ՎԱՍԱԿ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 հունվարի 2025թ. ՍԴԴԿՈ - 4 | ՎԱՍԱԿ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 20 հունվարի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով Վասակ Գազանճյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վասակ Գազանճյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Անդրանիկ Մանուկյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 8-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«Սահմանադրության 75-րդ հոդվածով հռչակված իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս հիմնական իրավունքի իրացման բովանդակությունը ձևավորել օրենքի անալոգիայի կիրառմամբ՝ հաշվի չառնելով այն փաստը, որ այն օրենքը, որին վերագրվում է կոնկրետ հասարակական հարաբերությունը չկարգավորելը, այդ հասարակական հարաբերությունը չէր կարող կարգավորել, հետևաբար՝ այդ հասարակական հարաբերության՝ հիշյալ օրենքով չկարգավորվածությունը չէր կարող հանդիսանալ հիմք՝ օրենքի անալոգիա կիրառելու համար»։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/1241/01/22 (ՀԿԴ/0163/01/22) քրեական վարույթի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) պատշաճ ընդդատությունն անձի արդար դատաքննության իրավունքի բովանդակային անբաժանելի բաղադրիչն է, հետևաբար՝ վերաբերելի առումով հանդիսանում է անձի իրավունքների ու ազատությունների իրացման ապահովվածության բովանդակությունը կազմող պարտադիր ցուցիչ»։
Ըստ Դիմողի՝ «(...) ՀՀ քրեական օրենսգրքի, քրեադատավարական օրենքի և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերոհիշյալ իրավադրույթների հետազոտումից ակնհայտ է դառնում այն, որ հիշյալ օրենքներից յուրաքանչյուրն ունի մեկը մյուսին չկրկնող, այլ խոսքով՝ իր կարգավորման առանձին առարկան, հետևաբար՝ այդ առարկայի շրջանակներում է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը, քրեադատավարական օրենքը և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն անորոշ թվով անձանց համար վարքագծի պարտադիր կանոններ են սահմանում»:
Դիմողը փաստում է, որ «(...) ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորման առարկան՝ մի կողմից, և քրեադատավարական օրենքի ու «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորման առարկաները՝ մյուս կողմից, երբեք համընկնել չեն կարող, հետևաբար՝ քրեական օրենքում առկա ենթադրյալ բացը չի կարող փոխհատուցվել քրեադատավարական օրենքի ու «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորման առարկաների գործադրմամբ կամ կիրառմամբ»։
Ըստ Դիմողի՝ «(...) քրեական օրենքը չի սահմանում և չի կարող սահմանել, թե այդ օրենքով նախատեսված հանցավոր արարքներից որը որ դատարանին է ընդդատյա, այդ թվում՝ քրեական օրենքը չի սահմանում և չի կարող սահմանել, թե որևէ հանցակազմով նախատեսված արարքն իբրև կոռուպցիոն բնույթի հանցագործություն այլևս չհամարվելու դեպքում արդյոք հիշյալ հանցակազմով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ մեղադրվող անձի գործը շարունակում է քննել նույն դատարանը, թե նշված քրեական գործով վարույթը պետք է փոխանցվի՝ ըստ ընդդատության»։
Դիմողը գտնում է, որ «(…) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը չի համապատասխանում Սահմանադրության 75-րդ հոդվածով հռչակված իրավունքի բովանդակությանն՝ այնքանով, որքանով թույլ է տալիս հիմնական իրավունքի իրացման բովանդակությունը ձևավորել օրենքի անալոգիայի կիրառմամբ՝ հաշվի չառնելով այն փաստը, որ այն օրենքը, որին վերագրվում է կոնկրետ հասարակական հարաբերությունը չկարգավորելը, այդ հասարակական հարաբերությունը չէր կարող կարգավորել, հետևաբար՝ այդ հասարակական հարաբերության՝ հիշյալ օրենքով չկարգավորվածությունը չէր կարող հանդիսանալ հիմք՝ օրենքի անալոգիա կիրառելու համար, իսկ օրենքի անալոգիայի՝ վերոհիշյալ բովանդակությամբ կիրառումը քրեական արդարադատության ընթացքում Սահմանադրության 75-րդ հոդվածին համահունչ չի ապահովում, որպեսզի օրենքի անալոգիայի կիրառումը չհանգեցնի անձի արդար դատաքննության հիմնարար իրավունքի խախտմանը»։
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության 63-րդ և 75-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի հակասությունը Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ:
Միաժամանակ անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75-րդ հոդվածին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ տվյալ հոդվածի բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում այն ինքնին չի կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող է դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի հակասությունը Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքին, հետևաբար նաև՝ Սահմանադրության 75-րդ հոդվածին։
Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վասակ Գազանճյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Վ. Գրիգորյան
Դ. Խաչատուրյան
20 հունվարի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 հունվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-4
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
