, որի ընթացքում կենսաթոշակառուին չվճարված կենսաթոշակի նկատմամբ հայցվորը կարող էր հավակնություն ներկայացնել օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության հիմքով: Խնդրո առարկա դրույթի վերաբերյալ դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են, քանի որ դիմողի պահանջն ուղղված է եղել մի ժամանակահատվածի, որի ընթացքում չվճարված կենսաթոշակը վերահաշվարկելու և վճարելու վերաբերյալ Ասյա Գասպարյանը բազմիցս դիմել է Արմավիրի սոցիալական ապահովության բաժին, սակայն տարբեր պատճառաբանություններով մերժվել է: Ավելին, 2013 թվականի սեպտեմբերից նրան նշանակվել և վճարվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակ, որից հետո Ասյա Գասպարյանի դիմումի հիման վրա փոխվել է կենսաթոշակի տեսակը և նրան նշանակվել և մինչև մահվան ամիսը ներառյալ վճարվել է աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակ: Այսինքն, օրենսդիրը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության ուժով, անձին իրավունք է վերապահել կենդանության օրոք դիմել և պահանջել չվճարված կենսաթոշակը, իսկ նրա մահվանից հետո մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար նախատեսել է համապատասխանաբար մեկ տարվա ժամկետ այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Ընդ որում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է այն սուբյեկտներին, ովքեր «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերության հիմքով կարող են ստանալ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը: Հետևաբար, դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները ոչ թե պայմանավորված են այն հանգամանքով, թե ինչու է օրենսդիրը կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար նախատեսել համապատասխանաբար մեկ տարվա ժամկետ, այլ այն պատճառով, որ դիմողի պահանջը վերաբերել է 2011թ. ապրիլ 2012թ. փետրվար ամիսների կենսաթոշակին, ինչը դուրս է այն ժամանակահատվածից` 18.11.2013թ.-18.11.2014թ., որի ընթացքում կենսաթոշակառուին չվճարված կենսաթոշակի նկատմամբ հայցվորը կարող էր հավակնություն ներկայացնել խնդրո առարկա դրույթի հիմքով: Ավելին, եթե անգամ դիմողի պահանջն ուղղված լիներ այն ժամանակահատվածին, որի ընթացքում կենսաթոշակառուին չվճարված կենսաթոշակի նկատմամբ դիմողը կարող էր հավակնություն ներկայացնել խնդրո առարկա դրույթի հիմքով, կրկին դիմողի պահանջը չէր բավարարվի, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում Ասյա Գասպարյանին չվճարված կենսաթոշակի գումարներ առկա չեն եղել: Այսինքն, դիմողը չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը ... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է, գ/ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Այդ պայմաններից է այն, որ դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի վիճարկվող դրույթը, ընդ որում կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով: Դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը չեն կիրառվել դիմողի նկատմամբ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Գագիկ Գասպարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
12 դեկտեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/1-25
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 դեկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-25
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
