ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 սեպտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 21 | ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
19 սեպտեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ ` Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով Աշոտ Զաքարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Աշոտ Զաքարյանը 31.08.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և 234 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող, այնքանով, որ չեն նախատեսում նույն դատական գործով ստորադաս դատարանների կողմից միևնույն իրավական նորմի երկու տարբեր մեկնաբանությամբ կիրառված լինելու և միևնույն ժամանակ, դրանք երկուսն էլ անփոփոխ թողնված դատական ակտում արտացոլված լինելու փաստը ևս օրենքի միատեսակ կիրառելության հարցի առկայությունը հիմնավոր համարելու համար, 2. բացահայտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.2 հոդվածի 2-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունը և այդ համատեքստում գնահատական տալ իրավանորմը դիմումատուի նկատմամբ իրավաչափ մեկնաբանությամբ կիրառված լինելու հարցին»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը «Արփա Էներգիա» ՍՊԸ-ի ընդդեմ Աշոտ Զաքարյանի թիվ ԱՎԴ/2754/02/16 քաղաքացիական գործով 2016թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է հայցը մասնակիորեն բավարարելու վերաբերյալ վճիռ, որը բողոքարկվել է վերաքննության կարգով: 2017թ. մարտի 30-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացրել է որոշում դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու մասին: ՀՀ վճռաբեկ դատարանը 2017թ. հուլիսի 26-ի որոշմամբ մերժել է թիվ ԱՎԴ/2754/02/16 քաղաքացիական գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը:
3. Ըստ դիմողի` առաջին ատյանի դատարանի վճռի դեմ Վերաքննիչ դատարան ներկայացրած բողոքով վճիռը կայացվել է դատավարական և այլ խախտումներով: Դիմողը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն ընդունել է, որ առաջին ատյանի դատարանը չի կիրառել կիրառման ենթակա գործի առանձնահատկություններին բնորոշ օրենսդրական նորմեր, սակայն, այնուամենայնիվ, գտել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չեն տրվել դատավարական իրավունքի նորմի խախտումներ, որոնք հիմք կհանդիսանան դատական ակտը բեկանելու համար, և կայացրել է առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին որոշում այլ պատճառաբանություններով, ուշադրությունից դուրս թողնելով այն փաստը, որ առաջին ատյանի դատարան ներկայացրած պատասխանը ներառել է հայցային վաղեմության կիրառման հիմնավորմամբ հայցադիմումը մերժելու դիմում, որի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ տվյալ քաղաքացիական գործով դատարանի հաստատած պարտավորության կատարման ժամկետ նախատեսված չէ, ուստի հայցային վաղեմություն կիրառել հնարավոր չէ:
Դիմողի կարծիքով` պարտավորության կատարման ժամկետի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը և Վերաքննիչ դատարանը կատարել են տարբեր եզրահանգումներ, որոնք հակասում են միմյանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335 և 337-րդ հոդվածների կիրառման մասով, և դրանով իսկ խաթարում դատական ակտի օրինականության և հիմնավորվածության բոլոր չափանիշները: Դիմողը նաև գտնում է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 234 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի և 233 հոդվածի 2- րդ մասի դրույթները ձևակերպված չեն որոշակի, միատեսակ մատչելի ու բավարար ճշտությամբ, չեն բխում քաղաքացիական դատավարության մասին օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից, հնարավորություն չեն տալիս անձին դրանց համապատասխանեցնել իր վարքագիծը և դատական կարգով արդյունավետ պաշտպանել իր սահմանադրական իրավունքները»:
Դիմողը հղում է կատարում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումների, և, ներկայացնելով վիճարկվող դրույթների իր նկատմամբ առաջացրած բացասական իրավական հետևանքների առկայությունը, մասնավորապես, եզրահանգում է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 234 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերը... չեն սահմանել նույն գործով ստորադաս դատարանների կողմից օրինական ուժի մեջ թողնված դատական ակտերում միևնույն իրավանորմի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները նույնպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապայման հանդիսանալու դեպքը, իսկ 234.2 հոդվածի 2-րդ մասը, թեև չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, սակայն առկա է «պետք է լինի պատճառաբանված» և «պետք է հիմնավորի» եզրույթների սահմանադրաիրավական բովանդակության պարզաբանման անհրաժեշտություն…»:
4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման: 4.1. Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմումն ակնհայտ անհիմն է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2- րդ մասի 1-ին կետի և 234-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մասով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել հիմնավորումներ, թե ինչու պետք է դիտարկվող դրույթները, որպես վճռաբեկ բողոքի հիմք, նախատեսեն նաև նույն գործով ստորադաս դատարանների կողմից օրինական ուժի մեջ թողնված դատական ակտերում միևնույն իրավանորմի վերաբերյալ տարբեր մեկնաբանությունները, թե այդպիսի իրավակարգավորման բացակայությունն իր որ սահմանադրական իրավունքն է սահմանափակում կամ որն է այդպիսի իրավակարգավորման բացակայության և իր կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտման միջև պատճառահետևանքային կապը: Ավելին, դիմողի գործով գոյություն չունի «ստորադաս դատարանների» երկու ակտ, այլ առկա է ստորադաս դատարանի մեկ ակտ, այսինքն` դիմողը կոնկրետ վերահսկողության շրջանակներում բարձրացնում է սահմանադրական վերացական վերահսկողության ենթակա հարց, որպիսի պարագայում առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի կողմից բարձրացված օրենսդրական բացի և նրա որևէ կոնկրետ սահմանադրական իրավունքի ենթադրյալ խախտման միջև:
Վերոշարադրյալի համատեքստում դիմողի ներկայացրած փաստարկներն ակնհայտ անհիմն են, քանի որ առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի խախտված իրավունքների և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև, հետևաբար, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7- րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-839 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողն իրականում բարձրացնում է դատական ակտերի իրավաչափության հարց:
ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով: Հետևաբար, այս առումով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք:
4.2. Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմողը «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.2 հոդվածի 2-րդ մասի» առումով բարձրացնում է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարց, ինչը հանդիսանում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք: Ասվածի մասին է վկայում դիմողի այն փաստարկը, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2 հոդվածի 2-րդ մասը» չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, սակայն, առկա է «պետք է լինի պատճառաբանված» և «պետք է հիմնավորի» եզրույթների սահմանադրաիրավական բովանդակության պարզաբանման անհրաժեշտություն: Այսինքն, դիմողը չվիճարկելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.2 հոդվածի 2-րդ մասի» սահմանադրականությունը, Սահմանադրական դատարանին խնդրում է մեկնաբանել օրենսգրքի «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.2 հոդվածի 2-րդ մասում» առկա «պետք է լինի պատճառաբանված» և «պետք է հիմնավորի» եզրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը, ինչը Սահմանադրական դատարանի լիազորություններից դուրս է. Սահմանադրական դատարանը սահմանադրականության հարցի քննության շրջանակներից դուրս իրավանորմի մեկնաբանության առանձին լիազորություն չունի, և այս կամ այն նորմը մեկնաբանում է միայն տվյալ նորմի վիճարկման, դրա սահմանադրականության գնահատման շրջանակներում:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Աշոտ Զաքարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
19 սեպտեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 սեպտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
